Բաժիններ՝

«Որոշիչ և լարված պարտիաները հենց վերջիններն էին». Մանուէլ Պետրոսյան

Շախմատային գերտերություն լինելու համբավը Հայաստանը պահում է իմաստուն խաղի վարպետների, սիրահարների, մասնագետների ուշադրության կենտրոնում: Այս անգամ մեր երկրի վրա ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռելու առիթ տվեցին պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոններ Մանուէլ Պետրոսյանը և Հայկ Մարտիրոս坵անը: Հայկի հետ «Արմենպրես»-ն արդեն զրուցել է: Մանուէլ Պետրոսյանի հետ հարցազրույցը բավականին հետաքրքիր ստացվեց: Մանուէլը 18 տարեկան է և այժմ ծառայում է Բանակի կենտրոնական մարզական ակումբում: Ընտանիքը Երևան է տեղափոխվել Ստեփանակերտից՝ հատուկ նրա համար շախմատ պարապելու առավել մեծ հնարավորություններ ունենալու նպատակով:

– Ե՞րբ և ինչպե՞ս ես սկսել շախմատ խաղալ:

– Շախմատով սկսել եմ զբաղվել 3-4 տարեկանից: Առաջին անգամ շախմատային դպրոց հաճախեցի Ստեփանակերտում, իսկ ահա 6 տարեկանից արդեն լուրջ մարզչի հետ էի մարզվում և հաջողություններ գրանցում:  

– Իսկ ո՞վ է շախմատ խաղալ սովորեցրել:

– Մեր տանը շատ էին սիրում շախմատ խաղալ, բայց հիմնականում պապիկս է սովորեցրել: Սկզբում մեծերն էին խաղում, բայց հետո ես հոգնեցնում էի, երբ անընդհատ ուզում էի, որ հետս խաղան:

– Ձեր ընտանիքն Արցախից է, ե՞րբ որոշեցիք տեղափոխվել Հայաստանի մայրաքաղաք:

– Ծնողներիս որոշեցին, որ տեղափոխվենք, քանի որ այնտեղ լուրջ մասնագետներ չկային: Նաև այստեղ բավականին հարմար է, Ստեփանակերտից դժվար է գալ մրցումների և նորից վերադառնալ: Գրեթե 11 տարեկան էին, երբ վերջնականապես տեղափոխվեցինք այստեղ:

m2

– Մանուէլ, ինչպիսի՞ տպավորություններ և արդեն հիշողություններ ունես աշխարհի առաջնությունից, որտեղ դարձար աշխարհի չեմպիոն:

– Մրցաշարի ավարտից երեք տուր առաջ առաջատարից մեկ միավորով հետ էի: Ե՛վ որոշիչ, և՛ լարված պարտիաները սովորաբար հենց այդ վերջիններն են լինում: Այս անգամ ստացվեց այնպես, որ վերջին տուրերում սկսեցի թափ հավաքել: Առաջատարի հետ ոչ-ոքիից հետո կարողացա հաղթել նաև հաջորդ երկու պարտիաներում: Բայց առաջատարի մոտ, կարծես, լարվածությունը բարձր էր, քանի որ շատ մոտ էր հաղթանակին և մի պահ կորցրեց զգոնությունը… Ինձ հաջողվեց վերջին տուրում սևերով հաղթել:

– Մանուէլ, արդեն աշխարհի չեմպիոն ես, ո՞րն է քեզ սպասող հաջորդ մարտահրավերը: Ի՞նչ նպատակ ես դրել քո առաջ:

– Մասնակցելու եմ Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջին խմբի մրցաշարին, որը բավականին լուրջ և դժվար մրցաշար է: Այն իր կարգով չի զիջում աշխարհի առաջնությանը: Թեպետ երիտասարդներ են հիմնական մասը, սակայն բոլորն էլ մեծ ձգտումներ ունեն:

-Այս առաջնության ժամանակ չեմպիոն դարձավ Հայկ Մարտիրոսյանը: Արդյոք պարտիաներից հետո միասին քննարկո՞ւմ  կամ օգնո՞ւմ էիք միմյանց:

-Իհարկե, օգնում էինք միմյանց, խորհուրդներ տալիս այս կամ այն կոմբինացիայի վերաբերյալ, առավել կարևորում էինք, որ կարողանանք ցրել լարվածությունը:

– Ո՞վ ՝ քո սիրելի շախմատիստը:

– Սիրելի շախմատիստներ ունեմ, իհարկե: Բայց աշխարհի չեմպիոններից կառանձնացնեմ Տիգրան Պետրոսյանին, Կասպարովին: Հիմա շախմատն ավելի դինամիկ է դառնում, այդ իսկ պատճառով կառանձնացնեմ Մագնուս Կարլսենի խաղաոճը: Իսկ մեր հայրենակիցներից կցանկանայի առանձնացնել Լևոն Արոնյանի խաղը:

– Նոյեմբերին աշխարհի չեմպիոնի թագի համար կպայքարեն Կարլսենը և Կարյակինը: Ի՞նչ ես կարծում՝ ով կհաղթի:

– Կարծում եմ՝ ֆավորիտը Կարլսենն է, և նա էլ կհաղթի: Բայց, վստահաբար, Կարյակինը լավագույն շախմատ ցույց տալու մեծ ձգտում կունենա:   

 Հարցազրույցը՝ Վարվառա Հայրապետյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս