«Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում ստացան տարբեր ոլորտների ներկայացուցիչներ
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հոկտեմբերի 7-ին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում ստացան տարբեր ոլորտների ներկայացուցիչները: Մինչ կոչումների հավաստագրերի հանձնումը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոսը Աջապահյանը շնորհավորեց բոլոր նրանց, ովքեր Գյումրու ավագանու որոշմամբ արժանացել են այդ մեծ պարգևին: Թեմակալ առաջնորդը հատկապես բարձր գնահատեց գյումրեցի մարզիկների ձեռքբերումները, ովքեր բարձ պահեցին հանրապետության պատիվը օլիմպիական խաղերում: «Ընդհանրապես, այսպիսի պարագաներում կարևորը երախտագիտության ու շնորհակալության զգացումն է: Ես երբեմն մտահոգություն եմ ունեմ, երբ տեսնում եմ, որ մարդիկ զուրկ են շնորհակալության ու երախտագիտության զգացումից և շատ լավ է, որ մեր քաղաքն այդ զգացումից զուրկ չէ:
Նախկին՝ խորհրդային տարիներին «Լենինականի պատվավոր քաղաքաղացի» կոչումներ տրվել են շատ հազվադեպ, այսօր իբրև երախտագիտության դրսևորում՝ հաճախակին են դարձել, դա որոշ առումով կարող է ընկալվել, որ արժեզրկվել է «Պատվավոր քաղաքացի» կոչումը, բայց կարելի է նաև դրական լույսի ներքո դիտել՝ երախտագիտության ու շնորհակալության զգացումն է մեր մեջ առատացել»,- նշեց թեմակալ առաջնորդը:
Հայկական թատրոնի և կինոյի կայացման ու զարգացման, ինչպես նաև Գյումրիի թատրոնի հանրահչռակման գործում ունեցած մեծ ավանդի համար «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչմանն արժանացավ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը: Երկրից բացակայելու պատճառով կոչումը հանձնվեց որդուն՝ Հակոբ Ղազանչյանին:
Հաշվի առնելով համահայկական բարեգործական ծրագրերը, եկեղեցաշինության, արվեստի ու հատկապես սպորտի բնագավառներում աջակցությունը, սոցիալապես անապահով ընտանիքներին սատարելու, համայնքային զարգացման ծրագրերին աջակցելու ավանդը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ևս արժանացավ այս կոչմանը: Ինչպես նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Գագիկ Ծառուկյանը ներկա չէր միջոցառմանը՝ երկրից բացակայելու պատճառով:
Բարձր պարգևի արժանացան նաև Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Ջամբարջինին և հիմնադրամի հոգաբարձուներ խորհրդի նախագահ՝ Լևոն Սարգսյանը, ով նույնպես ներկա չէր միջոցառմանը:
Իսկ միջոցառման ամենասպասված մասը սիրված ու ճանաչված մարզիկներին՝ Արթուր Ալեքսանյանին ու Նազիկ Ավդալյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումների հանձնումն էր: «Ես այս կոչումը մինչև կյանքիս վերջ պատվով կկրեմ»,նշեց Արթուր Ալեքսանյանը:
Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը ավագանու որոշմամբ արժանացավ «Գյումրի քաղաքի ոսկե հուշամեդալ»ի:
Միջոցառման ժամանակ տարվա ընթացքում օլիմպիական, աշխարհի և եվրոպայի տարբեր մրցույթներում և պարաօլիմպիկ խաղերում լավագույն ցուցանիշներ գրանցած գյումրեցի մարզիկներն ու նրանց մարզիչները ստացան դրամական պարգևներ:
Արմենուհի Մխոյան