Սիրիայում ավիահարվածից զոհվել է 22 երեխա և 6 ուսուցիչ․ ՅՈՒՆԻՍԵՖ
Սիրիայի հյուսիսում ավիահարվածի հետևանքով սպանվել է 22 երեխա և 6 ուսուցիչ, հայտնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։
Ռմբակոծությունից տուժել է Իդլիբ նահանգում ապստամբների վերահսկողության տակ գտնվող գյուղը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Սիրիական իշխանությունների տեղեկություններով՝ այդ շրջանում հարված է հասցվել ահաբեկիչներին։
«Դա ողբերգություն է։ Դա բռնություն է։ Ու եթե հարվածը հասցվել է նպատակաուղղված, դա ռազմական հանցագործություն է»,- ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում։
Նրա խոսքով՝ դա կարող է դառնալ ամենաարյունալի հարձակումը դպրոցի վրա Սիրիայի պատերազմի ողջ ընթացքում։