Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը՝ ընդդեմ Ադրբեջանի

«Քաղաքացիական համաձայնություն» հ/կ-ն Երևանում, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան հետ համատեղ, հոկտեմբերի 8-9-ը շարունակեց իրականացնել «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ և հեռանկարներ» ծրագիրը, որը հովանավորում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն։ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը, խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին, նշեց, որ դա այն բացառիկ դեպքերից է, երբ ինքն ամբողջովին աջակցում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը։

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը չի ենթադրում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապ չունի Ցեղասպանության ճանաչման և Ղարաբաղի հարցի կարգավորման հետ։ Հարաբերությունների կարգավորումը դեպի հաշտեցում տանող առաջին աստիճանն է միայն: Հաշտեցումը շատ ավելի լուրջ ու ընդհանուր գործընթաց է, քան հարաբերությունների կարգավորումը: Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորումը չի նշանակում՝ Հայաստանի արտաքին քաղաքականության պարտություն, նահանջ կամ թույլ քաղաքականություն, այլ, ընդհակառակը, ավելի ուժեղացնում է Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը: Անգամ հաշվի չառնելով Նալբանդյանի վարած քաղաքականությունը՝ այս հարցում մենք հասել ենք հաջողության»,- ասաց նա:

ՀայաստանԹուրքիա արձանագրությունների ստորագրումն ու «ֆուտբոլային դիվանագիտությունը»

Ըստ Ռ. Գիրագոսյանի՝ 2009թ. ստորագրված արձանագրություններն ու ֆուտբոլային դիվանագիտությունը նոր չէին, դրանք դեռ 90-ականներին սկսված դիվանագիտության շարունակությունն էին, ուղղակի այդ քաղաքականությունը բավականին հաջող էր, քանի որ ժամանակները փոխվել էին, ու այլ իրավիճակում էինք հայտնվել. «Որոշ չափով 2008թ. Վրաստանի և Ռուսաստանի միջև տեղի ունեցած պատերազմն ավելի արագացրեց այս գործընթացը: Դա բերեց Ռուսաստանի և Արևմուտքի մասնակցությանը: Արձանագրություններն ու ֆուտբոլային դիվանագիտությունը եղան Հայաստանի կառավարության ավելի թույլ լինելու հետևանքով: Սերժ Սարգսյանի լեգիտիմության պակասը հիմք դարձավ այս քաղաքականությանը: Սերժ Սարգսյանի համար տվյալ քաղաքականությունը մեծ հնարավորություն էր միջազգային ասպարեզում լեգիտիմություն ձեռք բերելու հարցում: Նաև հնարավորություն էր՝ Հայաստանին զերծ պահել տնտեսական բլոկադայի մեջ գտնվելու վտանգից»։

Կարդացեք նաև

Ռ. Գիրագոսյանի խոսքով՝ արձանագրությունները պատահականություն էին: «Երկու հանկարծակիություն տեղի ունեցավ այդ գործընթացների արդյունքում. առաջինը սփյուռքն է։ Այն պահին, երբ Գյուլն այցելեց Հայաստան, դա Հայաստանի հաղթանակն էր. հենց այդ պահին Հայաստանը սփյուռքից վերցրեց Հայաստանի արտաքին քաղաքականության վարման պատասխանատվությունը: Հենց այդպես էլ պետք է լինի՝ Հայաստանը պետություն է, ու ինքը պետք է կազմի ու մշակի իր արտաքին քաղաքականության հիմնաքարերը, այլ չպետք է  թելադրվի ո՛չ Վաշինգտոնից, ո՛չ Գլենդելից, ո՛չ էլ Լոնդոնից»,- ասաց նա։

Երկրորդ պատահականությունը, ըստ նրա՝ հավասարապես կարևոր էր ու վերաբերում էր «Մեկ ազգ, երկու պետություն» կոնցեպտի ավարտին, ինչը վերաբերում էր Թուրքիային և Ադրբեջանին. «Դա մի մեծ թաղում էր, որից բոլորս հաճույք ստացանք»:

Թուրքիայի վերահաշվարկը՝ արտաքին քաղաքականության մեջ

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ամենահետաքրքիր բանը, ըստ փորձագետի՝ այն էր, որ Թուրքիան վերահաշվարկ արեց իր արտաքին քաղաքականության մեջ.

«Թուրքիայի համար պարտված քաղաքականությունը վերահաշվարկելու ու վերականգնելու մի հնարավորություն էր սա։ Սահմանի փակումն ու հարաբերությունների խզումը Հայաստանի ու Թուրքիայի միջև թուլացրեց Թուրքիային, և ավելի մեծ հնարավորություններ տվեց Ադրբեջանին: Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնումը տարածաշրջանում դիրքերի ամրապնդման հնարավորություն է»: Նա նաև նկատեց, որ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը Հայաստանի կողմից էր, ոչ թե Թուրքիայի. «Մինչև հիմա գնդակը դեռևս  նրանց դաշտում է: Արձանագրություններն ունեին մի քանի ռազմավարական սխալներ: Արձանագրությունների ստորագրման հարցում Թուրքիայի ամենամեծ սխալն այն էր, որ նա լուրջ չվերաբերվեց տվյալ հարցում Ադրբեջանի ազդեցությանը։ Մյուս կողմից՝ Թուրքիան շատ ավելի գնահատեց իր հնարավորությունները՝ այս հարցում ճնշելու Ադրբեջանին: Արձանագրությունների ստորագրման սկզբում Ադրբեջանի նախագահ Ալիևը դեմ չէր դրան, քանի որ վստահ էր, որ դա երբեք տեղի չէր ունենա»:

Երկրորդ ռազմավարական սխալը, ըստ Ռ. Գիրագոսյանի՝ Էրդողանի քաղաքական սխալն էր. «Իշխող կուսակցությունը վստահ էր, որ նա կկարողանա արձանագրությունների հարցում ունենալ պառլամենտի աջակցությունը, սակայն այս խնդիրը Թուրքիայի ներքին քաղաքականության խնդիրն էր, այլ ոչ թե՝ արտաքին: Ադրբեջանն օգտագործեց իր ամբողջ ուժը, որպեսզի այս հարցը դարձնի Թուրքիայի ներքին քաղաքականության հիմնահարց։ Դավութօղլուին ու Գյուլին մեղադրեցին այն հարցում, որ նրանք փորձում են դավաճանել եղբայր Ադրբեջանին։ Տվյալ գործընթացը բացահայտեց նաև, թե որքան մեծ է Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայի ներքին կյանքի վրա»։

ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորման պաշտպանները՝ Թուրքիայում

Ռ. Գիրագոսյանի խոսքով՝ Թուրքիայում կա երկու կողմ, որոնք պաշտպանում են հարաբերությունների կարգավորման գործընթացը. «Առաջինը՝ պետություն պետության մեջ՝ ազգային պաշտպանության և բանակի ոլորտում։ Նրանք միշտ եղել են առաջին թշնամիները, բայց առաջարկում էին բացել սահմանը Հայաստանի հետ, որպեսզի կարողանան հաղթահարել քրդերի ու PKK-ի հետ կապված վտանգը։  Իսկ երկրորդ ոչ շատ հավանական պաշտպանողն այս հարաբերությունների կարգավորման բիզնես-ներկայացուցիչներն էին  Թուրքիայում։ Նրանք բավականին խելացի են ու գիտակցում են, որ Հայաստանի շուկան շատ փոքր է՝ կարևոր լինելու համար, բայց նրանք այս գործընթացը պաշտպանում էին այն պատճառով, որ Թուրքիան ամբողջ տարածաշրջանում տնտեսական լուրջ դերակատարում ունենա»։

Բայց ըստ նրա՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման երրորդ պաշտպանն էլ կա՝ Թուրքիայի ԱԳՆ-ն. «Դա զարմանալի էր, որովհետև այն դիվանագետներն էին, որոնք գալիս էին 90-ական թվականներից։ Նրանք ո՛չ հայամետ են, ո՛չ ադրբեջանամետ, նրանք պաշտպանում են Թուրքիային, թուրքամետ են: Նրանք շատ են նեղվել, որ նրանց փոքր եղբայր Ադրբեջանն այդքան մեծ ազդեցություն ունի Թուրքիայի վրա: ԱԳՆ-ն փորձում էր ավելի մեծ ուժ ձեռք բերել ներքին քաղաքականության ոլորտում՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առումով: Նրանք նաև ճիշտ որակումներ էին տալիս, որ Հայաստանի հետ հարաբերությունների բացակայության դեպքում Թուրքիան ոչինչ չգիտի Հայաստանի մասին։ Այդ տեղեկատվական վակուումը միայն թուլացնում է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը»։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունները՝ ընդդեմ Ադրբեջանի

Փորձագետի խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը միջազգային ասպարեզում կբարձրացնի Հայաստանի դերն ու նշանակությունը, ինչը, ըստ նրա՝ գլոբալ առումով ավելի կարևոր է, քան Ցեղասպանության ճանաչումը.

«Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում որքան առաջընթաց ենք ունենում, այդքան Ադրբեջանը հետ է ընկնում,  ու այդքան վախեցնում ենք Ռուսաստանին։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը թույլ կտա Իրանին՝ ներգրավվել տարածաշրջանում։ Դա նաև կբարձրացնի Հայաստանի ռազմավարական նշանակությունն Արևմուտքի համար։  Հարաբերությունների կարգավորմամբ՝ մենք բարձրացնում ենք նաև քրդերի նշանակությունը: Եթե ապագային նայենք, ապա Քուրդիստանի զարգացումը մեզ համար ինչպես՝ վտանգ, այնպես էլ՝ նոր հնարավորություններ է ստեղծում: Եթե  հիմա դրան չպատրաստվենք, դա ավելի շատ վտանգ կլինի Հայաստանի համար, քան հնարավորություն»:

Տեսանյութեր

Լրահոս