«Դատախազությունից մարդ է եղել այստեղ, մոտեցել է մեր կուսակցության անդամներին ու ասել…». Էդմոն Մարուքյանը՝ Վանաձորում տեղի ունեցած քվեարկության մասին

«Ովքեր խախտել են հուշագիրը, նրանք պարզվելու են առաջիկա քվեարկությունների ժամանակ. չէ՞ որ մյուս բոլոր քվեարկությունները բաց են լինելու՝ ձեռքով են քվեարկելու։ Դրա ժամանակը կգա, ու կտեսնենք, թե ովքեր են։ Նրանք կքվեարկեն, որովհետև բյուջե պետք է ընդունեն, կատարողական կա… կքվեարկեն։ Եվ այդ ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա։

Որևէ խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է։ Նման ճանապարհով «հաղթանակը» չի կարող որևէ դրական փոփոխություն բերել Վանաձոր քաղաքում, որովհետև սա ընդդեմ մարդկանց սպասումների է, սա ընդդեմ ձևավորված քաղաքական հուշագրի է, ու այս ամենն իր հետևանքներն ունենալու է։ Ես կյանքում չէի ուզենա, որ այս ճանապարհով ընտրվեի։ Ավելին ասեմ՝ ՀՀԿ-ի առաջադրումն ինձ համար մեսիջ էր, որ ամեն ինչ լուծված է»,- Վանաձորում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, որ Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո ձևավորված նորընտիր ավագանու այսօրվա նիստում, երկարատև քննարկումներից, վեճերից հետո ավագանու անդամների փակ քվեարկությամբ Վանաձորի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը: Նա հավաքեց 19 ձայն, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Քրիստ Մարուքյանը՝ 14 ձայն:

Էդմոն Մարուքյանը նաև հայտարարեց, որ ամենօրյա ռեժիմով ավագանու անդամների վրա ճնշումներ են եղել.

«Դատախազությունից մարդ է եղել այստեղ, մոտեցել է մեր կուսակցության անդամներին ու ասել՝ բաց չքվեարկեք, քրեական գործ կհարուցենք ձեզ վրա։ Հենց էստեղ տեղում են ճնշել։ Ոմն դատախազ Ասրյան էր այստեղ աշխատում։ Եվ սա է մեր ունեցածը։ Էլի եմ ասում՝ ամեն ինչ նորմալ է, մենք մեր առջև դրված խնդիրները լուծելու ենք՝ որպես ավագանիներ, և ավելին՝ դեռևս հարց է, թե այս քվեարկության արդյունքները վերջնական ուժի մեջ կմտնե՞ն, թե՞ ոչ։ Մենք դրա վերաբերյալ քննարկումներ կունենանք ու մեր մոտեցումները կհրապարակենք»,- պատմց նա։

Հարցին՝ ԲՀԿ-ն է ու ՀՎԿ-ն ասում են, որ քվեարկել են Քրիստ Մարուքյանի օգտին, ստացվում է, որ «Լուսավոր Հայաստանի՞ց» են Մամիկոն Ասլանյանի օգտին քվեարկել, նա այսպես պատասխանեց. ««Լուսավոր Հայաստանի» 10 հոգու համար մենք պատասխանատվություն ենք կրում ու նրանց քվեարկությունը ստուգված է։ Ես էլի եմ կրկնում՝ ելնելով անմեղության կանխավարկածից՝ չեմ ասում՝ այս ուժը կամ այն ուժը։

Առաջիկա նիստերում այդ ուժերի ներկայացուցիչները կերևան, որևէ խնդիր չկա՝ որևէ մեկին մեղադրելու։ Հիմա ուղղակի պետք է արձանագրել, որ Հայաստանում քաղաքական համակարգը տեռորի տակ է գտնվում, և դրա արդյունքում տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում։ Դատախազություն բերել այստեղ, մարդկանց ճնշել, որ իրենց կայացրած որոշումը փոխեն, վախեցնել քրեական գործ հարուցելով, սա, բնականաբար, անընդունելի է ու ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի»։

Տեսանյութեր

Լրահոս