Կարեն Կարապետյանի «կախարդական փայտիկը»
Կառավարության սեպտեմբերի 15-ի նիստում նորանշակ վարչապետ Կարեն Կարապետյանն իրավասու մարմիններին հանձնարարել էր աշխատանք տանել գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման ուղղությամբ։
«Խոսքն ինչին է վերաբերում. մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի համար սահմանված սակագինը` ի հաշիվ այլ սպառողների, տրամաբանական։ Ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար»,- ասել էր Կարեն Կարապետյանը` շեշտելով, որ այս ամենը պետք է անել` ոչ ի հաշիվ բյուջեի, այլ` ի հաշիվ տնտեսվարող սուբյեկտների, որոնք այդ ծառայությունները մատուցում են։
Ուշագրավ է, որ այս կետերը տեղ են գտել կառավարության ծրագրում, որ այսօր սկսելու են քննարկել Ազգային ժողովում։
Գործարարության զարգացման և խրախուսման բաժնում նշված է, որ մինչև 2016 թվականի ավարտը բնական գազի սակագնային քաղաքականությամբ որոշակի գործունեության տեսակների համար (ջերմոցային տնտեսություններ, գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներ և այլն) սահմանափակ ժամկետով գործող արտոնյալ սակագներ պետք է սահմանվեն, և աջակցության ցուցաբերեն, որպեսզի բնական գազ մատակարարող ընկերությունը սպառող կազմակերպությունների համար կիրառի գործունեության ընդլայնումը խթանող մոտեցումներ (օրինակ` որոշակի ծավալից ավելի գազ սպառելուց հետո ավելի ցածր սակագներ առաջարկելու միջոցով)։ Իսկ ծրագրի սոցիալական քաղաքականություն բաժնում գրված է, որ պետք է մինչև 2016 թվականի ավարտը բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության մեջ սոցիալական աստիճանականությունն ապահովող մոտեցումներ ներդնել։
Թե որքանո՞վ է տեղին և իրավաչափ այս հարցերը կառավարության ծրագրում ներառել և ոչ թե` թողնել, որպեսզի կարգավորող մարմինը` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերանայի և առաջարկներ ներկայացնի, սա մի հարց է։ Մեկ այլ հարց է, թե ո՞ւմ հաշվին են գազ սպառող որոշ խավերին արտոնություններ տրվելու։ Եթե այդ արտոնությունները տրվելու են սոցիալական անապահով խավերին և արտադրական ընկերություններին, որոնք արդեն իսկ 10 հազար խմ-ից ավելի սպառելու դեպքում ավելի քիչ էին վճարում, ապա ի՞նչ է լինելու միջին սպառողի հետ։
Հայտնի է, որ այս տարվա բյուջեում որևէ լրացուցիչ գումար հատկացված չէ գազի գնի սուբսիդավորման համար։ Նաև հայտնի է, որ առայժմ որևէ բանակցություններ կամ պայմանավորվածություններ չկան գազ մատակարարող ռուսական ընկերության հետ` սահմանին դրա գնի իջեցման վերաբերյալ։ Ուրեմն, զուտ ֆիզիկայի օրենքից ելնելով, եթե որոշ սպառողների համար գազի գինը նվազելու է, ապա մյուսների համար պետք է բարձրանա։ Սակայն խորհրդարանական ընտրություններից առաջ բնակչության միջին խավի համար գազի գին բարձրացնելը ՀՀԿ-ի համար ինքնասպանության նման մի բան կլիներ։ Ուստի, այդ քայլին էլ կառավարությունը չի գնա։
Այդ դեպքում կարելի է ենթադրել, որ Կարեն Կարապետյանը «Գազպրոմին» է «դրդելու» իջեցնել Հայաստան մատակարարվող գազի գինը։ Գուցե նման պայմանավորվածություն եղե՞լ է ի սկզբանե։ Դա նշանակում է, որ Կարապետյանը, որքան էլ հերքի, այնուամենայնիվ, ունի «կախարդական փայտիկ», որը, սակայն, չունի նախկին կառավարությունը և երկրի նախագահը։ Այս դեպքում էլ հարց է առաջանում` ինչո՞ւ այդ «կախարդական փայտիկը» գործի չի դրվել ավելի վաղ։