Չինաստանում Հայաստանի առևտրական կցորդի հաստիք կստեղծվի՞

Վաղը կառավարության նիստում էկոնոմիկայի նախարարի դեռևս պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը ներկայացնելու է Չինաստանում Հայաստանի առևտրական կցորդի հաստիք ստեղծելու մասին որոշման նախագիծ։ Ենթադրվում է, որ այդ կցորդը նպաստելու է Հայաստանի և Չինաստանի միջև գործարար նախաձեռնությունների ակտիվացմանը և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը:

Կառավարության որոշման նախագծում նշվում է, որ ՀՀ նախագահի 2015 թ. մարտի 24-28-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած պետական այցի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ընդլայնել և ամրապնդել հայ-չինական փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը և բարենպաստ պայմաններ ստեղծել ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիաների և կապիտալի ներմուծման համար։

Այս համատեքստում՝ «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիքի ստեղծումը թույլ կտա առավել արդյունավետ ներկայացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերն առևտրին և տնտեսական համագործակցության այլ ձևերին առնչվող բոլոր ոլորտներում, կդյուրացնի հայկական և չինական տնտեսվարող սուբյեկտների կողմից առևտրական, տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության բնագավառում գործարքների իրականացումը  և կօժանդակի միմյանց միջև կապերի ստեղծմանը: Առևտրական կցորդի հաստիքի ստեղծումը հնարավորություն կտա նաև առավել օպերատիվ տեղեկատվություն ստանալ Չինաստանի տնտեսական իրավիճակի, արտաքին տնտեսական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրության մասին, ինչպես նաև Հայաստանի վերաբերյալ այդպիսի տեղեկություններ հաղորդել Չինաստանի շահագրգիռ մարմիններին»:

Թե որքա՞ն աշխատավարձ է ստանալու կցորդը, նախագծում չի նշվում։

Կարդացեք նաև

Սակայն, հաշվի առնելով իր նշանակումից հետո վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումները՝ մի շարք խորհրդականների ազատումն աշխատանքից, երկու գործուղումների մասին որոշման չեղարկումը, չի բացառվում, որ նոր վարչապետը կցորդի այս որոշմանն էլ դեմ լինի և Չինաստանի հետ առևտրային կապերի զարգացման պարտավորությունը դնի այդ երկրում Հայաստանի դեսպանի վրա։

Տեսանյութեր

Լրահոս