«Սոսե» միջազգային 3-րդ կինոփառատոնի ծրագրում է 38 երկրի 104 ֆիլմ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Զիս» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-30-ը կանցկացվի «Սոսե» միջազգային 3րդ կինոփառատոնը: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Այս տարի մրցութային ծրագրում ընդգրկվել է 104 ֆիլմ` 38 երկրից:
Մրցութային ծրագրում ներառված ֆիլմերի հեղինակները կխոսեն կնոջ արժանիքների, խնդիրների, իրավունքների, նվաճումների և առհասարակ ընտանիքում և հասարակության մեջ նրա դերակատարման մասին:
Լիամետրաժ խաղարկային ֆիլմերի ժյուրիի կազմում են կինոգետ Անետա Երզնկյանը (Հայաստան), ռեժիսոր Մայա Վապցարովան (Բուլղարիա), դերասան Փոլ Քերի Ջոնսը (Մեծ Բրիտանիա): Կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի ժյուրիի կազմում են դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը (Հայաստան), ռեժիսոր Անատոլ Դուրբալան (Մոլդովա), ռեժիսոր Ֆարիդ Դմս Դեբան (Ֆրանսիա): Վավերագրական ֆիլմերի ժյուրիի կազմում են դերասան Դավիթ Հակոբյանը (Հայաստան), Զվиադ Դոլիձեն (Վրաստան), բեմադրիչ Արթուր Էլբակյանը (ԱՄՆ):
Փառատոնին մասնակցող ֆիլմերը ներկայացված են «Բովանդակությունը՝ կին» հիմնական մրցութային ծրագրում, իսկ «Հատուկ» և «Ուսանողական» մրցութային ծրագրերի նպատակը տարածաշրջանում ֆիլմարտադրության զարգացումն է:
«Հատուկ» մրցութային ծրագրով ամեն տարի վեր է հանվում տվյալ պահին արդիական որևէ թեմա: Այս ծրագրում կարևորվում է յուրաքանչյուր ստեղծագործողի անհատական մոտեցումը և արվեստի միջոցով այդ թեմայի մասին խոսելու ունակությունը: Այս տարի «Հատուկ» ծրագրի թեմաները երկուսն են՝ «Անկախություն»՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին, և «H2O»` նվիրված ջրին:
«Ուսանողական» մրցութային ծրագրում ներկայացվում են կինեմատոգրաֆիայում առաջին քայլերն անող ուսանող ստեղծագործողների ֆիլմերը: Որպես խրախուսական մրցանակ՝ «Լավագույն ուսանողական աշխատանք» անվանակարգում հաղթող և Հայաստանում սովորող ուսանողռեժիսորի մեկ տարվա ուսման վարձը կհովանավորի կինոփառատոնը, իսկ արտերկրում սովորող ուսանող-ռեժիսորին կտրվի պատվոգիր:
«Սոսե» միջազգային կինոփառատոնի այս տարվա նորություններից մեկն էլ «Կիսվի՛ր մտահղացմամբ» ծրագիրն է: Կստեղծվի ցանց, որին կարող են միանալ ֆիլմարտադրության ոլորտի ներկայացուցիչները: Ծրագիրը փորձարարական բնույթ է կրում և կիրականացվի ամբողջ տարվա ընթացքում:
Կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը կցուցադրվեն Երևանի տարբեր կինոսրահներում և մշակութային կենտրոններում:
Ցուցադրություններ են նախատեսվում նաև Գյումրիում: Ֆիլմերի դիտումներին զուգահեռ, կկազմակերպվեն վարպետության դասեր, «Ֆիլմ ակումբ» ձևաչափով քննարկումներ՝ ժյուրիի անդամների և հյուրերի մասնակցությամբ: Քննարկումները բաց են նաև ֆիլմարտադրության ոլորտի մասնագետների և պարզապես կինոսերների համար»: