«Շատ մի ոգևորվեք հեռացողներով, որովհետև նրանք վերադառնալու են». Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանն այսօր լրագողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ՀՀ ներքաղաքական կյանքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին՝ ասաց, որ գործընթացներն արդեն դառնում են զավեշտալի:
«Հայաստանում ձևավորվել է քաղաքական մշակույթ, երբ մարդիկ հույսը դնում են հասարակության կարճ հիշողության վրա, իսկ հասարակությունը, իրոք, կարճ հիշողություն ունի: Հայաստանում ամեն ինչ գրոտեսկի է վերածվել ու տրամաբանությունից դուրս է: Քաղաքական գործընթացներն ամբողջությամբ կառավարվում են իշխանության վերին օղակներից, ու որևէ նորություն այստեղ չկա»:
Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին խոսակցությունները, ըստ նրա՝ նույնպես այդ սցենարներից է. «Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից նախագահի հայտնի ելույթից հետո. եթե այդպես հեռանում են, ապա անհնար է մտածել, որ առանց սանկցիայի հնարավոր է վերադառնալ: Ես չգիտեմ՝ ովքե՞ր են հիմա ընդդիմություն: Ընդդիմությունը ժողովուրդն է, բայց նա էլ դաշտ չի ձևավորում»:
Նրա խոսքով՝ քաղաքական դաշտում տեղի ունեցող փոփոխությունները, իրադարձություններն ընդամենը խայտաբղետություն ստեղծելու համար են. «Ակնհայտ է՝ դաշտը մեռած է, դրա համար պետք է ստեղծել տեսիլք՝ իբր ինչ-որ գործընթացներ են կատարվում: Խայտաբղետությունը պետք է, որովհետև միագույն կառավարումն ընդունելի չէ աշխարհի համար, հասարակությունն էլ չի կարող հանդուրժել միագույն կառավարումը: Բայց կառավարումը կմնա միահեծան»:
Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին՝ նա նշեց, թե զարմանում է դրանց հետ կապված լավատեսություն ունեցողների վրա: «Նույնիսկ 1991թ. ընտրությունները կեղծվել են: 25 տարվա հզոր տրադիցիա կա երկրում արմատացած: ՏԻՄ ընտրություններն ընդամենը դրա փոքրիկ ինդիկատորն են, ու զարմացած եմ, որ մարդիկ այսքան լրջորեն մոտեցան դրանց»,- ասաց նա՝ նկատելով, որ բախտագուշակ պետք չէ լինել՝ հասկանալու համար, թե ինչպիսին են լինելու 2017թ. խորհրդարանական ընտրությունները: Քաղաքագետը չի բացառում, որ այդ ժամանակ ժողովրդական մեծ ալիք բարձրանա:
«Ամառը ցույց տվեց, որ լարվածությունն այնումենայնիվ ինչ-որ դրսևորումներ գտնում է: Իշխանությունն այս ամբողջ ընթացքում առաջին անգամ լուրջ վտանգ տեսավ, բայց բարեփոխումներ անելու փոխարեն՝ ընտրվեց հին, կոսմետիկ փոփոխություններ անելու ճանապարհը: Եթե չկա համակարգային փոփոխություն, ոչ ոք չի կարող աշխատել: Շատ մի ոգևորվեք հեռացողներով, որովհետև նրանք վերադառնալու են»:
Իսկ այս իրավիճակից միակ ելքը նա տեսնում է իշխանության հեռանալու մեջ. «Հիմա բոլորն էլ հասկանում են, որ նախագահի հրաժարականի խնդիրն ակտուալ չէ. լավ կլիներ, որ իշխանությունը հեռանար, ինչը կլիներ ռեալիստական լուծում»: