ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը գոհ է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում ՀՀ ձեռքբերումներից
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է իր մանդատի շրջանակներում մոնիթորինգային այցով հոկտեմբերի 10-ից 14-ը Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահի` մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ և համակարգող Մադինա Ժարբուսինովային: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Այցի շրջանակներում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել ոլորտում ներգրավված ՀՀ պետական գերատեսչությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, այցելել է մարդկանց թրաֆիքինգի զոհերի ապաստարան և սիրիացի փախստականների կացարան:
Փոխնախարարի հետ հանդիպմանը նախորդել էր պատվիրակության անդամների հանդիպումը ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով Խորհրդի աշխատանքային խմբի հետ, որի համակարգումն իրականացվում է ՀՀ ԱԳՆ կողմից:
Հանդիպման ընթացքում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչն իր գոհունակությունը հայտնեց մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում Հայաստանի ձեռքբերումների առնչությամբ, ինչպես նաև հակիրճ ներկայացրեց այցի արդյունքում բացահայտված խնդիրներն ու մարտահրավերները:
Ողջունելով հյուրին՝ արտգործնախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանի իշխանությունները խիստ կարևորում են թրաֆիքինգի հանցագործությունից տուժած զոհերի իրավունքների լիակատար պաշտպանությունը և առանց նախապայմանների հնարավորինս լայն օժանդակության տրամադրումը: Նա անդրադարձավ այս ուղղությամբ Հայաստանում կատարվող աշխատանքներին` կարևորելով միջազգային պարտավորությունների շրջանակներում մեր երկրի կողմից իրականացվող գործողությունները»: