Բաժիններ՝

Ովքեր են դատվում Հայաստանում

Հասարակությունը սպասում է: Քաղաքական դեմքերն ու մամուլը փորձում են վերլուծել կամ տեղեկատվություն հայթայթել: Հասարակության մի մասը ոգևորված նոր վարչապետի անձով՝ փորձում է հիմնավորել իր լավատեսական սպասումները: Մյուս մասը նույն ոգևորությամբ փաստարկում է, թե ինչու չի կարելի մեծ սպասումներ ունենալ ու մեծ հույսեր կապել: Բայց միևնույն է, բոլորին հետաքրքիր է, թե ինչ կառուցվածք և, որ ավելի հետաքրքիր է, ի՞նչ կազմ է ունենալու մեր ապագա կառավարությունը:

Հասարակական հետաքրքրության մյուս խոշոր սպասումը համաներումն է: Կամ, ավելի ճիշտ` համաներման հնարավորությունը: Ի վերջո, պետությունը պատրաստվում է հոբելյան նշել: Իսկ պատմությունը հուշում է, որ պետական խոշոր հոբելյաններից առաջ համաներում է հայտարարվում: Բայց մեզանում նույնիսկ այս հարցում ստույգ ոչինչ հայտնի չէ: Այս ոլորտն էլ թափանցիկ չէ: Այստեղ էլ ամենաբնութագրական բառը «սպասումն» է:

Եվ սպասումների այս ֆոնին` աննկատ մնաց Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումը, որ վերնագրված է «Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը 2015թ.»: Այս վերնագրով փաստաթուղթ ամեն տարի հրապարակվում է: Բայց ամեն տարի ինչ-որ պատճառ լինում է, որ այն հասարակության համար աննկատ մնա: Հնարավոր է` նաև այն պատճառով, որ մեր հասարակությունը, բոլոր մյուսների նման, առողջ կասկածամտություն ունի վիճակագրության հանդեպ: Իսկ մարդկային իմացության այդ ոլորտի հանդեպ, թերևս, ամենահայտնի կատակը պնդում է. «Եթե ես ձեռք չեմ բարձրացնում իմ կնոջ վրա, իսկ հարևանս ամեն օր ծեծում է կնոջը, ապա վիճակագրության տեսանկյունից մենք օրը մեջ ծեծում ենք մեր կանանց»:
Այս կատակի մեջ, իհարկե, ճշմարտություն կա:

Բայց միևնույն է, նույնիսկ մեր հարազատ Վիճակագրական ծառայության հրապարակումներում հետաքրքիր ու, որ ավելի կարևոր է, ճշմարիտ տվյալներ կան: Օրինակ` երկրի սոցիալական վիճակը ներկայացնող վերոհիշյալ փաստաթղթում ամրագրվում է, որ ամեն տարի դատական պատասխանատվության է ենթարկվում երկու հազար 800-ից երեք հազար մարդ: Կարելի է նաև տեսնել, որ մեր դատական համակարգն ամեն տարի դատական պատասխանատվության կանչված անձանց կեսից մեկ տոկոսին է արդարացնում:

Եթե դուք իշխանամետ քաղաքական հայացքներ ունեք, կարող եք ոգևորված ասել, որ մենք ապրում ենք իրավական պետությունում, ուր հետաքննական ու հարակից նման գործառույթ ունեցող ուժային կառույցները հենց այնպես ոչ մեկին դատարանի դուռը չեն հասցնում: Դրա համար ՝էլ այդքան քիչ են արդարացնող վճիռները: Իմիջիայլոց, նույն համամասնությունն է նաև «Կալանավորումը` որպես խափանման միջոց» տողի դիմաց արձանագրված ցուցանիշը: Մեր դատարանները միշտ էլ սիրահոժար կալանավորում են նրանց, ում բերելհասցրել են իր դուռը: Դատական վիճակագրությունն ուսումնասիրելիս` կնկատեք, որ ամենաշատը մեր երկրում դատվում են սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մեջ մեղադրվողները:

Տեսեք՝ 2014-ին դատական պատասխանատվության է ենթարկվել 2944 մարդ, իսկ 2015-ին՝ 2844: Գողության, կողոպուտի, խարդախության ու սեփականության դեմ ուղղված մյուս հանցագործությունների պատճառով դատվել են համապատասխանաբար` 790 (27 տոկոս) և 787 (27 տոկոս) մարդ: Իրավագիտության տեսանկյունից` այս ցուցանիշը, հնարավոր է, որ բացատրելի է: Տրամաբանական է ու բացատրելի նաև այն փաստը, որ Հայաստանում դատական պատասխանատվության ենթարկված անձանց կեսը չաշխատող, չսովորող, բայց աշխատունակ տարիքի անձինք են: Այդպիսին են 2014-ին դատվածների` 49, իսկ 2015-ին դատվածների` 53 տոկոսը: Բայց, եթե Դուք ծանոթ չեք այս ոլորտի ցուցանիշներին, ապա հաստատ չեք գուշակի, թե որ ոլորտից է դատապարտվածների մյուս խոշոր խումբը: 2014թ. դատական պատասխանատվության ենթարկվածներից 879-ը եղել են զինվորական ծառայողներ: 2015-ին այս ցուցանիշը նվազել է՝ 707 զինծառայող:

Փաստորեն, Հայաստանում 2014-ի դատական պատասխանատվության ենթարկվածների` 30, իսկ 2015-ին` 25 տոկոսը զինծառայողներ են: Ընդունեք, որ հասարակությունը տեղյակ չէ այս վիճակագրությանը: Տարեկան մեկ-երկու մարդ է դատվում պետական կարգի դեմ ուղղված հանցագործությունների մեղադրանքով: Մինչդեռ «Զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունների» մեղադրանքով դատապարտվել է 2014-ին` 750, իսկ 2015-ին՝ 609 զինծառայող: Մեր ընդդիմադիր քաղաքական գործիչները տարիներ շարունակ խոսում են քաղբանտարկյալների մասին, իսկ այս փաստը նույնիսկ նրանց ուշադրությանը չի արժանացել: Իշխանությունների մասին այս դեպքում խոսելը լրիվ ավելորդ:

Մինչդեռ մեր բանակը մեր հպարտության ու հասարակական սիրո հիմնական կերպարն է: Որպեսզի մռայլ փաստերով չավարտեմ, կբերեմ իրավական վիճակագրության մեկ այլ ոլորտի տվյալներ: 2012-ին կաշառք ստանալու մեղադրանքով դատական պատասխանատվության է ենթարկվել` 22 մարդ, 2013-ին՝ 9, 2014-ին՝ 14, իսկ անցած տարի` 28 մարդ: Մեր նախկին կառավարությունը չհասցրեց հրապարակել այս փաստը: Այլապես լավ առիթ կստանար խոսելու կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրած հաջողության մասին: Հատկապես կընդգծվեր այն փաստը, որ 2014-ին կաշառք առաջարկելու մեղադրանքով դատապարտվել է 17 մարդ, իսկ 2015-ին կաշառատուների քանակն արդեն 58 էր: Ափսոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս