«Ձեր նորաձև վարչապետին ասեք, որ բերի այնպիսի Ընտրական օրենսգիրք, որը բխում է բոլորիս շահերից». Զարուհի Փոստանջյան

«Իշխանությունները ներկայացրել են Ընտրական օրենսգրքում (ԸՕ)  փոփոխություններ անելու մասին նախագիծ, որը, կարծում եմ, նրանք կընդունեն, բայց դրանք մեր իրական կյանքի և կյանքի բարելավման, պետականության վերականգնման  հետ ընդհանրապես կապ չունեն։ Վերջերս որոշում ընդունեցիք՝ Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ։ Հիմա այդ վարչապետի կառավարությունն այս փոփոխություններն է առաջարկում, բայց դա չի ունենալու որևէ ազդեցություն մեր քաղաքական համակարգի վրա»,- այսօր ԱԺ-ում իր ելույթում  ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Դիմելով իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին, նա ասաց.

«Ունեք նոր վարչապետ, որը ձեր կուսակցության անդամը չէ, հրավիրել եք, ասում եք, որ դա նորաձև է։ Համաձայն եմ՝ այսօր մեր քաղաքական համակարգի ներքո գտնվող անձինք բոլորը սնանկ են, որովհետև ոչ ոք այս տարիների ընթացքում համապատասխան գործառույթներ չի իրականացրել, և մենք բախվում ենք դժբախտությանը։ Համաձայն եմ, որ պետք է հրավիրենք մեր լավագույններին, ես չգիտեմ՝ Կարեն Կարապետյանը լավագո՞ւյնն է, թե՞ ոչ, բայց համոզված եմ, որ ոչ։ Եթե ուզում եք փոփոխություններ, և ցանկություն ունեք, ապա ձեր վարչապետին ասեք, որ բերի այնպիսի Ընտրական օրենսգիրք, որը բխում է բոլորիս շահերից, ոչ թե այսպիսի կոսմետիկ փոփոխություններ, որը ներկայացվել է։ Այդ օրենսգիրքը պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն ընձեռի հայ ժողովրդի բոլոր ներկայացուցիչներին՝ օգտվելու ընտրական իրավունքից։

Եթե ուզում ենք, որ մեր ապագա հայոց խորհրդարանը ներկայացնի մեր շահերը, ապա այստեղ պետք է ներկայացված լինեն բոլոր տեղերից հայ ժողովրդի ներկայացուցիչները, բոլորը պետք է ունենան պատգամավորներ։ Եթե մենք ուզում ենք լիարժեք մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին, ապա կուսակցական ստորին շեմը պետք է սահմանվի առնվազն 2.5 տոկոս, այլ ոչ թե այն չափը, որ դուք նախանշում եք։ Այդ «13 տարածքային ընտրացուցակներ» հասկացությունը պետք է վերանա, պետք է լինի 1 ընտրատարածք։ Եթե ուզում ենք կուսակցությունները զարգանան և կուսակցաշինությունը մեզանում լինի, ապա կուսակցությունների մեջ պետք է մրցակցություն լինի: Եթե ունեք նոր վարչապետ, որը մտածում եք՝ նորաձև է, վարչապետն էլ է մտածում, որ ինքը նորաձև է, ապա նորաձևությունը պահանջում է նոր Ընտրական օրենսգիրք՝ նոր մոտեցումներով և սկզբունքներով»,- հայտարարեց Փոստանջյանը։

Տեսանյութեր

Լրահոս