Բաժիններ՝

Հեղափոխություն կաբելային հեռուստաալիքների հեռարձակման ոլորտում՝ «Արմենիա Յուքոմ» 6 տարբեր ցանցում

Հոկտեմբերի 31-ից կաբելային հեռարձակման ոլորտում սկսվում է Հայաստանում նախադեպը չունեցող մեդիանախագիծ: Այս և «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի նոր, բացառիկ նախագծերի վերաբերյալ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեցին  «Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյանը և «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Սեպտեմբերի 14-ից «Յուքոմ» ցանցի բաժանորդները հնարավորություն կունենան դիտելու նոր 6 հեռուստաալիքներ, որոնցից յուրաքանչյուրը նեղ ուղղվածություն կունենա: «Սա նոր «Արմենիա» հեռուստաընտանիքն է, որը կոչված է գոհացնելու հեռուստադիտողների լայն բազմությանը, և մենք հույս ունենք, որ յուրաքանչյուր հեռուստադիտող այստեղ կգտնի իր համար առավելագույն նախընտրելի հեռուստաալիքը: Սա ժամանակի պահանջ է, որն իրականություն է դառնալու մեր հուսալի գործընկեր «Յուքոմ» ընկերության հետ համագործակցության արդյունքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյանը:

Նոր նախագծերն են՝ «Հին արքաներ» պատմական բազմասերիանոց հեռուստաֆիլմը, «Ցանկալի փեսացու» ռեալիթի շոուն, «Ազիզյանները» և «Change» սիտքոմները:

«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշեց. «Առաջին անգամ չէ, որ մենք «Արմենիա» հեռուստաընկերության հետ ծրագիր ենք իրականացնում: «Արմենիան» այն առաջատար հեռուստաալիքներից է, որն այսօր հեռարձակում է բարձր որակի կոնտենտ և բավականին հետաքրքիր հեռուստածրագրեր: Այս 6 ալիքներից ես հատկապես կառանձնացնեի «Հայ կինոն» ու «Տունտունիկը», որոնք բացառիկ են հայկական շուկայի համար և ներկայացնում են հայկական մշակույթը: «Տունտունիկը» երեխաներին տալիս է զարգանալու բացառիկ հնարավորություն, որին մենք սպասում էինք»:

1-6 թվերի ներքո կհեռարձակվեն «Արմենիա» TV-ի «Պրեմիում», «Հայ կինո», «Ջան TV», «Քոմեդի», «Տունտունիկ» և «Սինեմաքս» ալիքները, որոնք HD որակով, օրը 24 ժամ՝ առանց գովազդային դադարների, կհեռարձակեն ֆիլմեր, երաժշտություն, հումորային ու մանկական հաղորդումներ:

Թիվ 1 համարի ներքո կհեռարձակվի «Արմենիա Պրեմիում» ալիքը, որով կցուցադրվի «Արմենիա» հեռուստաընկերության ողջ եթերը, ընդ որում՝ բարձր վարկանիշ ունեցող ֆիլմերը, հումորային նախագծերն «Արմենիա Պրեմիումով» կհեռարձակվեն 1 օր շուտ, բացի այդ՝ «Չեմպիոնների լիգայի» բոլոր հանդիպումները հեռուստադիտողին հասանելի են լինելու հենց «Արմենիա Պրեմիումի» շնորհիվ:

Թիվ 2 համարի ներքո կհեռարձակվի «Հայ կինոն», որի եթերում կլինեն հայկական արտադրության լավագույն ֆիլմերն ու սերիալները: Թիվ 3 տարբերանշանով կհեռարձակվի «Ջան TV»-ն, որով կներկայացվեն հայկական էստրադայի երգիչների բոլոր ժամանակների լավագույն երգերը, տեսահոլովակները, ինչպես նաև ուղիղ կհեռարձակվեն կենդանի նվագակցությամբ համերգները: 4-րդ համարի ներքո կհեռարձակվի «Քոմեդի» հեռուստաալիքը, որում ներկայացված կլինեն հումորային լավագույն հաղորդումները, սերիալներն ու մանրապատումները: 5-րդ և 6-րդ համարների ներքո կհեռարձակվեն «Տունտունիկ» մանկական, ուսուցողական հաղորդումների ալիքը, իսկ «Սինեմաքսով»՝ համաշխարհային կինոարտադրողների գեղարվեստական ֆիլմերը:

Տեղեկացնենք, որ «Յուքոմի» հեռակառավարման վահանի վրա 0 կոճակի տակ հանդես կգա «Արմենիա Պրեմիումը», 304-ի ներքո՝ «Հայ կինոն», 303-ի ներքո՝ «Ջան» TV-ն, 302-ի ներքո՝ «Քոմեդին», 301-ի ներքո՝ «Տունտունիկը», իսկ 300-ի ներքո՝ «Սինեմաքսը»:

Ասուլիսից հետո լրագրողները հնարավորություն ունեցան տեղում շփվելու նախագծերի ստեղծագործական խմբերի և դերասանների հետ: Ասուլիսի հատուկ հյուրերն էին Հայկ Մարությանը, Հովհաննես Ազոյանը, Ժան Նշանյանը, Մուրադ Ջանիբեկյանը և այլ սիրված դերասաններ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս