ՌԴ-ն ու Վրաստանը հաստատել են հարաբերությունների կարգավորումը շարունակելու պատրաստակամությունը
Ռուսաստանն ու Վրաստանը երեկ Պրահայում կայացած հանդիպման ժամանակ հաստատել են երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորմանն ուղղված պրագմատիկ քաղաքականությունը շարունակելու պատրաստակամությունը, հայտնում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք, որ երեկ հանդիպել են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։
ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանում կայացած վերջին խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանն ու Ռուսաստանը շահագրգիռ են շարունակել ռուս-վրացական կապերն ակտիվացնել այն ոլորտներում, որտեղ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում հնարավոր է առաջընթաց՝ առևտուր, տրանսպորտ, մշակութային-մարդասիրական ոլորտ:
Ընդհանուր առմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ վերջին 4 տարում ձեռք բերված երկկողմ արդյունքները «լավատեսություն են ներշնչում»:
«Այսպես, 2016թ. երրորդ եռամսյակի արդյունքով երկկողմ առևտրաշրջանառության ծավալը կազմել է 17 տոկոս: Ռուսաստանը շարունակում է մնալ Վրաստանի՝ նշանակությամբ երկրորդ առևտրային գործընկերը և գինու արտադրանքի սպառման գլխավոր շուկան: Ընթացիկ տարում վրացական գինու մատակարարումները Ռուսաստանում ավելացել են 36 տոկոսով»,- հավելել են ՌԴ ԱԳՆ-ից: