Բաժիններ՝

«Սոսո Պավլիաշվիլիի համերգը Բաքվում կկայանա»․ ադրբեջանցի կազմակերպիչը մանրամասներ է պատմել

ԶԼՄ-ներում չի մարում աղմուկը, որն առաջացրել էր ադրբեջանցի կինոգործիչ, Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ռամիզ Ֆաթալիևի արտահայտությունները, որը կոչ էր արել հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլիին հրաժարվել Բաքվում կայանալիք բարեգործական համերգից և չգնալ Ադրբեջան, գրում է Life-ը։

Ադրբեջանական ԶԼՄ-ները օրերս հրապարակել էին 70-ամյա Ֆաթալիևի նամակը, որտեղ վերջինս հայտարարել է, թե Պավլիաշվիլին, որը առաջիններից մեկն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ համերգներով այցելել Հայաստան, իրավունք չունի ելույթ ունենալ Բաքվում։

Երգիչը Life-ի հետ զրույցում հայտարարել էր, որ իր համերգները չեն կրում քաղաքական բնույթ, իսկ հայ ժողովրդի հետ հարաբերությունները ոչ մի հակամարտություն չի կարող փչացնել։

«Ես խաղաղության մարդ եմ։ Ես ընկերություն եմ արել ու ընկերություն եմ անելու մարդկանց հետ ոչ թե նրանց ազգության և հավատի պատճառով, այլ նրանց արարքների։ Իսկ եթե այդ դատարկաբանները ցանկանում են վերադարձնել Ղարաբաղը, թող դիվերսիոն խմբեր ստեղծեն, գնան և վերադարձնեն։

Նրանք պատկած են բազմոցին, մտածում են՝ կգնա՞ արդյոք Սոսոն Բաքու, թե՞ ոչ։ Դրանից Ղարաբաղը վերադարձնելը, փառք Աստծո, կախված չէ։ Ես այն ոչ ոքից չեմ խլել, որպեսզի վերադարձնեմ։ Որտեղ ինձ սպասում են, այնտեղ կգնամ ու կերգեմ։ Հայերի հետ ընկերություն եմ արել, անում եմ ու անելու եմ՝ ոչ ոքի չհարցնելով»,- ասել էր վրացի երգիչը։
Սկանդալից անմասն չի մնացել նաև ադրբեջանցի երգիչ Էմին Աղալարովը, որը Բաքվում Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ համերգի կազմակերպիչն է։

Life-ի հետ զրույցում վերջինս ասել է, որ վրացի երգչի՝ Բաքու գալը եղել է իր նախաձեռնությունը։

«Սոսոյին ես Բաքու եմ հրավիրել դեռևս 2 տարի առաջ՝ մասնակցելու իմ հոբելյանին, սակայն նա ասաց, որ անգամ, եթե հնարավոր լիներ, ինքը չէր գա, քանի որ չի ցանկանում փչացնել իմ տոնը։

Արդյունքում՝ Սոսոն ինձ հետ ելույթ ունեցավ միայն Մոսկվայում՝ հոբելյանական համերգի ժամանակ, իսկ Բաքու չեկավ։ Այդ վիճակը տհաճ նստվածք թողեց իմ հիշողության մեջ, քանի որ նա իմ մեծ ընկերն է ու ես հասկանում էի, որ նա ցանկանում է ելույթ ունենալ, սակայն չի կարող՝ ելնելով ստեղծված իրավիճակից»,- հայտարարել է Աղալարովը։
Աղալարովի ներկայացուցիչները բացատրել են Life-ին, որ ներկայումս կան համապատասխան փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս Սոսո Պավլիաշվիլիին այցելել Ադրբեջան։

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն երգչի անունը ներառել էր իր «սև ցուցակում»։
Ավելին, Աղալարովի հրավերով Պավլիաշվիլին մասնակցելու է 2017թ. հուլիսին Բաքվում կայանալիք երաժշտական փառատոնի։

«Իմ հրավերից հետո Սոսոն ասաց, որ Բաքու հենց այնպես չի գա և ցանկանում է բարի գործ անել ու բարեգործական համերգ տալ։ Նա ընդգծեց, որ իրեն դրանից բացի ոչինչ հարկավոր չէ։ Այն, որ Պավլիաշվիլին նման քայլ է անում, մի՞թե արդեն ցույց չի տալիս մեզ, թե ինչ մարդ է և ինչ մտադրությամբ է ցանկանում վերադառնալ մեր երկիր»,- իրավիճակը մեկնել է ադրբեջանցի կազմակերպիչը։

Սոսո Պավլիաշվիլին նոյեմբերի 30-ին պատրաստվում է մեկնել Բաքու՝ Հեյդար Ալիևի անվան պալատում բարեգործական համերգով ելույթ ունենալու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս