5 զոհ, 10 վիրավոր` Հալեպի հայ համայնքում. աննախադեպ ուրբաթ հայ համայնքի համար սիրիական պատերազմի ընթացքում

168.am-ի զրուցակիցն է Հալեպի Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը

Տեղեկություններ են տարածվում, թե Հալեպ քաղաքի հայաշատ թաղամասերում իրավիճակը ռուսական ուժերի ու սիրիական բանակի և զինյալների միջև էականորեն լարվել է։ Ի՞նչ է կատարվում Հալեպում։ Ի՞նչ իրավիճակում  է հայ համայնքը։

– Իրականում այսօր Հալեպում իրավիճակը չափազանց լարված ու աննախադեպ է,  որովհետև 2 օր առաջ ռուսական և սիրիական օդուժերը փորձեցին Հալեպի հյուսիսային կողմը մաքրագործել զինյալ ընդդիմությունից՝ հարձակումներ կազմակերպելով նրանց դեմ, որի  հակազդեցությունը երեկ և այսօր զգացինք։ Բոստան Փաշա շրջանից, որը լիքն է թուրք զինյալներով, հրթիռակոծվեցին խաղաղ, հատկապես՝ քրիստոնյա  շրջանները, թաղամասերը և հայկական  շրջանները, թաղամասերը, եկեղեցիներն ու թաքստոցները։

Երկու օր առաջ Կրթասիրաց մշակութային միությանը պատկանող Չեմբերջյան վարժարանը  երկու հրթիռի թիրախ դարձավ և որպես արդյունք՝ լուրջ վնասներ կրեց։ Քիչ առաջ Վիլլաներ շրջանում, որը հայաշատ կենտրոն է, հինգ զոհ ու տասը վիրավոր տվեցին, որոնց շրջանում՝ նաև ծանր վիրավորներ։ Կարծում եմ, որ այսօր Հալեպը պարզապես ուժեղ ճնշման տակ է, տրամադրությունները շատ վատ են, չնայած  այսօր դպրոցները բաց էին, և աշակերտներին ընդունել էինք մինչև կեսօր, դպրոցական ժամերն իրենց բնականոն հունով ընթացան, բայց  եթե այսպես շարունակվի, ժողովուրդը հուսահատության կմատնվի։

Բոլոր զոհերը և վիրավորները հայե՞ր են։

– Այո, ոչ հայերը շատ ավելի են ուրիշ շրջաններում։ Միայն հայկական թաղամասերում մեր տված զոհերի մասին եմ ձեզ տեղեկացնում։ Սա բավականին աննախադեպ իրավիճակ է, նման բան չէր պատահել, այսքան ուժեղ, մեր կողմից այսքան զոհ՝ մեկ օրվա մեջ, մինչ այսօր հայկական համայնքը  չէր  ունեցել։

Հայտնի՞ է, թե որ կողմի գործողությունների հետևանքով են թիրախավորվել հայկական շրջանները։

– Շատ հստակ է, որովհետև Հալեպի հյուսիսային շրջանն է, որ բանակը հարձակումներ  է կազմակերպում։ Մի շրջան սիրիական բանակն արդեն մի քանի օր առաջ վերադարձրել էր, դրանից հետո կրկին կորցրել և այսօր ետ վերադարձրել, ուրեմն  սա բանակի նվաճումների հակազդեցությունն էր, պատասխանը։

Բանակցային գործընթացն ինչպե՞ս եք գնահատում։ Մեծ ոգևորություն բարձրացրեց ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համաձայնությունը։ Այն Սիրիայում բնակվող մարդու կյանքում ի՞նչ փոխեց։

– Իրականում, ես կարծում եմ, որ այդ բանակցությունները դրական ընթացք չունեցան, որովհետև Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում փոխադարձ վստահության խնդիր կա, և այդ պայմաններում ԱՄՆ-ը փորձում է Ռուսաստանին մեկուսացնել և հեռացնել  այս շրջաններից, իսկ Ռուսաստանը դրա արդյունքում ավելի ուժգին է ներխուժում ու սկսում  գործոն դառնալ, հատկապես՝ օդուժի իմաստով, որտեղ ԱՄՆ-ը բացասական դիրքորոշում է ստանձնել և փորձում կասեցնել, եթե չասենք՝ դադարեցնել  բանակցությունները Ռուսաստանի հետ։ Դրական ոչինչ չկա, Հալեպ քաղաքում և շուրջը  զինյալ ընդդիմության և  բանակի պայքարը, բախումները  չեն նպաստում քաղաքական երկխոսության կայացմանը։

Վերադառնալով հայ համայնքին՝ այս պահին ունե՞ք արդյոք տվյալներ, թե ինչ թիվ է կազմում հայ համայնքը Սիրիայում։

– Այս օրերին այդքան էլ հեշտ չէ այս իմաստով ինչ-որ բան ասել։ Ամենայն հավանականությամբ, 8-10 հազար մարդ առավելագույնը՝ Հալեպում՝ որպես հայ բնակիչներ։

Այս պայմաններում ի՞նչ ապագա եք տեսնում հայ համայնքի համար։

– Ես անձնապես հոռետես չեմ, հուսով եմ, որ միջազգային ուժերն ի նպաստ կարգավորման, ի նպաստ հայերի կգործեն։ Սակայն այսօրվա նկարագրությունը, բախումները, հրթիռակոծումները դրական զգացում չեն հաղորդում մարդկանց, բայց եթե իրատես լինենք, ես հույս ունեմ, որ իրավիճակը պետք է փոխվի, որովհետև չեն կարող այս ուժգնությամբ երկար կռվել, ինչ-որ տեղում պետք է կանգ առնեն։

Տեսանյութեր

Լրահոս