«Ընդդիմությունը մի կերպ կայացավ, եկավ, բայց շատ ներողություն՝ «անդազահան» եք անում, ամոթ է». Ռուբիկ Հակոբյան

«2013թ. ընտրություններում ամենացինիկ, ամենանենգ կեցվածքը Սևանի քաղաքապետն է դրսևորել, և վերջին ՏԻՄ ընտրություններից հետո նա հայտարարում է, թե արդյունքները կեղծվել են։ Նրա ազգանունը չեմ հիշում, անունը Ռուդիկ է, նրան հիմնականում մականունով են դիմում, որն անբարեհունչ է, ու չեմ ուզում այստեղ արտաբերել (Սևանի նախկին քաղաքապետն էր Ռուդիկ Ղուկասյանը.- Ռ.Մ.)»,- այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ այս մասին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Նա նշեց, որ հետևողական է լինելու, որպեսզի ամբողջությամբ ուսումնասիրվեն այդ ընտրությունները. «Ինչպես նաև հետևողական եմ լինելու, որպեսզի բացահայտվի, թե Սևանի շրջակա կոլեկտորի բազմահազարանոց խողովակներն ով է յուրացրել։ Անպայման հետևողական եմ լինելու, որ վերադառնա Սևանի բյուջե»։

Անդրադառնալով Վանաձորի ընտրություններին և դիմելով ԱԺ մեծամասնությանը՝ նա նշեց. «Հարգելի մեծամասնություն, եթե ձեզ թվում է, որ դուք Վանաձորում կարողացաք հաղթանակ տանել, ապա դա պյուռոսյան հաղթանակ էր. ի վնաս պետության եք դուք աշխատել։ Աշխատել եք այն Սահմանադրությանն ի վնաս, որի համար ես էլ եմ պայքարել, որ ընտրվի։ Էդ ի՜նչ իշխանիկների ամբիցիա ա, որ պետք է անպայման մերը լինի։ Էդ որ կանչում՝ սրտաճմլիկ ասում էիք՝ ո՞ւր է ընդդիմություն, չկա, ախր առանց ընդդիմության չենք դիմանում… ընդդիմությունը մի կերպ կայացավ, եկավ, բայց շատ ներողություն՝  «անդազահան» եք անում, ամոթ է։ Պետականության մասին մտածողը նման բան չի անում։ Հայաստանը կկործանվեր, հա՞, որ Վանաձորն ընդդիմությունը վերցներ։ Ընդդիմությանը հետո կանդրադառնամ, բայց ճիշտ չեք անում, լավ չեք անում, պետականության մասին խոսողն իրեն այդպես չի պահում»։

Նա խորհուրդ տվեց ընդդիմությանը՝ չխաղալ իշխանությունների խաղը. «Գողականներ եք բերում՝ խցկում ձեր ցուցակները. իշխանությունը շատ լավ դա անում է, ինչո՞ւ եք ուզում նրա քայլերը կրկնօրինակել։ Նրանք այն երամի ներկայացուցիչներն են, որ վաղը նորից իրենց երամ են գնալու։ Խելքի եկեք»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս