«Իշխանության համար նույնիսկ ամենափոքր համայնքն իր ֆորպոստերից մեկն է, որոնցից անգամ մեկը հանձնելը նշանակում է՝ իրենց անպարտելիության գաղափարախոսության փլուզում»

Մեր զրուցակիցն է «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը

– Պարոն Հարությունյան, ի տարբերություն Հրազդանի քաղաքապետի ընտրությունների, երեկ գյուղական համայնքում՝ Նոր Կյանքում, ՔՊ-ի թեկնածուին հաջողվեց ճեղքել դիմադրությունը։ Ինչո՞վ եք պայմանավորում դա։

– Թե՛ Հրազդանում, թե՛ Նոր Կյանքում մենք փորձել ենք իրականացնել նույն հաղթական մոդելը, պարզապես որոշ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով՝ այդ մոդելի բոլոր կոմպոնենտները Հրազդանում չկարողացանք իրականացնել։ Դա կապված էր և՛ ռեսուրսների ներգրավման հետ, և՛ քարոզչության որոշ խնդիրների։ Այդ ժամանակ նաև 4-օրյա պատերազմն էր, և մեր թեկնածուն՝ Սասուն Միքայելյանը, երկար ժամանակ բացակայում էր, և քարոզարշավի այդ կարճ՝ 20 օրերի ընթացքում մենք մոտ 10 օրով դադարեցրել էինք քարոզչությունը։ Նոր Կյանքի դեպքում բարենպաստ շատ պայմաններ կային՝ լավ քարոզչություն իրականացվեց, լավ թիմ էր ձևավորվել, որը լավ ծրագիր էր ներկայացրել։ Ինչ վերաբերում է հակառակորդ թեկնածուին, բոլոր դեպքերում ՀՀԿ-ն, անկախ թե ով է իր թեկնածուն, փորձում է նույն մեթոդները կիրառել, կամ նույն քարոզչությունը, նույն ընտրական պրոցեսն իրականացնել։ Արդեն այդ գործիքներին լավ ծանոթ ենք և մենք մեկ գյուղի օրինակով ցույց տվեցինք, որ կատարելության ենք հասցրել մեր այս մոդելը, որի մասին երկար ժամանակ խոսում էինք, և որի նկատմամբ մեր որոշ ընդդիմախոսների կողմից, թերևս, թերահավատություն կար։ Կարողացանք ցույց տալ, որ այն գիծը, որ տանում ենք, ճիշտ է և հաջողության հասնելու հիմնական ուղիներից է։ Եվ Նոր Կյանքի հաջողությունը դա ապացուցեց։

– Այսինքն՝ ամեն դեպքում իշխանությունը չի հրաժարվել ամեն գնով դիմադրելու ավանդույթից։

– Իհա՛րկե ոչ։ Իշխանության համար նույնիսկ ամենափոքր համայնքը՝ 20-30 հոգանոց, իր ֆորպոստերից մեկն է, որոնցից անգամ մեկը հանձնելը նշանակում է՝ իրենց անպարտելիության գաղափարախոսության փլուզում։ Մենք կարողացանք դրան հակազդել մեր հռչակած ինստիտուցիոնալ ընդդիմության բոլոր կարևոր կոմպոնենտներով և ցույց տալ, որ անպարտելիության գաղափարախոսությունը միֆ է, և դրան պարզապես պետք է հակադրել աշխատանք, աշխատանք և միայն աշխատանք։

ՀՀԿ-ի համար յուրաքանչյուր մի համայնք հանձնելը լրջագույն խնդիր է, որովհետև նրանք այլևս իրենց անպարտելիության գաղափարը չեն կարող պարտադրել իրենց թիմակիցներին, կողմնակիցներին և չեն կարողանալու ասել, թե մենք միակ ուժն ենք, որ կարող ենք տոտալ բոլոր ընտրություններում հաղթել և վերահսկել ՀՀ ամբողջ տարածքը։ Ոչ։ Այս առումով ՔՊ-ն լուրջ մարտահրավեր է նետել և Նոր Կյանքի օրինակով կարողացել է ցույց տալ, որ շատ համայնքներում նման հաջողություններ հնարավոր են, պարզապես պետք է ունենալ լավ թիմ, լավ թեկնածու, լավ ծրագիր և պատշաճ կերպով իրականացնել վերահսկողություն։ Սա, իհարկե, ռեսուրսների ներգրավման առումով մեծ խնդիրներ է ընդդիմության համար ստեղծում, որովհետև այդ ռեսուրսները քիչ են և հիմնականում իշխող ուժի և նրա արբանյակ կուսակցությունների ձեռքում են կենտրոնացած, բայց կարողացանք այս կոմպոնենտները համադրել մեր ռեսուրսների շրջանակներում և հաջողության հասնել։

– ՔՊ-ն երեկ այլ համայնքներում ևս ուներ թեկնածուներ։ Նրանց անհաջողության պատճառը ո՞րն է։

– Այո, թեկնածուներ ունեինք Ոսկեվազում և Իրինդում, որոնց չի հաջողվել դրական արդյունք գրանցել։ Մենք առայժմ ժամանակ չենք ունեցել վերլուծել հետևանքները, որոնք էին պարտության պատճառները։ Կփորձենք առաջիկայում հասկանալ։ Անձամբ ես կարծում եմ, որ մեր ծրագրի որոշ կոմպոնենտներ այնտեղ լավ չեն կիրառվել, դրա համար լավ արդյունքներ չենք գրանցել։

– Որքանո՞վ կհաջողվի Նոր Կյանքի արդյունքը գեներացնել ավելի մեծ մասշտաբով։

– Մենք մեր ծրագրի ընդհանուր գծերը լավ պատկերացնում ենք և այդ ուղղությամբ աշխատանք ենք տանում բոլոր համայնքներում, բայց Նոր Կյանքում եղել են նրբություններ, որոնք, կարծում ենք, դրական են ազդել ընդհանուր ելքի վրա։ Կփորձենք վերլուծել դրանք։ Հոկտեմբերի 2-ին նոր ՏԻՄ ընտրություններ են, և դրանք կայանալու են մեծ քաղաքներում՝ Վանաձորում, Գյումրիում, Կապանում, որտեղ ունենք թեկնածուներ, ավագանիների ցուցակներ ենք ներկայացրել, նաև Նորադուսում ենք ավագանի ներկայացրել։ Կփորձենք գեներացնել ու դրական փորձը տարածել նաև այս համայնքներում՝ թե՛ նախընտրական օրերին, թե՛  ընտրությունների բուն օրը։

Տեսանյութեր

Լրահոս