Թուրք-սիրիական հարաբերություններ. բարեկամությունից՝ մինչև թշնամանք

«Քաղաքացիական համաձայնություն» հ/կ-ն՝ Երևանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան հետ համատեղ, հոկտեմբերի 8-9-ը շարունակեց իրականացնել «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ և հեռանկարներ» ծրագիրը, որը հովանավորում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն։ Այս անգամ երիտասարդ կուսակցականները հնարավորություն ունեցան ծանոթանալու Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությանը։ Եվ քանի որ վերջին շրջանում Թուրքիան ակտիվ գործողություններ է իրականացնում Սիրիայում, շեշտը հիմնականում դրա վրա դրվեց։

Թուրքսիրիական հարաբերությունները 1998-2011թթ.

Թուրքագետ, «Նորավանք» հիմնադրամի վերլուծաբան Հայկ Գաբրիելյանը մանրամասն ներկայացրեց թուրք-սիրիական հարաբերությունները թե՛ 90-ականներին, երբ դրանք լարված էին, թե՛ 2000-ականներին, երբ Թուրքիայի ու Սիրիայի հարաբերությունները կարգավորվում էին։

Թուրքագետի խոսքով՝ 2000-ականներին թուրք-սիրիական հարաբերությունների զարգացմանը հիմնականում երկու գործոն նպաստեց. «Առաջին՝ 2000թ. Սիրիայում նախագահ դարձավ երիտասարդ Բաշար Ասադը, որն այժմ էլ իշխանության գլխին է, իսկ 2002թ. Թուրքիայում իշխանության եկավ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ Էրդողանի գլխավորությամբ։ Դրանից հետո կողմերի միջև սկսվեց բավական մեծ ջերմացում, տեղի ունեցան պաշտոնական փոխայցեր։ Սիրիայի դերը Թուրքիայի համար էլ ավելի կարևորվեց այն ժամանակ, երբ Թուրքիան հարաբերությունները կտրուկ սրեց Իսրայելի հետ։ Այդ ժամանակ ընդգծվում էր, որ Սիրիայի համար Թուրքիան բաց դարպաս է դեպի Եվրոպա, իսկ Սիրիան իր հերթին Թուրքիայի համար բաց դարպաս է դեպի իսլամական աշխարհ»,-ասաց նա։

Կարդացեք նաև

Ըստ Հ. Գաբրիելյանի՝ 1998-2011թթ. կարելի է համարել թուրք-սիրիական հարաբերությունների միակ դրական ժամանակաշրջանը. «Ահա նման պայմաններում 2011թ. մարտին, երբ Սիրիայում սկսվեցին ժողովրդական հուզումները, Թուրքիան չէր կարող Ասադին միանգամից մի կողմ նետել ու աջակցել սիրիական ընդդիմությանը, մանավանդ՝ այդ ժամանակ այդքան էլ հստակ չէր՝ ովքեր են ընդդիմադիրները։ Թուրքիան, հասկանալով, որ ժողովրդական հուզումների արդյունքում Ասադը կարող է հեռացվել իշխանությունից, իսկ Էրդողանն ամեն գնով ձգտում էր պահպանել Ասադի իշխանությունը, քանի որ առաջին հերթին՝ տեսել էր, որ նրա ժամանակ չեն առաջանում Սիրիայի քրդերի անջատողական խնդիրներ, Էրդողանը սկսեց Ասադին հորդորել, որ արագորեն բարեփոխումներ իրականացնի, որպեսզի Սիրիայում դադարեն ժողովրդական հուզումները։ Էրդողանը կոչ էր անում Ասադին՝ շուտափույթ ընդունել նոր Սահմանադրություն, ինչն Ասադը համարում էր անիրատեսական։ Նա ասում էր, որ Թուրքիան Սիրիայից պահանջում է ընդունել նոր Սահմանադրություն, բայց նույն Թուրքիայում 30 տարուց ավելի է, ինչ նոր Սահմանդրություն չի ընդունվել»։

2011թ. թուրքսիրիական հարաբերությունների վատթարացում

Հ. Գաբրիելյանի դիտարկմամբ՝ Էրդողանը սիրիական հակամարտության մեկնարկից հետո հայտնվել էր շատ ծանր իրավիճակում. մի կողմից՝ Ասադի հետ ջերմ հարաբերությունների մեջ էր, մյուս կողմից՝ պարզապես չէր կարող լռություն պահպանել նրա նկատմամբ, որ Սիրիայի իշխանությունները բռնություն են գործադրում իրենց ժողովրդի դեմ, որովհետև դրանից առաջ Էրդողանը դատապարտել էր նման երևույթները Եգիպտոսում, Լիբիայում և այլուր. «Չմոռանանք, որ վերջին տարիներին Էրդողանը ոչ օրինական ձևով որդեգրել էր մուսուլմանների իրավունքների պաշտպանի դերը։ Եվ ահա Էրդողանի ու Ասադի հարաբերությունները գնալով լարվեցին։ Թուրքիայի դիրքորոշման փոփոխման համար գլխավոր դերը խաղաց այն, որ 2011թ. օգոստոսի 18-ին ԱՄՆ նախագահ Օբաման առաջին անգամ բացահայտ հայտարարեց, որ Բաշար Ասադը պետք է հեռանա։ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր, ԱՄՆ-ի դաշնակիցը, պարզապես չէր կարող հակառակ տեսանկյուն հայտնել, ու Օբամայի հայտարարությունից ընդամենը 5 օր անց Ստամբուլում ստեղծվեց սիրիական ընդդիմադիր կառույցը՝ Սիրիական ազգային խորհուրդը։ Թուրքիայում կարծեցին, թե Ասադի օրերը հաշված են, նա կհեռանա իշխանությունից, դրա համար էլ աջակցեցին սիրիական ընդդիմությանը, որ երբ նրանք Ասադից հետո գան իշխանության, Թուրքիան նրանց միջոցով կարողանա վերահսկել Սիրիայի քրդերի հնարավոր անջատողական շարժումները, և բացի այդ՝ Սիրիան կարող է լինել Թուրքիայից կախված վասալային պետություն»։

Այսպիսով, թուրք-սիրիական հարաբերություններն սկսեցին կտրուկ վատթարանալ, դիվանագիտական հարաբերությունները խզվեցին, դեսպանները հետ կանչվեցին և Թուրքիայում շարունակ մտածում էին՝ ինչպե՞ս անել, որպեսզի տիրապետեն Սիրիայում տիրող իրավիճակին, հասնեն Ասադին իշխանությունից հեռացնելուն։

«Բաց դռների» քաղաքականություն

Թուրքագետի խոսքով՝ մի քանի պատճառներով Թուրքիան սիրիացի փախստականների հանդեպ վարեց «բաց դռների» քաղաքականություն. «Նախ՝ դա ի ցույց էր դնում Թուրքիայի իշխանությունների, այսպես ասած՝ մարդասիրությունը, որպես նաև մուսուլմանների իրավունքների պաշտպան, որ նրանք նեղության մեջ հայտնված մուսուլմաններին չեն թողնում բախտի քմահաճույքին։ Երկրորդ պատճառը, որը հետագայում արդեն ակնհայտ տեսանք, այն էր, որ նա փախստականների խաղաքարտն օգտագործեց Եվրոպայից զիջումներ կորզելու համար։ Սակայն կարևորն այն է, որ փախստականների հոսքի շնորհիվ՝ Թուրքիան կարողացավ հիմնավորել իր այն պնդումները, թե ի տարբերություն Լիբիայի՝ Սիրիայի հակամարտությունն անմիջականորեն ազդում է իր սահմանների վրա»։

Բացի այդ, նրա խոսքով՝ թուրքական մամուլը սիրիական հակամարտության մեկնարկից ամիսներ անց, շարունակ տարբեր թվեր էր ներկայացնում, որ եթե Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասնի 50-60 հազարի, ապա Թուրքիան ռազմական ներխուժում է իրականացնելու Սիրիայի հյուսիս և այնտեղ ստեղծելու է անվտանգության կամ թռիչքազերծ գոտի, որտեղ կկարողանան պատսպարվել սիրիացի փախստականները. «Սակայն, դրա հիմնական իմաստն այն էր, որ Թուրքիան նախ՝ ռազմական ներկայություն կունենա Սիրիայի հյուսիսում, ինչը մենք այսօր տեսնում ենք, և երկրորդ՝ դա պետք է լիներ հիմնականում քրդերի դեմ ուղղված։ Դրա մասին էր վկայում այն, որ թուրքական մամուլի բնորոշմամբ՝ որպես անվտանգության գոտու վայր, նշվել էր Ղամշլուի շրջանը, որը, եթե նայենք քարտեզին՝ գտնվում է անմիջապես Սիրիայի, Իրաքի և Թուրքիայի քրդերի արանքում. Թուրքիան ցանկանում էր այդտեղ թույլ չտալ քրդերի միավորումը»։

«Սահմանային սադրանքների» քաղաքականություն

Հայկ Գաբրիելյանը նշեց, որ հետագայում Թուրքիան Սիրիայի հանդեպ որդեգրեց «սահմանային սադրանքների» քաղաքականությունը։ Ըստ նրա՝ Թուրքիայում հաշվի առան, որ այն ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածն ասում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի դեմ հարձակումը նշանակում է՝ ողջ ՆԱՏՕ-ի դեմ հարձակում. «Սկզբնական շրջանում սկսեցին Սիրիայի կողմից հրետակոծվել Թուրքիայի սահմանները, և վերջինս շարունակ ՆԱՏՕ-ի ժողովներ էր գումարում՝ շեշտը դնելով նրա վրա, որ ինքը վտանգի տակ է, հարձակման է ենթարկվել, ու ՆԱՏՕ-ն պարտավոր է իրագործել կանոնադրության 5-րդ հոդվածը և օգնել Թուրքիային. այսինքն՝ ներխուժել Սիրիա և տապալել Ասադի իշխանությունը։ Սակայն, ՆԱՏՕ-ում չհավատացին Թուրքիային, նրանք ասացին, որ Թուրքիային կօգնեն միայն այն ժամանակ, երբ սիրիացի զինվորները հատեն Թուրքիայի սահմանը։ Բացի այդ, Պենտագոնի ղեկավարը նշեց, որ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի կիրառումը շատ բարդ գործ է, և այն ցայժմ կիրառվել է միայն մեկ անգամ՝ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո»։

Նրա խոսքով՝ Թուրքիայում շարունակ դժգոհություններ էին առաջանում ՆԱՏՕ-ից, ասվում էր, որ հանուն ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի՝ Թուրքիան թշնամացել է Ասադի հետ, ու այժմ նրանք օգնության չեն հասնում իրեն, որպեսզի օգնեն տապալել Ասադի իշխանությունը. «ՆԱՏՕ-ն միայն համաձայնեց Թուրքիային տրամադրել Patriot զենիթահրթիռային համալիրներ, որոնք իբրև թե ուղղված էին Սիրիայից եկող այդ հրետանային կամ ականանետային արկերի հարվածների դիմակայմանը, բայց մենք տեսանք, որ դրանք միտված են թռիչքազերծ գոտու ստեղծմանը, դրա անվտանգության ապահովմանը, քանի որ այդ համակարգերը նախատեսված չեն ականանետեր որսալու համար»։

Սիրիայի հակամարտության 2-րդ փուլը. «Իսլամական պետություն»

Սիրիայի հակամարտության 2-րդ փուլը Թուրքիայի համար սկսվեց 2014թ. սկզբին, երբ Սիրիայի քրդերը Սիրիայի հյուսիսում հռչակեցին իրենց երեք շրջանները (Աֆրին, Քոբանի, Ջիզրե)։ Թուրքագետի խոսքով՝ սիրիական քրդերի այդ տարածքներն իրար հետ կապ չունեին, ու նրանք նպատակադրվել էին միավորել այդ շրջանները և Թուրքիայի գրեթե ամբողջ սահմանով ստեղծել քրդական պատնեշ. «Դրան նպաստել էր այն, որ Բաշար Ասադը Հալեպի ճակատամարտի համար իր զորքերը հետ էր քաշել Սիրիայի հյուսիսից, ու թուրք-սիրիական սահմանի մեծ մասը թողնվել էր քրդերի հսկողության տակ։ Սիրիայի քրդերն էլ Ասադի հետ չեզոքություն էին պահպանում, և, երբ նրանք հռչակեցին իրենց ինքնավարությունը, դրանից ամիսներ անց ստեղծվեց ԻԼԻՊ-ը, որը, ի թիվս այլ բաների՝ սկսեց զբաղվել Սիրիայի քրդերի հարցերով։ ԻԼԻՊ-ը, որը մեծ աջակցություն էր ստանում Թուրքիայից, սկսեց Քոբանիի վրա հարձակումը ու գրեթե գրավել էր այդ շրջանի մեծ մասը։ Այդ ժամանակ ԻԼԻՊ-ը Թուրքիայի հետ 200 կմ-անոց սահման ուներ»։

Այստեղ, ըստ նրա՝ առաջ երկան Թուրքիայի երկակի ստանդարտները. Թուրքիան հայտարարում էր, որ իր համար ԻԼԻՊ-ն ու Սիրիայի քրդերի դեմոկրատական միություն կուսակցությունը ահաբեկչական կազմակերպություններ են, սակայն զգալի տարբերություններ ենք տեսնում նրանց հանդեպ Թուրքիայի մոտեցումներում. «Երբ վերջին շրջանում Սիրիայի քրդերը մեծ հաջողությունների հասան և սկսեցին ԻԼԻՊ-ից ազատագրել Թուրքիային սահմանակից այդ շրջանները, Թուրքիան Սիրիայի քրդերին զգուշացրեց 15 կմ-ից ավելի չմոտենալ սահմանին։ Այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ ժամանակին Թուրքիան իր զգուշացումը չէր արել ԻԼԻՊ-ին, որպեսզի նա չմոտենա իր սահմաններին։

ԻԼԻՊ-ը գրեթե գրավել էր Քոբանի շրջանը, ամեն դեպքում, քրդերը կարողացան դիմակայել հիմնականում ԱՄՆ-ի աջակցության շնորհիվ, ու սկսվեցին Սիրիայի քրդերի աննախադեպ մեծ ռազմական հաջողությունները։ 2015թ. հունիսին Սիրիայի քրդերին հաջողվեց միավորել իրենց 3 ինքնավար շրջաններից երկուսը՝ Քոբանիի ու Ջիզրեի շրջանները, ինչը ցավագին ընդունվեց Թուրքիայի կողմից»։

Թուրքագետը նկատեց, որ, երբ ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկում էր պայքարել ԻԼԻՊ-ի դեմ, ու Թուրքիան երկակի խաղ էր խաղում, ԱՄՆ-ը սկսում է հենվել Սիրիայի քրդերի վրա, որոնց ռազմական հաջողություններն անհանգստացնում են Թուրքիային, ու նա հասկանում է իր սխալը. «Թուրքիան հասկացավ, որ պետք է ակտիվորեն «միանալ» ԻԼԻՊ-ի դեմ պայքարին և փորձել ԱՄՆ-ին կտրել Սիրիայի քրդերի աջակցությունից։ Թել-Աբյադի դեպքերից հետո Թուրքիայում գումարվում է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ որոշվում է Սիրիայի քրդերի համար կարմիր գիծ սահմանել Եփրատ գետի արևմտյան ափը, որտեղ գտնվում է Ջերաբլուսը, և այս տարի Թուրքիայի զինուժը մտավ այնտեղ։ Թուրքիան չթողեց, որ քրդերը միավորեն իրենց վերջին՝ Աֆրինի շրջանը։ Թուրքիան այդպիսով աջակցեց ԻԼԻՊ-ին ու թույլ չտվեց, որ Սիրիայի քրդերը հարձակվեն նրա վրա»։

ԱՄՆ-ի օժանդակությամբ, սակայն, Սիրիայի քրդերը հատում են Թուրքիայի գծած «կարմիր գիծը»։ Հ. Գաբրիելյանի խոսքով՝ Թուրքիան սկսում է դժգոհել ԱՄՆ-ից. «Թուրք-սիրիական 911կմ-անոց սահմանի 700 կմ-ն քրդերի ձեռքում հայտնվելու վտանգի տակ էր, իսկ նման ցամաքային սահման այսօր ոչ ոք չունի Թուրքիայի հետ (Երկրորդ խոշոր սահմանը Թուրքիան ունի Իրանի հետ, որի երկարությունը մոտ 550 կմ է)։ Դրա համար Թուրքիան թույլ չտվեց այդ շրջանների ազատագրումն ԻԼԻՊ-ից»։

2016թ. նոր զարգացումներ Սիրիայում. «Եփրատի վահան»

Այս տարի արդեն, ըստ թուրքագետի՝ պատրվակը կար, ու Թուրքիան օգոստոսի 24-ին սկսեց իրականացնել «Եփրատի վահան» գործողությունը. «Թուրքիան Եփրատ գետը վահան դարձրեց Սիրիայի քրդերի դեմ, չթողեց, որ նրանք առաջանան, ու հիմա շարունակում է իր գործողությունները։ Այս գործողությունը, անկասկած, համաձայնեցված էր ԱՄՆ-ի, Իրանի և Ռուսաստանի հետ։ Թուրքիան չէր կարող նման ներխուժում ձեռնարկել՝ առանց նրանց համաձայնության։ Ռուսաստանը համաձայնել էր, որովհետև Թուրքիան կարծես դեմ չէ, որ Ասադը կարճաժամկետ մնա իշխանության։ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն էլ է հայտարարել, որ այս փուլում ստիպված են գործ ունենալ Ասադի հետ, այլ տարբերակ չկա։ Իրանը մեծապես աջակցել է Ասադին, սակայն նա ունի քրդական մեծ բնակչություն ու չի ցանկանում Սիրիայի քրդերի հզորացումը, ինչը կարող է ոգևորել նաև Իրանի քրդերին։ Իրանը մի կողմից՝ ողջունում է Սիրիայի քրդերի պայքարը՝ ընդդեմ Ասադի թշնամիների, ԻԼԻՊ-ի, մյուս կողմից՝ մտահոգված է, որ Սիրիայի քրդերը չունենան շատ մեծ տարածքային նվաճումներ, ռազմական հաջողություններ, ու Իրանի դիրքորոշումը, թերևս, դրանով է պայմանավորված»։

Իսկ թե ԱՄՆ-ը ինչո՞ւ համաձայնեց, որ Թուրքիան նման ներխուժում ձեռնարկի, ապա, ըստ թուրքագետի՝ այստեղ կարևոր էր Թուրքիայի պայքարն ԻԼԻՊ-ի դեմ. «Սակայն խնդիրներ կարող են լինել նաև Սիրիայի քրդերի ու ԱՄՆ-ի միջև։ Օրինակ՝ հնարավոր է, որ Սիրիայի քրդերն ԱՄՆ-ին խոստացած լինեին չանցնել Եփրատի արևմտյան մասը, ինչն արեցին։ Թուրքիան էլ ասում է, որ ԱՄՆ-ը երաշխավորել էր՝ Սիրիայի քրդերը չեն անցնի Եփրատի արևմտյան մասը, մինչդեռ դա տեղի ունեցավ»։

Ըստ նրա՝ մոտ ապագայում դժվար է ասել, թե ինչը կարող է թուրքական զորքերին ստիպել՝ հեռանալ Սիրիայից։

Տեսանյութեր

Լրահոս