Հայաստանում աճում են հակակայսերապաշտական և եվրոպամետ տրամադրությունները. Դավիթ Շահնազարյան
«Ռուսաստանն անում է ամեն բան Հայաստանում հակակայսերապաշտական տրամադրությունների ամրապնդման համար»,- այս մասին այսօր Կովկասի ինստիտուտում Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված «Հայաստանի անկախության 25 տարին. քաղված դասերը» խորագրով կլոր սեղանի ընթացքում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան, ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։
Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանում հակախորհրդային տրամադրությունները փոխակերպվեցին ռուսամետ տրամադրությունների, Շահնազարյանը պատասխանեց, որ իսկապես 1990-ական թթ. հակախորհրդային հստակ տրամադրություններ կային։
«Գիտե՞ք՝ այդ ժամանակ մենք Հայաստանում ռուսական ստորաբաժանումները զինաթափում էինք, իրենք այստեղից ոչինչ չեն տարել, նույնիսկ անձնական զենքերը չեն տարել։ Երևանի կենտրոնում ռուսական տանկերի դեմ մենք դատարկ ձեռքերով կռվել ենք, կենտրոնում՝ Բաղրամյան փողոցի վրա, կինո «Նաիրիի» մոտ, կայարան գնացող կամուրջի տակ, կրակել են մեր վրա, կալանավորել մեզ։ Ու գիտե՞ք, որ դա մի քանի հոգի չէր, այլ ողջ բնակչությունը, հետագայում, այո, դա գնաց նաև Ռուսաստանում»,- ասաց Շահնազարյանը։
Սակայն նա համամիտ չէ, որ Հայաստանում կան կայսերապաշտական տրամադրություններ այսօր։ Ավելին, նրա որակմամբ՝ Հակակայսերական կամ հակակայսերապաշտական տրամադրությունները Հայաստանում բավական մեծ տեմպերով աճում են։
«Հասարակությունն է հասկանում, ես չեմ պնդի այսօր, որ դա հասարակության մեծ մասն է, բայց, որ այդ հատվածը գնալով մեծանում է, սա փաստ է։ Վրաստանում հակառակ գործընթացն է ընթանում, այսպես կոչված, ռուսամետ տրամադրությունները, որոնք մեծ մասը չեն կազմում, աճում են, մեր մոտ եվրոպամետ տրամադրություններն են աճում, և դա տեղի է ունենում հիմնականում Ռուսաստանի քայլերի շնորհիվ։ Եթե Ժիրինովսկին ասում է. «Плевать на Армению», եթե անընդհատ մեզ ասում էին, թե զենքի վաճառքը բիզնես է, պետք է հանդուրժենք, այդ արհամարհանքը ոչ թե մեր, այլ մեր պետության հանդեպ է, մեր պետությանն է վիրավորում և, ցավոք սրտի, մեր իշխանությունները չեն կարողանում պաշտպանել։
Երբ կա Պերմյակով, որը, ըստ էութան, մինչ այս պահը հանձնված չէ ՀՀ իրավապահ մարմիններին, երբ Հարությունյանի դեպքը եղավ, հասարակությունն իր աչքերով է տեսնում, երբ հայտարարում է, որ Ադրբեջանի հետ ռազմական տեխնիկայի մատակարարման նոր գործարք պետք է կնքվի, այս ամենը տեսնում է հասարակությունը, Ռուսաստանն ամեն բան անում է։ Իմ խորին համոզմամբ՝ այդ տրամադրություններն աճում են, ու սա կանգնեցնել չի լինի, որովհետև պարզ ճշմարտություն կա՝ եթե Ռուսաստանի հարևանն ես, ապա դու երկու տարբերակ ունես՝ կամ լինել Ռուսաստանի վասալը, կամ Ռուսաստանի թշնամին։ Առայժմ մեզ հաջողվում է ինչ-որ ձևով խուսանավել, առայժմ, լավ թե վատ, ինձ թվում է բավականին վատ»,- նման տեսակետ հայտնեց Շահնազարյանը։