«Վարորդին նկարելու համար տեսուչը պետք է թույլտվություն վերցնի». Էդուարդ Հովհաննիսյան

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսին անդրադառնալով ՃՈ ներկայացուցիչների մոտ առկա տեսախցիկներին ու դրանց կիրառմանը՝ նշեց, որ դրանք ոչ արդյունավետ են, ու կոռուպցիան չի նվազում. «Էն օրը մեր վարորդներից մեկը պատմում էր, որ ճանապարհային ոստիկանն իր հետ խոսել է ու ասել՝ տես՝ ինչ ես անում։ Ստացվում է, որ այդ տեսախցիկները ձևի համար են դրել»։ Նա նշեց, որ վարորդն իրավունք ունի ասել՝ անջատեք տեսախցիկը. «Վարորդին նկարելու համար տեսուչը պետք է թույլտվություն վերցնի։ Թող վարորդներն ասեն՝ անջատեք, գոնե մենք կիմանանք՝ վարորդները ցանկանո՞ւմ են կաշառք տալ, թե՞ ոչ»։

Լրագրողների դիտարկմանը՝ գուցե վարորդը կաշառք չի տալիս, բայց չի ուզում, որ իրեն նկարեն, ինչպե՞ս են իմանալու՝ կոռուպցիան վերանո՞ւմ է, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Նախ՝ ուզում եմ ասել, որ վարորդն իրավունք ունի նկարել տեսուչին, քանի որ վերջինս պաշտոնատար անձ է, թափանցիկ է ու իր ծառայություններն է իրականացնում։ Ոչ մի իրավական ակտով արգելված չէ, ու ցանկացած քաղաքացի կարող է տեսաձայնագրել ծառայություն իրականացնող ոստիկանին»։

Լրագրողների դիտակմանը՝ բուն հարցին պատասխան չեղավ, նա այսպես արձագանքեց. «Ձեր հարցին պատասխան չկա՝ ես շատ չեմ իմանում՝ դուք ինչ եք ուզում։ Եթե այս տեսակ կիրառեն տեսախցիկները, իհարկե, օգուտ չի տա կոռուպցիայի դեմ պայքարին»։ Է. Հովհաննիսյանը նաև նկատեց, որ Երևան քաղաքի երթևեկության կարգավորումը պետք է կազմակերպի Երևանի քաղաքապետարանը, այլ ոչ թե ՃՈ-ն. «ՃՈ-ն իր վրա այնպիսի լիազորություններ է դրել, որոնք իրավասու չէ անելու։ Երբ ՃՈ-ին հարցնում եմ՝ ինչո՞ւ ես դու անում այդ գործառույթը, պատասխանում են՝ դե մեկն ու մեկը պետք է անի»։

Տեսանյութեր

Լրահոս