Չափազանցված սպասումների վտանգը
Որքան էլ պնդենք, որ Հայաստանում տնտեսական փոփոխությունների խորքային պատճառները քաղաքական են, ու չհավատանք, որ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը` իր կառավարչական հմտություններով հանդերձ, կարող է լուրջ փոփոխությունների հանգեցնել, անհնար է չնկատել մի բան` հասարակության մեջ կա վստահության որոշակի մակարդակ` նոր վարչապետի նկատմամբ, և լավատեսություն։
Վստահության չափն ու լավատեսության մակարդակն անհնար է գնահատել, սակայն ակնհայտ է, որ նախկին կառավարության նկատմամբ այն զգալիորեն բարձր է։ Անձնական շփումներով կարելի է գալ այն եզրակացության, որ անգամ բավականին պրագմատիկ մարդիկ հույս են հայտնում, որ «գոնե ինչ-որ բան կփոխվի»։ Այսինքն` խորքային փոփոխություններին, այն էլ` արագ, չեն հավատում, բայց հավատում են, որ դրական փոփոխություն լինելու է։ Կամ` ցանկանում են հավատալ։
Ինչո՞վ է սա լավ։ Բազմիցս նշվել է, որ ցանկացած բարեփոխման արդյունավետությունը կախված է այդ ռեֆորմն իրականացնող իշխանության նկատմամբ վստահությունից։
Անգամ ամենադրական, ամենահիմնավորված ու ամենաազնիվ մղումներով ծնված նախաձեռնությունը չի կարող արդյունք ունենալ, եթե հասարակությունը փորձում է դրա ետևում թաքնված թակարդ տեսնել։ Այսինքն, ամենաառաջին միտքը հետևյալն է` «որտեղ են ուզում մեզ քցել»։ Մարդիկ պետությանը համարում են ոչ թե գործընկեր, այլ խանգարող հանգամանք։ Այս առումով, Կարեն Կարապետյանի և նրա ձևավորած կառավարության նկատմամբ վստահությունը կարող է դեր խաղալ` դրական սպասումների ձևավորման տեսանկյունից։ Իսկ սպասումները տնտեսության մեջ էական նշանակություն ունեն։
Սակայն կա նաև մեդալի հակառակ կողմը։ Չափազանցված սպասումները կարող են է՛լ ավելի վատացնել վիճակն ու Կարեն Կարապետյանի հեղինակությունը հասցնել զրոյի։ Հատկապես նրա նշանակման առաջին օրերին իշխանության որոշ ներկայացուցիչներ և նրանց մոտ կանգնած անձինք ոգևորության աննախադեպ դրսևորումներ էին ցուցաբերում։
Եթե քեզանից սպասումները չափազանց մեծ են, ապա ամեն ինչ բարդանում է։ Եթե մարդիկ սպասում են արագ փոփոխությունների, ապա կարճ ժամանակ անց արդյունք չտեսնելու դեպքում ավելի վատ կխոսեն, քան քո նախկինի մասին։ Մեծ սպասումների դեպքում մեծ է նաև խորը հիասթափության վտանգը։
Այս վտանգը, կարծում ենք, Կարեն Կարապետյանն ու իր թիմը հասկացել են առաջին իսկ օրվանից։ Հենց այս պատճառով նորանշանակ վարչապետն ԱԺ-ում իր առաջին ելույթի ժամանակ նշեց, որ տնտեսության վիճակը շատ ծանր է։ Սրանով Կարեն Կարապետյանը բավականին անհարմար դրության մեջ դրեց այն մարդկանց, ովքեր հավատացնում էին, որ գործերը նախատեսվածից լավ են գնում։ Սակայն այլ տարբերակ չկա. պետք է ասել, որ շատ վատ է, որպեսզի մարդիկ շատ արագ լավը չպահանջեն։
Արագ փոփոխությունների չսպասելու հաջորդ ազդակը տրվեց 2017 թվականի բյուջեի նախագծի միջոցով։ Նշվեց, որ լինելու է բավականին կոշտ բյուջե` ծախսերը զգալիորեն նվազելու են։ Այսինքն` անցնում ենք խնայողության ռեժիմի։
Վարչապետի միտքն ավելի զարգացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ «Շատ դժվար է նայել կենսաթոշակառուների աչքերին և ասել, որ թոշակները չեն բարձրացվելու»,- ասել էր նա։ Այո, իրականում դա շատ դժվար է` հատկապես այն մարդկանց համար, ումից սպասումները մեծ են։
Արամյանը տնտեսությունը համեմատել էր մարդու օրգանիզմի հետ, որ սառը քամիներից հյուծվում է, իսկ հաբ ընդունելիս վերականգնումն անմիջապես չի կատարվում։ Այսինքն` մեր տնտեսությունը հիվանդ է, ճիշտ ախտորոշումը վերջերս տրվեց (այն, որ տնտեսությունում ծանր վիճակ է), և հիմա սկսելու ենք հաբեր ընդունել, որոնց ազդեցությունը կզգացվի միայն որոշ ժամանակ անց։
Բնական է, որ նման պնդումներից հետո այսպիսի հարցեր են առաջ գալու` իսկ ինչո՞ւ է հիվանդացել տնտեսությունը, ո՞ւմ մեղքով, և ինչո՞ւ ենք նոր միայն սկսում «բուժվել»։ Այսինքն, քննադատության սլաքներն ուղղվում են նախկին կառավարության ուղղությամբ։
Վարդան Արամյանը հընթացս փորձել էր կանխել այս հարցերը` նշելով՝ վատ իրավիճակը (հիվանդությունը) պայմանավորված է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմամբ և համաշխարհային շուկաներում հումքի գների անկմամբ։ Ասել է թե` կառավարությունը մեղք չուներ։ Ինչ վերաբերում է բուժմանը, «եթե կառավարությունը միջոցներ չձեռնարկեր, ապա արդյունքը բացասական կլիներ»։ Ասել է թե` հաբեր սկսել ենք ընդունել դեռ նախկին կառավարության օրոք, սակայն այժմ անցնում ենք ինտենսիվ բուժման։ Ընդ որում, ինտենսիվ բուժման արդյունքը շոշափելի կլինի 2018-ից ոչ շուտ։
Վերելք սկսելու համար, ըստ Արամյանի, անհրաժեշտ է 4.4% տնտեսական աճ, իսկ 2017 թվականի բյուջեով նախատեսվում է 3.2% աճ։
Արամյանի ասածները իրականության մի փոքր մասն են միայն։ 2017 թվականի պետբյուջեի նախագիծն ավելի մանրամասն տվյալներ է պարունակում սպասվող զարգացումների մասին։
Ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման` 2016 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հաստատված ցուցանիշների համեմատ՝ 11 ոլորտներից 6-ի ուղղությամբ բյուջետային հատկացումները 2017-ին ավելանալու են, 5-ինը` նվազելու են։
Բյուջետային ֆինանսավորումը նվազելու է հետևյալ ուղղություններով. տնտեսական հարաբերություններ (21 մլրդ դրամով քիչ), բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ (- 15 մլրդ դրամ), առողջապահության ոլորտ (-2.7 մլրդ դրամ), հանգիստ, մշակույթ և կրոն (-697 մլն դրամ), կրթություն (-17.5 մլն դրամ)։
2017 բյուջեի նախագծով կանխատեսվում է, որ տնտեսական աճի ֆոնին` ներդրումների մակարդակը կշարունակի նվազել։ 2015 թվականին ներդրումների մակարդակը կազմել է ՀՆԱ-ի 20.8 տոկոսը, այս տարվա վերջին այն կնվազի մինչև 20.2 տոկոս, իսկ 2017 թվականին կհասնի 19.1 տոկոսի։ 0.2 տոկոսային կետով կնվազի նաև սպառման մակարդակը` ՀՆԱ-ի 90.4 տոկոսից հասնելով 90.2 տոկոսի։
Ըստ առանձին ոլորտների` ամենաբարձր աճի տեմպը 2017 թվականին կգրանցի արդյունաբերությունը` 5.5 տոկոս։ Գյուղատնտեսության ոլորտը, ըստ կառավարության կանխատեսումների, կաճի 4 տոկոսով, ծառայությունները` 2.8 տոկոսով։ Շինարարությունը, ըստ բյուջետային կանխատեսումների` 2017-ին վերջապես դուրս կգա անկումային շրջանից և կգրանցի զրոյական աճ։
Պետական պարտքը կշարունակի աճել, և այլն։
Կանխատեսվող այս փոփոխությունները, իհարկե, չի կարելի փայլուն անվանել։ Դրա համար էլ ՀՀ Ֆինանսների նախարարը 2017 թվականն անվանում է կայունացման տարի, որը կարելի է հասկանալ նաև` նախապատրաստական տարի։
Կարճ ասած, կառավարությունը 1 տարի ժամանակ է խնդրում։ Իսկ կտրվի՞ Կարեն Կարապետյանի կառավարությանն այդքան ժամանակ` ավելի հստակ կերևա հաջորդ տարվա ապրիլին` ԱԺ ընտրությունների արդյունքներով։