«Դեռ վաղ է խոսել ՌԴ-ի նկատմամբ արևմտյան նոր պատժամիջոցների մասին». Ալեքսանդր Ռար
«Վտանգի տակ կարող է հայտնվել Ուկրաինայի շուրջ Մինսկի գործընթացը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով «Բոինգի» կործանման վերաբերյալ Հոլանդիայում հրապարակված Միջազգային քննչական խմբի եզրակացությանը։ Տեղեկացնենք, որ երեկ Միջազգային քննչական խումբը Հոլանդիայում՝ Նիուվեգեն քաղաքում, հայտարարել է, որ 2014 թվականի հուլիսի 17-ին Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթը կատարող «Բոինգ» օդանավն Ուկրաինայի արևելքում «Բուկ» հրթիռով ոչնչացրել են ռուս անջատականները, ովքեր հրթիռն արձակել են իրենց հսկողության տակ գտնվող տարածքից: Այդ մասին ասել է Հոլանդիայի գլխավոր դատախազ, քննիչների միջազգային խմբի ղեկավար Ֆրեդ Վեստերբեկեն:
Նա նշել է, որ այս գործով որոշ հայտնի տեղեկություններ դեռևս հրապարակման ենթակա չեն: «Բուկ» համալիրը Ռուսաստանից է բերվել Ուկրաինա և հաջորդ օրը վերադարձվել է Ռուսաստան: Հիշեցնենք, որ աղետը տեղի էր ունեցել 2014 թվականի հուլիսի 17-ին։ «Մալազիական ավիաուղիների» օդանավը թռիչք էր կատարում Ամստերդամից Կուալա Լումպուր։ Օդանավի խոցման հետևանքով զոհվել է 298 մարդ՝ բոլոր ուղևորներն ու անձնակազմը։
Ռարը նշեց, որ Միջազգային քննչական խումբն ընդհանուր պատկերն է տրամադրել, և չկա կոնկրետություն։ Իսկ այդ պատկերը, նրա որակմամբ, հայտնի էր արդեն երկու տարի առաջ, երբ տարբեր աղբյուրներ էին նույնատիպ փաստեր հրապարակում։ «Կոնկրետ փաստեր պետք է հրապարակվեն, թե ովքեր են սեղմել կոճակները, ովքեր են պատասխանատու «Բոինգի» կործանման համար, փաստերը, բոլոր տվյալները, լուսանկարները պետք է բազմակի ստուգվեն, որից հետո միայն ներկայացվեն հանրությանը։ Սա շատ նուրբ հարց է, պետք է ամեն ինչ չափազանց արժանահավատ ու վստահելի լինի, քանի որ իրավիճակն Ուկրաինայում արդեն իսկ բարդ է, իրար հակասող փաստերն ու տվյալները ևս շատ են»,- նման կարծիք հայտնեց Ռարը։
Վերջինիս համոզմամբ՝ կարևորն այն է, որ բանակցային գործընթացը չտուժի այս ամենի արդյունքում, քանի որ առանց փաստերի մեղադրանքներ Ռուսաստանի հասցեին հնչում էին նաև երկու տարի առաջ։ Իսկ այսօր, Ռարի հիշեցմամբ՝ կա Մինսկի գործընթաց, որը չափազանց կարևոր է Արևմուտքի, Ուկրաինայի ու Ռուսաստանի համար և որը կարող է վտանգի տակ հայտնվել այս հրապարակումների հետևանքով։ «Ուստի կարևոր է, որպեսզի աշխատանքն այս նուրբ հարցի շուրջ իսկապես ճիշտ ներկայացվի»,- ասաց Ռարը։ Մեր այն հարցին, թե ի՞նչ հետևանքներ կունենա այս զեկույցը, նա պատասխանեց, որ հետևանքը կարող է լինել Մինսկի գործընթացի ընդհատումը։
«Չէ՞ որ այս հարցն Ուկրաինային է վերաբերում։ Ես կարծում եմ, որ դա անթույլատրելի է, ուստի զգույշ պետք է լինել։ Չեմ կարծում, որ այլ հետևանքներ լինեն՝ հաշվի առնելով, որ քննչական խումբն այլ տեղեկություններ ևս հրապարակելու է ավելի ուշ»,- նկատեց գերմանացի վերլուծաբանը։ Վերջինիս կարծիքով՝ վաղ է նաև արևմտյան պատժամիջոցների մասին խոսելը, քանի որ զեկույցը որևէ նորություն չի պարունակում։
«Ամերիկյան արբանյակներն ի սկզբանե ունեցել են բոլոր անհրաժեշտ տվյալները, ուստի կարծում եմ՝ Արևմուտքի համար բացահայտումներ չեն լինելու, պարզապես պետք է փաստերն ավելի հիմնավորված ու ամբողջական ներկայացվեն։ Արևմուտքն այս ամենն արդեն իսկ հաշվի է առել Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականության հարցում։ Խոսելով հայաստանյան խնդիրների վրա այս գործընթացի ազդեցությունից, նա ասաց, որ չի տեսնում նման ազդեցություն։ «Այս ամենից չի փոխվելու Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը»,- ասաց նա։