Վենետիկի հանձնաժողովը ՀՀ ԸՕ-ի վերաբերյալ կարծիքում լրացում է կատարել
Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իր դիրքորոշումն է արտահայտել Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ հանձնաժողովի և ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ գործընկերներին տեղեկացրել է Ընտրական օրենսգրքի իրականացմանն ուղղված քայլերի վերաբերյալ, մասնավորապես տեխնիկական սարքերի մատակարարման: Նախարարն այս զարգացումները ներկայացրել է Վենետիկում կայացած «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի 108-րդ լիագումար նիստին:
«Ներկայացրել եմ այն համաձայնագիրը, որը ընդդիմության, իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ստորագրվել էր: Վենետիկի հանձնաժողովը լրացում է կատարել իր հրապարակած կարծիքում»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` ՀՀ ԿԸՀ-ն հայտարարություն է արել այն մասին, որ Ընտրական օրենսգրքի համապատասխան փոփոխություններով նախատեսված պայմանները հնարավոր չի եղել ապահովել: «Չնայած կառավարությունը կարողացել էր գտնել համապատասխան գումարը, սակայն որևէ կազմակերպություն ի վիճակի չի եղել անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ապահովել, ուստի Ընտրական օրենսգքրի համապատասխան փոփոխությունները չեղարկվել են», ասաց նախարարը:
Արփինե Հովհաննիսյանը շեշտեց, որ Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղեկացվել են, որ Հայաստանի իշխանությունները բանակցում էին քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում սեպտեմբերի 13-ին լայն կոնսենսուսով նոր քաղաքական համաձայնություն է կնքվել: «Դա արտացոլում է Հայաստանի իշխանությունների նշանակալի ջանքերը կողմերին ներգրավելու բաց և թափանցիկ երկխոսության մեջ՝ ընտրական գործընթացների նկատմամբ վստահության բարձրացման նպատակով»,- ընդգծեց նախարարը: