Բաժիններ՝

Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել ՕԳԱՆ ծրագրի շրջանակներում դրամաշնորհներ ստանալու համար

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակներում ներկայացվեցին դրամաշնորհային մրցույթում հաղթած 18 ծրագրերը և հայտարարվեց հավելյալ աջակցության ծրագիր՝ նախատեսված փոքր ֆերմերների և ֆերմերային խմբերի համար։

Փոքր ֆերմերային աջակցության ծրագրի համակարգող Հասմիկ Ալթունյանը ներկայացրեց, թե ովքեր և ինչպես կարող են դիմել այդ ծրագրին։

Նա նշեց, որ ծրագրի նպատակն է՝ խրախուսել և աջակցել փոքր ֆերմերներին և վերամշակողներին՝ ավանդականից անցում կատարել օրգանական գյուղատնտեսության և զարգացնել իրենց արդեն իսկ գոյություն ունեցող օրգանական արտադրության վերամշակման կարողությունները։

Նա տեղեկացրեց, որ ծրագրին կարող են դիմել այն անձինք, ֆերմերները և ֆերմերային ընտանիքները, ֆերմերային գրանցված և չգրանցված խմբերը, անհատ ձեռներեցները, ընտանեկան և գյուղատնտեսական բիզնեսները, ովքեր ունեն գործող ֆերմերային տնտեսություն և մշակում են հող, զբաղվում են վայրի խոտաբույսերի և հատապտուղների հավաքմամբ և գյուղատնտեսական մեղվաբուծական արտադրանքի արտադրությամբ և վերամշակմամբ։

«Ծրագրի շրջանակներում ընդգրկել ենք հետևյալ արժեշղթաները՝ թարմ և վերամշակված մրգեր, հատապտուղներ, խոտաբույսեր, ներառյալ՝ հյութեր, պահածոներ և այլ կողմնակի արտադրանքներ։ Հաջորդ արժեշղթան՝ մեղր և մեղրաբուծական արտադրանք, փորձարարական մշակաբույսեր»,- նշեց Հ. Ալթունյանը։

Նա հայտնեց, որ հայտադիմում կարող են ներկայացնել այն փոքր ֆերմերները և վերամշակողները, ովքեր հիմնված են, գրանցված են, կամ պարզապես գործում են Հայաստանի գյուղական վայրերում, ունեն ֆերմերային գործունեության ավելի քան 3 տարվա փորձ, ունեն օրգանական գյուղատնտեսական գործունեության համար նախատեսված տարածք, որը հնարավոր է հավաստագրել՝ որպես այդպիսին, գյուղատնտեսական գործունեությունը կազմակերպում են օրգանական գյուղատնտեսության կանոններին համապատասխան, կամ պատրաստվում են առաջիկայում կիրառել այդ կանոնները, ունեն օրգանական հավաստագրում, կամ պատրաստվում են դիմել օրգանական հավաստագրման ՕԳԱՆ ծրագրի հետ աշխատելու ընթացքում, ցանկանում են և կարող են վճարել օրգանական հավաստագրման համար առաջիկա 3 և ավելի տարիներին ընթացքում, կարող են ներկայացնել պարզ, իրատեսական և տնտեսապես իրագործելի բիզնես գաղափար օրգանական գյուղատնտեսության ոլորտում և պատրաստակամ են իրենց ստացած փորձն ու գիտելիքները փոխանցել այլ ֆերմերներին։

Հ. Ալթունյանը նաև նշեց, որ յուրաքանչյուր ընտրված դիմորդին տրամադրվող  շնորհը չի կարող գերազանցել 10 հազար եվրոն. «Դրամաշնորհ չի տրվելու այս ծրագրի շրջանակներում, այլ տրվելու է շնորհ՝ այսինքն՝ առարկայական տեսքով։  Պահանջվող փաստաթղթերը՝ հայտադիմումի լրացման ձևն է, տեղեկանք քաղաքապետից և գյուղապետից, տարածքի գնահատման պահանջաթերթ և օրգանական արտադրության կազմակերպման տեղի քարտեզներ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 24-ը մինչև 16։00-ն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս