«Կոնգրեսը սկսում է Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական գործընթացը». Լևոն Զուրաբյան

«Էական առաջընթացին միտված փոփոխությունները հնարավորություն են տալիս զրկելու իշխանություններին ընտրությունների արդյունքները շուրջ 500 հազար կեղծ քվեներով հավելագրելու հնարավորությունից, բացառելու լցոնումները, բռնությունների գործադրումը, քվեների գողությունը»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ կոռումպացված ռեժիմի նկատմամբ կա համընդհանուր անվստահություն, ինչի ապացույցը 2015 թվականի սահմանադրական հանրաքվեի իրական արդյունքներն են, արձանագրում են, որ ստեղծված են հիմնավոր  նախադրյալներ իշխանափոխության իրականացման, լեգիտիմ իշխանության և ժողովրդավարության հաստատման համար։

«Հիմնվելով նաև այն իրողության վրա, որ 2017 թվականի  ընտրությունների արդյունքում է  ձևավորվելու Հայաստանի իշխանությունը, դրանք իրենց նշանակությամբ հավասարազոր են  անցյալի նախագահական ընտրություններին՝ Կոնգրեսը սկսում է  Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական գործընթացը և հայտարարում է. Կոնգրեսը պատրաստ է համագործակցության ձևաչափեր քննարկել այն ուժերի հետ, որոնք խնդիր են դնում ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու միջոցով օրինակարգ իշխանության ձևավորումն ու  ժողովրդավարության հաստատումը։

Պատրաստ է նաև բաց քաղաքականություն կիրառելու և լայն համագործակցության, այդ թվում՝ կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկվելը՝ հասարակական գործիչների, քաղաքացիական նախաձեռնությունների, գործարարների և անհատների հետ։ Ժողովրդի ակտիվ մասնակցությամբ կձեռնարկվեն բոլոր քայլերն իշխանափոխության և երկրում արմատական վերափոխումների շուրջ հասարակական լայն կոնսոլիդացիա ապահովելու ուղղությամբ»,- հայտարարեց ՀԱԿ ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս