«Այդ վախը ո՞նց եք չափել, այդ ուսումնասիրության անունն ինչպե՞ս է կոչվում». Թևան Պողոսյանը դիմեց Կամո Արեյանին
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը հարց ուղղեց նախագծի հիմնական զեկուցող, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանին։
«Դուք ասացիք, որ մանրակրկիտ ուսումնասիրել եք, որը, ես ենթադրում եմ, որ պետք է լինեն լուրջ հաշվարկեր, բայց ոչ մի թիվ չեք ասում։ Ըստ Ձեզ՝ որքա՞ն փոքր և միջին ձեռնարկություն է փակվել հենց այդ պատճառով։ Ասենք, 100-ը փակվել է, դուք որոշել եք փոփոխությո՞ւն անել»,- դիմելով հիմնական զեկուցողին՝ հարցրեց Թ. Պողոսյանը։
Կ. Արեյանը, ի պատասխան՝ ասաց, որ տուրքերի պատճառով ՓՄՁ-ների փակվելու դեպքեր գրեթե չկան.
«Եղել են դեպքեր, որ տուրքի բեռը մեծ է եղել, տնտեսվարողը վախ է ունեցել մուտք գործելու, գործունեությունը սկսելու, և մուտք գործելուց՝ նա հայտնել է իր դժգոհմունքը, որ անհավասար պայմաններում են ինքն ու սուպերմարկետը՝ տուրքը վճարելու առումով։ Սա պատճառ չի եղել, որ փակվի։ Այս փոփոխությունը հնարավորություն է տալիս՝ թեթևացնելու մուտք գործելը մարդկանց համար, հայտնվելու հավասար, արդար պայմաններում։ Երևան քաղաքում 3000 տնտեսվարողների համար 50-65 տոկոս թեթևանում է այս բեռը, դա էապես դրական ազդեցություն է ունենում, հանրապետության կտրվածքով 10-11 հազար տնտեսվարող սուբյեկտներ միանգամից այս բեռի թեթևացումից իրենց վրա ազդեցություն են զգում»։
«Վախ են ունեցել մուտք գործել, այդ վախը ո՞նց եք չափել, այդ ուսումնասիրության անունն ինչպե՞ս է կոչվում։ Արդյոք այստեղ այդ նույն գործիքով կարո՞ղ եք վախը չափել, քանի որ ստացվում է՝ փոքրերի հաշվին մեծերն են շատ վճարելու, իսկ կարո՞ղ է հիմա էլ մեծերը վախ ունենան, սկսեն դուրս գալ, այդ բիզնեսով չզբաղվել»,- արձագանքեց Թ. Պողոսյանը՝ Կ. Արեյանի դիտարկումներին։
Կ. Արեյանը նշեց, որ «այդ վախը չափվել է» սովորական վարչարարության ժամանակ. «Մարդը ցանկություն ունի փոքր չափի խանութը գործարկելու, նայում է տուրքի չափին, այդ վարչարարության ընթացքում դիմումը հետ է վերցնում, դու զգում ես, որ ռիսկով չէ։ Միանշանակ շատ չնչին է ազդեցությունը մեծերի պարագայում, և որևէ ազդեցություն չի կարող առաջացնել։ Խոշորների համար շատ չնչին աճ է նկատվում եռամսյակի կտրվածքով»։