«Ո՞ւր են փոքր բիզնեսը խրախուսելու խոստումները: Ձեր պատասխանների մեջ ձեռառնոցի, ցինիզմ կա». Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության (ՀԱԿ) պատգամավոր Հրանտ Բագրատյանը շատ դժգոհ է Հարկային օրենսգրքի փոփոխություններից ու ԱԺ-ում հիմնական զեկուցող, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի պատասխաններից:
«Որովհետև ձեր պատասխանների մեջ, ո՞նց ասեմ, իմ հանդեպ ձեռառնոցի կա ու, շատ կներեք, հազար ներողություն՝ ցինիզմ կա»,- ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկման ժամանակ հայտարարեց Հրանտ Բագրատյանը՝ ներկայացնելով իր առարկությունները:
Ըստ նրա՝ սահմանի վրա ավելացված արժեքի հարկի պրակտիկան շարունակում է կիրառվել, որը դառնում է շրջանառության հարկ:
«Ես ձեզ լրջագույն հարց եմ բարձրացնում՝ բացառել սահմանի վրա հարկը, ինչը եղել է հայոց պետության մեջ մինչև 1996 թվականը։ Ասում եք՝ ըստ էության կոնկրետ առաջարկություն չի ներկայացվել: Հարց եմ տալիս՝ ինչպե՞ս կարող է անհատ ձեռնարկատերն ԱԱՀ վճարել: Ասում եք՝ կարող է՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Հասկանո՞ւմ եք՝ անհատ ձեռներեց է, և չի կարող թեկուզ նրա համար, որ չի կարող հաշվապահություն պահել»,- ասաց նա:
Հ Բագրատյանի՝ սահմանի վրա ավելացված արժեքի հարկի պրակտիկան վերացնելու մասին առաջարկին ի պատասխան՝ ՊԵԿ փոխախագահ Վախթանգ Միրումյանն ասաց, թե իրենք դա ընկալել են՝ որպես մտահոգություն, և ոչ թե՝ առաջարկություն:
Հրանտ Բագրատյանն անդրադարձավ հաջորդ խնդրին.
«Ինչո՞ւ պետք է մարդը 20 մլրդ վաստակելու դեպքում պետությանը տա 20% շահութահարկ, 40 մլրդ վաստակելու դեպքում ՝ 5%, իսկ 50 մլրդ-ի դեպքում՝ 2%: Բա ո՞ւր են մնում փոքր բիզնեսը խրախուսելու խոստումները»:
Ի պատասխան՝ ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանն ասաց.
«Այս մեխանիզմը նրա համար է, որ գրավիչ դարձնի մեր երկիրը, որ գործարքներն իրականացվեն ՀՀ-ում, օգուտ է ՀՀ-ի համար: Մտավախություն կար, որ մոնոպոլիաներ կձևավորվեն, բայց պրակտիկան ցույց տվեց, որ իրավիճակն այլ է, և որևէ մոնոպոլիա չի ձևավորվել։ Ավելին՝ պետբյուջեն շահում է»:
Հարցին էլ, թե անհատ ձեռնարկատերն ի՞նչ կապ ունի ԱԱՀ-ի հետ, Վ. Միրումյանը հակադարձեց՝ ի՞նչն է խանգարում, որ անհատ ձեռնարկատերն ունենա հարյուր աշխատող.
«Կարգավիճակի հետ կապ չունի, աշխատողներ ունենալն արգելված չէ»: