Բաժիններ՝

Կառավարությունը ՀԾԿՀ-ին ցույց չի տվել գազի գնի նվազեցման աղբյուրը

«Ուսումնասիրություններն ավարտել ենք, իրավական դաշտում մեր մոտեցումները ներկայացրել ենք կառավարությանը, բայց դեռևս լուծված չի ֆինանսավորման աղբյուրը, թե ինչի հաշվին մենք պետք է նվազեցնենք սոցիալապես անապահով խավերի սակագները, որպեսզի մյուս սպառողների համար լրացուցիչ բեռ չդառնա»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ է արվել գազի գնի  նվազեցման վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարականի կապակցությամբ:

Ըստ նրա` կառավարությունը դեռևս չի մատնանշել ֆինանսավորման աղբյուրը: 168.am-ի հարցին, թե հանձնաժողովը կառավարությանը որքա՞ն է առաջարկել նվազեցնել գազի սակագինը, Ռ.Նազարյանը պատասխանեց.

«Որքան աղբյուրի մեծությունը կլինի, այդքան էլ կիջեցնենք: Եթե դեռևս չունենք, չգիտենք ինչ գումարի մասին է խոսքը, զրոյական վիճակ է այսօր, ինչի՞ մասին խոսենք»:

Ռոբերտ Նազարյանը նշեց, որ իր ենթադրությամբ՝ Ռուսաստանից մատակարարվող գազի սակագինը պետք է նվազի սահմանին:

Մեր հարցին, թե «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի այցից հետո ի՞նչ արդյունք կա, նվազելո՞ւ է սահմանին գազի գինը, ՀԾԿՀ նախագահը պատասխանեց, որ Միլլերի այցից որևէ տեղեկություն չունի:

Իսկ մեր հարցին` հնարավորություն տեսնո՞ւմ է, որ սահմանին իջնի գինը, Ռ.Նազարյանը նշեց, որ այդ մասին չի կարող ասել, որովհետև բանակցային կողմ չէ:

Հիշեցնենք, որ գազի էժանացումը կվերաբերի սոցիալապես անապահով մոտ 120 հազար ընտանիքների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս