«Մոսկվան փորձում է վերականգնել ուժային հավասարակշռությունը Երևանի և Բաքվի միջև». Ֆելգենգաուեր

«Երևանն ունի «Իսկանդեր» կիրառելու իրավունք»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակին ու ռուսական «Իսկանդերների» մատակարարմանը։

Հիշեցնենք, որ ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ վերջապես ցուցադրվեցին այդքան շատ քննարկվող ռուսական «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրները։

Խոսելով կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակից՝ վերլուծաբանն ասաց, որ բանակցություններ, ինչպես միշտ, տեղի չեն ունենում, և պատճառները բազում են։ «Պարզապես ապրիլյան պատերազմից հետո միջնորդներն իրավունք չունեն նստել և սպասել հակամարտող կողմերի՝ երկար ընթացակարգեր պահանջող համաձայնություններին՝ նոր հանդիպման կամ այս կամ այն խոստումը կատարելուն, քանի որ նոր բռնկում կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, ինչպես ապրիլ ամսին, երբ որևէ մեկը դրան չէր սպասում։ Ուստի պետք է պարտադրել կատարել համապատասխան պայմանավորվածությունները, որոնք ձեռք բերվեցին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում։ Պետք է ամրապնդվի հրադադարի ռեժիմն այդ պայմանավորվածությունների միջոցով, որից հետո սկսվեն քննարկումներ կարգավորման շուրջ, որը երկու կողմերից էլ ենթադրում է զիջումներ»,- նման կարծիք հայտնեց Ֆելգենգաուերը։

Նրա խոսքով՝ եթե կարգավորման գործընթացում գործուն քայլեր չնախաձեռնվեն, ապա լայնածավալ ռազմական գործողությունների սպառնալիքը կրկին կմեծանա՝ կործանարար հարվածներ հասցնելով կողմերին։ «Այս վտանգը կողմերը պետք է հասկանան»,- ընդգծեց նա։

Հարցին, թե ի՞նչ է փոխվել Հայաստանի և Ադրբեջանի ուժային հավասարակշռության հարցում «Իսկանդերի» մատակարարումից հետո, Ֆելգենգաուերը պատասխանեց, որ «Իսկանդերը» գերհզոր, գերժամանակակից սպառազինություն է, որը Երևանին թույլ  կտա թիրախավորել Բաքվի ամենակարևոր կառույցներն ու շինությունները։

Ըստ նրա՝ այս սպառազինության առանձնահատկությունն ընտրված թիրախը խոցելու ճշգրտությունն է։

«Սակայն մինչ «Իսկանդերի» կիրառումն աշխատանք պետք է իրականացնել թիրախի հայտնաբերման և տվյալների հաղորդման ուղղությամբ, որի համար ևս սարքավորումներ և միջոցներ են անհրաժեշտ։

Այսինքն՝ այս սպառազինությունն արդյունավետ կարող է լինել ճիշտ կիրառելու դեպքում, այլապես սրա նշանակությունը կարող է զրոյական լինել»,- ասաց Ֆելգենգաուերը։ Վերջինիս խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը չունի «Իսկանդեր», կարելի է ասել, որ ուժային հավասարակշռությունն այս հարցում հօգուտ Հայաստանի է կամ, ավելի ճիշտ, վերականգնվում է, քանի որ Ադրբեջանն իր միջոցների հաշվին վերջին տարիներին զինվել է ժամանակակից զինտեխնիկայով, որը կիրառեց ապրիլյան պատերազմի ընթացքում։

«Միայն «Իսկանդեր» ունենալն ու այն ճիշտ կիրառելը դեռ ուժ չէ, ապրիլյան պատերազմը ՀՀ ԶՈՒ որոշ թույլ կետեր բացահայտեց, որոնց ուղղությամբ հայկական կողմը պետք է աշխատանքներ իրականացնի։ Սակայն Ռուսաստանը, հաշվի առնելով ապրիլյան պատերազմի հետևանքները, փորձել է վերականգնել ուժային հավասարակշռությունը՝ չցանկանալով փոխել ուժային ստատուս-քվոն կողմերի միջև, քանի որ չի ցանկանում պատերազմ Ղարաբաղում, դա Մոսկվայի դեմ զարգացում կլինի այսօր, ուստի Ռուսաստանի համար կարևոր է, որ ուժերը հավասար լինեն, որի արդյունքում պատերազմ չի սկսվի, և կողմերը ստիպված կբանակցեն»,- ասաց Ֆելգենգաուերը։

Անդրադառնալով խոսակցություններին, թե այս սպառազինության մատակարարումը Հայաստանին ունի զուտ քարոզչական բնույթ, ուստի հայկական կողմն այն կիրառելու իրավասություն չունի, ռուս ռազմական փորձագետն ասաց, որ հայկական կողմն այն անհրաժեշտության դեպքում կարող է կիրառել, քանի որ սպառազինության այս տեսակներն արդեն պատկանում են ՀՀ ԶՈՒ-ին։

«Եթե մատակարարվել են, ուրեմն՝ դրանք կիրառելու իրավունք ևս կա։ Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ ռազմական ճանապարհը լուծում չէ, և Մոսկվան քաղաքական կարգավորման կողմնակիցն է»,- հստակեցրեց վերլուծաբանը։ Վերջինս համաձայն չէ շրջանառվող այն կարծիքների հետ, թե Հայաստանին «Իսկանդեր» է մատակարարվել անհրաժեշտության դեպքում Թուրքիայի դեմ կիրառելու կամ Թուրքիայի նկատմամբ որպես ճնշման միջոց կիրառելու նպատակով։ «Հատկապես այսօր, երբ կա ռուս-թուրքական կարգավորում, այդ մասին խոսելն անիմաստ է։ Պետք է հաշվի առնենք նաև այն, որ կողմերը երբեք չեն գնա լարվածության ռազմական ճանապարհով»,- պարզաբանեց Ֆելգենգաուերը։

Տեսանյութեր

Լրահոս