«Աշխարհը վերջին տասնամյակներում նման բան չի տեսել». Ռուբեն Սաֆրաստյան

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց, որ Ռուսաստանը թեև բանակցում է Թուրքիայի հետ, բայց հասկանում է, որ նա Սիրիայում հարցեր լուծելու հնարավորություն չունի:

«Թուրքիան չի պատկանում այն երկրների թվին, ԱՄՆ չէ, որ կարողանա Սիրիայում հարցեր լուծել։ Ռուսաստանի համար այս համաձայնությունները կարևոր են քարոզչության առումով. քանի որ Թուրքիան Արևմուտքի դաշնակիցն է, Ռուսաստանը փորձում է Արևմուտքին ցույց տալ, որ նրա դաշնակիցը համագործակցում է իր հետ»,- ասաց թուրքագետը։

Իսկ ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացումը թուրքագետը համարում է շատ վտանգավոր գործընթաց.

«Աշխարհը վերջին տասնամյակներում նման բան չի տեսել. այն, ինչ հիմա սկսել է տեղի ունենալ Սիրիայում ու Եվրոպայում։ Վտանգը մեծ է, որ կարող է Սիրիայում ամերիկյան և ռուսական զինուժի մեջ բախում տեղի ունենալ, որովհետև երկու երկրների զինուժն էլ այնտեղ գործում է։ Սա է ամենամեծ վտանգը՝ կապված Սիրիայի հետ»։

Միևնույն ժամանակ, թուրքագետը նկատեց, որ պետք է հաշվի առնել ԱՄՆ-ի՝ ընտրության շեմին կանգնած լինելու հանգամանքը.

«Ես չեմ կարծում, որ Օբամայի ադմինիստրացիան կգնա ռազմական գործողությունների։ Ամեն դեպքում, չի բացառվում, որ, եթե Հալեպի շուրջ իրավիճակն ավելի սրվի, մենք ականատես լինենք նոր մարտական գործողությունների Սիրիայում։ Իսկ ռուսական գործողությունները Սիրիայում, ակնհայտ է, որ նպատակ ունեն պահպանելու Ասադի կառավարության դիրքերը։

Մենք տեսնում ենք, որ դա հաջողվում է։ Հիմա ստրատեգիական հարց է դարձել Հալեպի հարցը։ Եթե հաջողվի Սիրիայի իշխանություններին առաջիկա ամիսներին վերագրավել Հալեպը, դա կնշանակի՝ ռազմավարական առումով հաղթանակի են հասել Ասադի ուժերը։ Հակառակ դեպքում՝ սիրիական ճգնաժամն ավելի կխորանա»։

Թուրքագետը նկատեց, որ Թուրքիան երբեք չի հրաժարվի ՆԱՏՕ-ի մասն լինելուց ու Ռուսաստանի հետ խաղում է որոշակի սահմանների մեջ.

«Թուրքիան երբեք սահմանագիծը չի անցնի և այնպիսի քայլեր չի անի, որոնք ռազմավարական առումով դեմ են ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին, և այլն։ Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ին հավատարիմ պետություն»։

Տեսանյութեր

Լրահոս