«Հենց երեխաներին պետք է փոխանցենք այս աշխարհը, և դա մեր բոլորիս կարևոր պարտավորությունն է»

ՄԱԿ-ի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպության կենտրոնակայանում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ ներկայացում, որը կազմակերպել էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ: Միջոցառմանը ներկա էին ՄԱԿ մի շարք անդամ-երկրների, կա զմակերպության գործակալությունների, հասարակական կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների բազմաթիվ ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հայկական ավանդական կատարողական արվեստի ու ժամանակակից պարարվեստի համադրությամբ բեմադրված ներկայացումն անցկացվեց «Հոգիս» երաժշտական բեմադրության միջազգային մեկնարկի շրջանակներում` ցուցադրելով ՀԲԸՄ-ի երկու գործընկեր ծրագրերի` «ԹՈՒՄՈ» ստեղծագործական տեխնոլոգիաների կենտրոնի և ՀԲԸՄ հովանու տակ գործող Նորքի հայորդաց տան երիտասարդ մասնակիցների հմտությունները: «Հոգիս» բեմադրությունը, որի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Նյու Յորքում, հայկական ավանդույթների յուրահատուկ մեկնաբանություն է` թվային և ստեղծագործական արվեստի համադրությամբ:

Ներկայացմանը բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի պատանեկան զարգացման և մասնակցության հարցերով պատասխանատու Ջուդիթ Դիրսը և «Հոգիս» բեմադրության ստեղծագործական տնօրեն, ֆրանսահայ կինոռեժիսոր Պատրիկ Մալաքյանը:

«ՄԱԿ-ը ստեղծվել է հանուն ապագայի, այսինքն՝ երեխաների: Հենց երեխաներին պետք է փոխանցենք այս աշխարհը, և դա մեր բոլորիս կարևոր պարտավորությունն է, որի մասին պետք է հիշենք», իր ելույթում- ընդգծեց ՀՀ դեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս