Բաժիններ՝

ԿԲ-ն 0.5 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75%

ՀՀ կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.75%։

Նշենք, որ ԿԲ-ն վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել էր օգոստոսի 16-ին՝ 7.5%-ից դարձնելով 7.25%։

Փաստորեն՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերադարձավ մինչև 2014 թվականի փոխարժեքային շոկն առկա մակարդակին։

 repo-rate

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը, շատ պարզ ասած, նշանակում է փողի էժանացում։ Այսինքն այն որոշ ժամանակ անց հանգեցնելու է վարկերի տոկոսադրույքների նվազման, ինչն, իհարկե, նպաստում է տնտեսության աշխուժացմանը։ Հիշեցնենք նաև, որ Կենտրոնական բանկը երեկ մեղմացրել է նաև արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման ընթացակարգը. դրույքաչափը նվազեցվել է 20%-ից 18%։

Կարդացեք նաև

Այնպես որ, կարելի է ասել, ԿԲ-ն նվեր մատուցեց Կարեն Կարապետյանի կառավարությանը՝ թույլ տալով, որ տնտեսությունը ավելի ազատ շնչի։

* * *

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին ավելի մանրամասն՝

2016 թ. սեպտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.75%:
2016 թ. օգոստոսին արձանագրվել է 0.5% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով -1.9%: ԿԲ գնահատումների համաձայն գնանկումային ցածր մակարդակը կպահպանվի նաև սեպտեմբերին, որից հետո մինչև տարեվերջ այն զգալիորեն կմեղմվի:
Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը և միջազգային ապրանքային շուկաների հարաբերական կայունությունը, չնայած որոշ պարենային ապրանքների գծով դիտվել են թույլ գնաճային միտումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ 2016 թ. առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրված տնտեսական բարձր ակտիվությունից հետո, 2016 թ. երրորդ եռամսյակում հրապարակված ցուցանիշները փաստում են տնտեսական աճի հեռանկարների վատթարացման մասին: Արդյունքում վերանայվել են նաև ԿԲ սպասումները ներքին պահանջարկի զարգացումների վերաբերյալ: Նման իրավիճակում ՀՀ ԿԲ-ն գնահատում է, որ դեռևս պահպանվող համեմատաբար բարձր արտաքին պահանջարկը այլևս ամբողջությամբ չի փոխհատուցում թույլ ներքին պահանջարկը, ինչը ռիսկեր է առաջացնում գնաճի կանխատեսված ցուցանիշից՝ նվազման ուղղությամբ շեղման առումով:
Կարճաժամկետ հատվածում դեռևս պահպանվող ցածր գնաճի, զգալիորեն նվազած գնաճային սպասումների, ինչպես նաև ցածր պահանջարկի հետևանքով ավելացող գնանկումային ռիսկերի ներքո ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը, ինչի պարագայում գնանկումային միջավայրը մինչև տարեվերջ հիմնականում կչեզոքանա, և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:
ԿԲ խորհուրդը գնահատում է, որ չնայած կարճաժամկետ հատվածում գնանկումային ռիսկերը գերակշռում են, սակայն միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման էական ռիսկեր չկան:

Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 8.25 % և 5.25 %:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս