ԵԱՀԿ­-ում ՀՀ առաքելության ղեկավարը մտահոգություն է հայտնել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ­-ի տնօրենին վերագրվող հայտարարությունների առնչությամբ

ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հերթական հանդիպմանը Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) գործունեության մասին ելույթով հոկտեմբերի 13-­ին հանդես է եկել ԺՀՄԻԳ տնօրեն Միխայել Գեորգ Լինկը: ԵԱՀԿ-­ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանն իր պատասխան հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրել ԺՀՄԻԳ տնօրեն Լինկի Բաքու կատարած այցի և նրան վերագրվող հայտարարությունների ու գնահատականների մասին ադրբեջանական ԶԼՄ-­ներում հրապարակված տեղեկատվության վրա:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Նա նշեց, որ նման գնահատականների թվում է Ադրբեջանը՝ որպես միջկրոնական հարաբերությունների գերազանց օրինակ ներկայացնելը, ինչպես նաև այդ երկրում անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին դրական լույսի ներքո անդրադարձը: Այդ առնչությամբ դեսպան Կիրակոսյանը մտահոգություն հայտնեց, որ ԺՀՄԻԳ տնօրենը դարձել է ադրբեջանական քարոզչամեքենայի գործիք:

Հայաստանի առաքելության ղեկավարն ընդգծեց, որ հանդուրժողականության և ոչ խտրականության թեմայով Բաքվում ԺՀՄԻԳ-­ի միջոցառման անցկացումը կառույցի տնօրենի մակարդակով և Ադրբեջանում գոյություն չունեցող դրական օրինակների գովաբանումը բացասաբար կանդրադառնա ԺՀՄԻԳ հեղինակության և վարկանիշի վրա՝ որպես մի հաստատություն, որը կոչված է նպաստել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը: Այդ համատեքստում Արման Կիրակոսյանը շեշտեց, որ Ադրբեջանը պաշտոնապես վարում է այլատյացության հողի վրա հանցանքների և անհանդուրժողականության քաղաքականություն»:

Տեսանյութեր

Լրահոս