Կառավարության ծրագիրը բխում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթից. Էդուարդ Շարմազանով

Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստերը, որի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է կառավարության ծրագիրը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստերից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ ծրագիրը բխում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթի հիմնադրույթներից, նախագահի փետրվարյան ելույթից, և մատնանշվում է երկրում բարեփոխումների իրականացումը հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

«Կառավարության նախնական ծրագրի առաջնահերթություններից է, որ այսօր հանրային կյանքի բոլոր ոլորտները կարիք ունեն համակարգային բարեփոխումների: Այս ծրագրում շատ լուրջ տեղ է հատկացվում ՀՀ ներքին և արտաքին անվտանգությանը»,- ասաց Է. Շարմազանովը:

Ըստ նրա` արտաքին քաղաքականության առումով շարունակվելու է գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը, ԼՂ հարցի կարգավորման հարցում նպատակն ու ճանապարհները նույնն են: Նա կարևորեց ծրագրում տնտեսական բարեփոխումների խնդիրը, ամեն ինչ շատ կոնկրետ է գրված, որովհետև դե յուրե 6-ամսյա ծրագիր է, իսկ ընտրություններում հաջողության հասնելու դեպքում նաև ռազմավարության խնդիր կա: Է. Շարմազանովը նշեց, որ պետք է օգտագործվի ՀՀ և սփյուռքի մտավոր և ներդրումային ներուժը, ծրագրում կրթությունն առանցքային խնդիրներից է և առանձնակի լուրջ ուշադրություն պետք է դարձվի մարզային ու գյուղական դպրոցների խնդիրներին.
«Կոռուպցիայի դեմ պայքարը ևս նախանշված է կառավարության ծրագրում»:

Է. Շարմազանովը հայտնեց, որ կառավարության ծրագիրը հինգշաբթի և ուրբաթ օրերին կքննարկվի Ազգային ժողովում:

Հարցին, թե նիստում քննարկվե՞լ է արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի ահազանգը դեֆոլտի հարցը, Է. Շարմազանովը բացասական պատասխան տվեց:

Տեսանյութեր

Լրահոս