«Գյուղացիական տնտեսություններն այսօր մեծ հաջողություններ են գրանցում». Իգնատի Առաքելյան
ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Տեխնիկական աջակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը» ծրագրի շրջանակում ստեղծվել են կոոպերատիվներ, որոնց շնորհիվ գյուղացիական տնտեսություններն այսօր արտադրանքի հավելյալ արժեքի ստեղծման առումով մեծ հաջողություններ են գրանցում: Այս մասին Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ծրագրի` «ENPARD»-ի գործընկերների երրորդ համաժողովին ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
«Ծրագիրն արդեն երկար ժամանակ է, ինչ գործում է Հայաստանում: Ծրագրի շրջանակում արդեն իսկ ներդրվել է շուրջ 7,6 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանում նաեւ ներդրվել են կոոպերատիվների մասին համապատասխան օրենսդրական կարգավորումները, սակայն մենք, իհարկե, պետք է այդ ուղղությամբ շարունակենք աշխատանքը, ուսումնասիրենք արդյունքները, ինչից հետո հնարավոր կլինի բարելավել եւ պայմաններ ստեղծել, որպեսզի գյուղացիական տնտեսությունների մոտ կոոպերացման գաղափարը զարգանա, եւ նրանք շարունակեն մտնել այդ դաշտը»,- ասաց նախարարը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության եւ համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերն իր ելույթում տեղեկացրեց, որ ծրագիրն աջակցում է նախարարությանը կայուն մոնիթորինգի եւ վերլուծության համակարգ ներդնելու, ինչպես նաեւ նախարարության աշխատակազմի կարողությունների հզորացման հարցում: «Արտադրող խմբի եւ արժեշղթաների զարգացում» ծրագրի շնորհիվ առաջնային արտադրության ավելի քան 600 գյուղացիական տնտեսություններ անցել են կոոպերատիվների ստեղծման, բիզնես հմտությունների զարգացման եւ բիզնես նախագծերի մշակման դասընթացներ: Հնդկացորեն արտադրող 34 կոոպերատիվի տրամադրվել են սերմեր եւ պարարտանյութեր: Ֆերմերները մշակել են շուրջ 500 հա հողատարածք եւ 1 հա-ից միջինն ստացել 1.5-2 տոննա հնդկացորեն: Կառուցվում են եւ շուտով շահագործման կհանձնվեն հնդկացորենի մշակման երկու գործարաններ Ծովագյուղ եւ Բավրա համայնքներում»,- հավելեց ԵՄ պաշտոնյան:
Ջոն Բարքերի խոսքով` ոչ ավանդական բանջարեղենի մշակությամբ զբաղվող չորս խումբ ստացել են կաթիլային ոռոգման համակարգով աշխատող թունելային ջերմոցներ, բրոկոլիի սերմեր եւ գործիքներ: Օգոստոսի վերջին նրանք արդեն իրականացրել են բերքահավաք եւ վաճառել են շուրջ 2 հազար 500 կգ բրոկոլի: Ձեւավորվել է բարձրարժեք պանրի արտադրության վեց կոոպերատիվ եւ չրի ու խոտաբույսերի արտադրության վեց կոոպերատիվ: Բոլոր 12 խմբերին տրամադրվել են անհրաժեշտ սարքավորումներ եւ գույք: Ներկայումս ընթանում են արտադրամասերը շահագործման հանձնելու եւ արտադրանք ստանալու աշխատանքները: Մինչեւ տարեվերջ մրգի արտադրության երկու խմբի տրամադրվելու է ագրոտեխնիկա, իսկ հատապտուղների արտադրության մեկ խմբի` տնկիներ եւ կաթիլային ոռոգման համակարգեր:
Գյուղատնտեսության և գյուղի զարգացման եռամյա ծրագիրը, որը մեկնարկել է 2015 թվականին, իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման գործակալության կողմից Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ: