Վիկտոր Դալլաքյանը՝ ուր, Վանաձորի ծննդատան կառուցումը՝ ուր
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն այսօր ասուլիսում հայտարարեց իր հրաժարականների և այսուհետ ընդդիմության շարքերը համալրելու, ակտիվ քաղաքական գործունեություն սկսելու մասին: Նա երկարաժամ ասուլիսի ընթացքում մեղադրանքներ ուղղեց, փնովեց բազմաթիվ անձանց՝ քաղաքական ուժերի և քաղաքական գործիչների՝ Վանաձորից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանին, այդ թվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ում աշխատակազմի ղեկավարի տեղակալը և ԱԺ-ում մշտական ներկայացուցիչն է եղել տարիներ շարունակ: Դալլաքյանը հընթացս նաև գովերգում էր ինքն իրեն՝ այս կամ այն ծրագրերը, նախաձեռնությունները վերագրելով իր անձին:
Ըստ Վ. Դալլաքյանի՝ ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների օրոք ինքը տարբեր առաջարկներ է արել: Դալլաքյանը գրեթե իրեն վերագրեց նաև Վանաձորի դպրոցի, երաժշտական դպրոցի, ծննդատան վերակառուցման նախագծերի գաղափարը՝ իբրև թե ինքն է հուշել այդ նախագծերի անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, տարիներ առաջ՝ 2012թ., ֆինանսավորել է Վանաձորում կառուցվելիք գերժամանակակից առողջապահական համալիրի ծննդատան շինարարությունը, որի համար Կարապետյան եղբայրները տրամադրել էին ավելի քան 2 մլն ԱՄՆ դոլար:
168.am-ի դիտարկմանը, որ Վանաձորի ծննդատան և այլ շենքերի կառուցման ֆինանսավորումը Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ իրականացրել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, ո՞րն է եղել անձամբ Դալլաքյանի «ներդրումը», նախկին պատգամավորը պատասխանեց՝ առաջարկը: Ըստ նրա՝ իր առաջարկով է սկսվել այդ համալիրի կառուցումը։
Մանրամասները՝ տեսանյութում: