Մենամարտ՝ հանուն Սպիտակ տան․ կայացել է Քլինթոնի ու Թրամփի առաջին հեռուստաբանավեճը
ԱՄՆ նախագահական ընտրարշավը մտել է եզրափակիչ փուլ՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնն ու հանրապետական Դոնալդ Թրամփը առաջին անգամ հանդիպել են հեռուստաբանավեճի ընթացքում, հայտնում է CNN-ը։
Այս հակամարտությունը իրավամբ անվանում են պատմական, քանի որ Սպիտակ տան ղեկավարի պաշտոնին առաջին անգամ հավակնում է կին, մյուս կողմից՝ միլիարդատեր, որը նախկինում չի զբաղվել քաղաքականությամբ։
Մեկուկես ժամում քաղաքական գործիչները, որոնք վայելում են ընտրողների գրեթե միանման աջակցությունը, առանց կանգ առնելու վիճաբանել են ու ապացուցել իրենց ճշմարտությունը ԱՄՆ ներքին և արտաքին քաղաքականության ամենատարբեր հարցերի նկատմամբ։
Մասնագետները, որոնք ստուգել են նախագահի թեկնածուների ելույթների ճշմարտացիությունը, արդեն իսկ նրանց բռնացրել են բազմաթիվ անճշտությունների մեջ հեռուստաբանավեճի ընթացքում։ Ակնհայտ է դարձել մեկ բան՝ Թրամփն ու Քլինթոնն ապացուցել են, որ պատրաստ են համառ պայքարի մինչև նոյեմբերի 8-ը, երբ տեղի կունենան ընտրությունները։
Քլիթոնն ամերիկացիներին խոստացել է «լավ աշխատատեղեր՝ աճող եկամուտներով», իսկ Թրամփն ի պատասխան խոստացել է նվազեցնել հարկերը ու երկիր վերադարձնել «երկրից փախչող» ամերիկյան ընկերություններին:
Թրամփը հայտարարել է, որ իր մրցակիցն արդեն 30 տարի չի գտել ԱՄՆ-ի տնտեսական խնդիրների լուծումը։
Թրամփը չի շրջանցել նաև Սպիտակ տան ներկայիս ղեկավար Բարաք Օբամային, որը, ըստ նրա, կունենա ավելի հանգիստ ապագա, քան ԱՄՆ-ն։
Կողմերը չեն շրջանցել նաև միմյանց քննադատելու ավանդական թեմաները։ Երբ Թրամփին հարցրել են, թե նա երբ վերջապես կհրապարակի իր հարկային հայտարարագիրը, վերջինս պատասխանել է, որ դա կանի այն ժամանակ, երբ Քլինթոնը հրապարակի իր էլեկտրոնային նամակները, որոնք ուղարկել է պետքարտուղար եղած ժամանակ անձնական սերվերից։
Զենքի ազատ շրջանառության ու բռնության ալիքի հարցերը, ինչպես նաև ռասայական խտրականության հարցերը ևս քննարկվել են բանավեճի ընթացքում։
Արդյունքում՝ բանավեճը ավարտվել է մաժորային նոտայով։ Թրամփը խոստացել է աջակցել իր մրցակցին նրա հաղթանակի դեպքում, իսկ Քլինթոնը հավաստիացրել է, որ հավանության կարժանացնի ամերիկացիների ընտրությանը։
«Ես չեմ հավատում, որ նա կհաղթի։ Եթե նա հաղթի, ես լիովին նրան կաջակցեմ»,- հայտարարել է Թրամփը։
Քլինթոնը, պատասխանելով նմանատիպ հարցին, նշել է, որ «աջակցում է ժողովրդավարությանն ու հավանության կարժանացնի ընտրությունների արդյունքները»։
«Ես գիտեմ, որ Դոնալդը փորձում է կասկածներ սերմանել դրա նկատմամբ, սակայն ես հուսով եմ, որ մարդիկ գիտեն, որ դա մեր մասին չէ, դա ձեր մասին է»,- հայտարարել է Քլինթոնը։
Բանավեճի վերջում ևս, ինչպես և սկզբում, քաղաքական գործիչները միմյանց ձեռք են սեղմել։