Բաժիններ՝

Աշխարհը կառավարում են նրանք, ովքեր չեն լսում երաժշտություն. Բոբ Դիլանի կյանքի կանոնները

2016 թվականին գրականության ոլորտում նոբելյան մրցանակակիրը հայտնի երաժիշտ-կատարող Բոբ Դիլանն է: Դիլանին այս մրցանակը շնորհել են ամերիկյան երգի ավանդույթի շրջանակներում նոր պոետիկ արտահայտչականության ստեղծման համար:
75-ամյա երաժիշտը, բացի լեգենդար երգերից, գրել և ասել է այնպիսի մտքեր, որոնք ապրելու բանաձև են դարձել նրա երկրպագուների համար: Առաջարկում ենք ծանոթանալ այդ մտքերից մի քանիսին:

1. Երբ ես նայում եմ լուրերի թողարկումը, հասկանում եմ, որ աշխարհը կառավարում են նրանք, ովքեր չեն լսում երաժշտություն:

2. Շատերն ասում են, որ Դիլանը ոչ մեկի հետ չի խոսում: Սա ի՞նչ հիմարություն է. ես դրա համար դուրս չեմ գալիս հանրության առաջ:

3. Հանրային մարդ դառնալը շատ ծանր է: Քրիստոսին խաչեցին նրա համար, որ նա արդեն շատ էր նկատվում: Դրա համար էլ ես միշտ աշխատում եմ աննկատ մնալ:

4. Ես երբեք չեմ ցանկացել դառնալ փրկիչ կամ մարգարե: Ես ցանկացել եմ դառնալ Էլվիսը: Ես շատ հեշտ պատկերացնում եմ ինձ իր դերում, բայց որպես մարգարե՝ երբեք:

5. Երբ առաջին անգամ լսեցի Էլվիսին, հասկացա, որ չեմ ուզում երբեք աշխատել ինչ-որ մեկի մոտ, կամ, որ ինչ-որ մեկը դառնա իմ տնօրենը: Էլվիսին լսելիս՝ ես ինձ զգում էի այնպես, կարծես նոր եմ դուրս եկել բանտից:

6. Ես արդեն շատ երիտասարդ չեմ: Երբ արթնանում եմ և զգում եմ, որ դեռ ուժ ունեմ, մտածում եմ, որ դա լավ է, ես այնքան էլ շուտ չեմ տեսնի Էլվիսին:

7. Մի անգամ ինձ հարցրին, թե արդյո՞ք հիշում եմ այն օրը, երբ Հիտլերն ինքնասպան եղավ: Բայց ես անգամ չեմ հիշում, որ երբևէ երեխա եմ եղել:

8. Իմ հայրն ինձ քիչ բան է թողել, գրեթե ոչինչ: Նա շատ հասարակ մարդ էր: Այն, ինչ մնացել է նրանից, իր խոսքերն են: Մի անգամ նա ասաց ինձ. «Տղաս, դու գիտես, որ այս կյանքում հնարավոր է ապրել այնպես, որ անգամ ծնողներդ երես թեքեն քեզնից: Դրա համար հիշիր, որ, եթե նման բան լինի, միակ մարդը, ով կհավատա քեզ, կլինի Աստված»:

9. Ես շատ հեռու եմ հավատից, քանի որ հավատը ստիպում է քեզ անընդհատ զգալ մեղավոր:

10. Մարդիկ անում են այն, ինչին հավատում են: Բայց ավելի շատ նրանք անում են այն, ինչ հարմար է այդ պահին, և վերջում զղջում են դրա համար:

11. Եթե դու ուզում ես գտնել մեկին, ում կարելի է հավատալ, դադարիր խաբել ինքդ քեզ:

12. Ինձ դուր է գալիս Բարաք Օբաման, նա կարծես հեքիաթային հերոս լինի, որն ապրում է իրականում:

13. Քաղաքականությունը սովորաբար ստեղծում է ավելի շատ խնդիրներ, քան կարող է լուծել:

14. Բարոյականությունն ու քաղաքականությունը շատ հեռու են իրարից:

15. Նյարդայնանում եմ հավասարության մասին խոսակցություններից: Մարդիկ հավասար են մի բանում. բոլորն էլ վերջիվերջո մահանալու են:

16. Կարծում եմ՝ ես կարող եմ գրել երգ անգամ Ջորջ Բուշի մասին: Նրա անվանը համապատասխան հանգ գտնելը շատ հեշտ է:

17. Եթե անկեղծ լինեմ, ես չեմ գրել ոչ մի երգ քաղաքականության մասին, քանի որ երաժշտությունը չի կարող փրկել աշխարհը:

18. Իմ կյանքում ես գրել եմ 4 երգ, բայց այդ 4 երգը գրել եմ միլիոն անգամ:

19. Եթե ուզում եք իմանալ իմ մասին, պետք է լսեք իմ երգերը: Բայց պետք է ճիշտ երգեր ընտրել: Ես դրամատուրգ չեմ, իմ բոլոր երգերն իմ մասին են:

20. Այն, որ քեզ դուր չի գալիս իմ երաժշտությունը, չի նշանակում, որ ես քեզ ինչ-որ բան պարտք եմ:

21. Ի՞նչն է լավ երկրպագուների մեջ: Ծափահարությունների հետ դու չես կարող նախաճաշել, և քնել նրանց հետ նույնպես չի ստացվի:

22. Ես ոչ մի պատասխանատվություն չեմ կրում այն մարդկանց համար, ովքեր կոչում են իրենց իմ երկրպագուները: Ես պատասխանատու եմ միայն իմ ստեղծածի համար:

23. Ինձ դուր է գալիս գումար աշխատելը:

24. Պոետ լինելու համար պարտադիր չէ անընդհատ ինչ-որ բան գրել:

25. Համարվում է, որ արվեստի աշխարհը լի է գեղեցիկ կանանցով: Բայց ես կասեմ, որ նա, ով ցանկանում է տեսնել շատ գեղեցիկ կին, կարող է դառնալ բժիշկ կամ փաստաբան: Կամ, ավելի լավ է, անձնական հետախույզ:

26. Թվում է, ես շատ հաճախ եմ հեռուստացույց նայում:

27. Ես վաճառել եմ ավելի քան 100 միլիոն սկավառակ: Բայց ես անգամ գաղափար չունեմ, թե ինչպես էր դա հնարավոր:

28. Հաջողությունն առավոտյան արթնանալն ու երեկոյան քնելն է՝ այդ ընթացքում հասցնելով անել այն, ինչ քեզ դուր է գալիս:

29. Եթե դուք հիշեք ձեր բոլոր երազները, կկարողանաք իմանալ շատ բան ձեր ենթագիտակցության մասին:

30. Ես հարգում եմ քաոսը, բայց ես համոզված չեմ, որ քաոսը հարգում է ինձ:

31. Եթե պատրաստվում ես կթել կով, ապա պատրաստ եղիր քամել ողջ կաթը:

32. Հնարավոր չէ լինել սիրահարված և իմաստուն՝ միաժամանակ:

33. Թվում է՝ ես մնացել եմ ութսունականներում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս