Ֆրանսիայի Սենատում հոկտեմբերի 14-ին քվեարկության կդրվի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը
Ֆրանսիայի Սենատում հոկտեմբերի 14-ին շարունակվելու են «Հավասարության և քաղաքացիության» մասին օրենքում փոփոխությունների մասին քննարկումները: Այդ փոփոխություններով նախատեսվում է քրեականացնել ցեղասպանությունների ժխտումը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը, հոկտեմբերի 14ին նախատեսված է նաև փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը:
«Սենատում վաղը պետք է քվեարկություն լինի: Օրենքի 38-րդ հոդվածը մեզ շատ օգտակար կլինի ժխտողականության դեմ պայքարում: Հուսով ենք, որ վաղը առավոտյան հաջողության կհասնենք»,- նշեց Թորանյանը: Նա հիշեցրեց, որ Ֆրանսիայի հավասարության հարցերով նախարար Էրիկա Բերեթսը, ով Ազգային ժողովում ներկայացրել է օրենսդրական փոփոխությունները, նշել է, որ ի թիվս այլ ցեղասպանությունների ժխտման քրեականացումն առնչվում է նաև Հայոց ցեղասպանությանը:
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն և քաղաքացիություն» օրենքում փոփոխություններին, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար: