Պարգևատրվել են ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների ուսուցիչներ
Հոկտեմբերի 7-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկացվել է ուսուցիչներին նվիրված հանդիսավոր միջոցառում:
ՀՀ ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների և ՀՀԿ կանաց խորհրդի կողմից համատեղ կազմակերպված մեծարման ցերեկույթին մասնակցել են այն ուսուցիչները, ում դաստիարակած սաները հերոսաբար մարտնչեցին ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում՝ ընտրելով մահ իմացյալ ճանապարհը: Ցերեկույթին ներկա էին նաև այն մանկավարժները, որոնց աշակերտներն իրենց խիզախության համար արժանացել են պետական ու գերատեսչական պարգևների:
Տոնական հանդիսության շրջանակում հնչած ելույթների ընթացքում ոչ միայն երախտագիտության խոսքեր են հնչել ուսուցիչների հասցեին՝ հայրենասեր սերունդ և հայրենիքին արժանի զինվորներ կրթելու, նրանց հայրենասիրական ոգով դաստիարակելու համար, այլև մի խումբ մանկավարժներ ՀՀ ԱԺ-ի նախագահի, վարչապետի, պաշտպանության, կրթության և գիտության նախարարների կողմից խրախուսվել են պարգևներով ու խորհրդանշական նվերներով:
Շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ ուսուցիչը յուրաքանչյուր մարդու կյանքում ոչ միայն անցյալի և իմաստության հիշողություն է, այլև ապագայի կերտողն է, քանի որ ի դեմս զորակոչիկների՝ ուսուցչի աշխատանքի որակով է պայմանավորված նաև զինված ուժերի մարտունակությունը: Ըստ այդմ՝ պետք է անել ամենայն հնարավորը՝ աշակերտ-զինվոր-հրամանատար-ուսուցիչ կապն առավել սերտացնելու համար, քանի որ չի կարող լինել հերոս զինվոր ու հրամանատար առանց հերոս ծնողի և հերոս ուսուցչի, ինչի վառ վկայությունը դարձան նաև ապրիլյան մարտական գործողությունները:
Միջոցառման ընթացքում ողջույնի և շնորհավորանքի խոսքերով հանդես են եկել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, արիաբար զոհված զինծառայողների ծնողներ, ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում խիզախությամբ աչքի ընկած զինծառայողներ, նրանց դասավանդած ուսուցիչներ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ:
Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառումը եզրափակվել է համերգային ծրագրով: