2016թ. հազվագյուտ բացահայտումներ են եղել հնագիտության հետազոտությունների ընթացքում
Այսօր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանն ու Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արսեն Բոբոխյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեցին 2016 թվականի դաշտային հետազոտությունների արդյունքները:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը տեղեկացրեց, որ այս տարի դաշտային հետազոտությունները սկսվել են հունիս ամսից, և այս պահին դրանք ընթացքի մեջ են, իսկ պեղաշրջանը կավարտվի հոկտեմբեր ամսվա վերջին.
«Արդեն լավ արդյունքներ ունենք, և դրանցից առաջինն այն է, որ ընդհանուր առմամբ այս տարի ստացել ենք 20 բաց թերթիկ՝ այսինքն՝ Հանրապետության տարբեր մարզերում 20 ծրագիր ենք իրականացնում՝ սկսած Կապանից մինչև Ալավերդի: Այս տարվա մեր ամենատպավորիչ արդյունքներից մեկը ստացել ենք Գեղարոտի բնակատեղիի պեղումների ընթացքում՝ հայ-ամերիկյան արշավախմբի ջանքերով: Ըստ էության, այս տարածաշրջանում մեզ համար առաջին անգամ արձանագրել ենք կառույցներ՝ բնակատեղիին կից՝ անմիջապես հարևանությամբ, որոնք թվագրվում են ք. ա. 3-րդ հազարամյակի առաջին կեսին: Սրանք վաղ բրոնզեդարյան կառույցներ են և, ամենայն հավանականությամբ, մաս են կազմել այդ ժամանակաշրջանի հանրության գերեզմանատան: Նման բան մինչ այժմ չէր արձանագրվել, և սա կարելի է համարել շատ լուրջ ձեռքբերում»,- ասաց նա:
Ընթացիկ տարվա ընթացքում հայ-իտալական համատեղ ծրագրի շրջանակներում մեծ ծավալի աշխատանքներ են շարունակում կատարվել նաև Սոլակ 1 հնավայրի տարածքում, որը Վանի թագավորության ժամանակաշրջանի ամրոց-դղյակ է:
Բանախոս Պավել Ավետիսյանը նշեց, որ ուսումնասիրությունների ընթացքում շատ հետաքրքիր կառույցներ են բացվում.
«Այս պահին ամբողջական մեկ պալատ ենք պեղում, իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այդ պալատի հատակագիծը բառացիորեն կրկնում է Վանի թագավորության ուրարտական ժամանակաշրջանի ամրոցներին և դղյակներին: Վանի թագավորության մասին մեր պատկերացումները լրանում են, երբ մենք գործ ունենք արքայական կառույցներին բնորոշ հատակագծով, բայց ոչ արքայական արհեստանոցնում պատրաստված նյութերով այս հնավայրի հետ»:
Պավել Ավետիսյանը նշեց, որ քարի դարի ուսումնասիրության ոլորտում՝ Նոր Գեղի հնավայրում, նույնպես այս տարի շատ կարևոր ձեռքբերումներ են գրանցվել, նմանապես լավ արդյունքներ են գրանցվել հուշարձանների վերականգնման ծրագրերի շրջանակներում: Ուսումնասիրություններ են կատարվում նաև վտանգված կամ վթարված հուշարձանների տարածքում:
Ասուլիսի ընթացքում ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանն ամփոփեց Արամուսի հնավայրի տարածքում կատարվող պեղումների արդյունքները:
«Մենք տառացիորեն 15 օր առաջ ավարտեցինք ամրոցի պեղումները, որ կատարվում էին հայ-ավստրիական համատեղ արշավախմբի կողմից, մասնակցությամբ՝ ԵՊՀ-ի, Ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Ինսբրուկի համալսարանի: Արամուսի հնավայրը պեղելու համար մենք մեր առաջ խնդիր դրեցինք՝ փնտրեցինք այն միջավայրը, որտեղ կարող էր ձևավորվել Վանի թագավորության կամ Ուրարտական ժամանակաշրջանի քաղաքակրթությունը, որի հետ կապված փոքրիկ տեղեկատվություն ունեինք՝ Արգիշտի թագավորի թողած արձանագրությունը: Արամուսի տարածքում մեր դիտարկումները հանգեցրին նրան, որ մենք գործ ունենք Ուրարտական թագավորության հետքերի հետ և արդեն շուրջ 10 տարի մենք շարունակում ենք մեր պեղումները: Ամփոփելով արշավախմբի աշխատանքները՝ մենք ունենք մի շատ հետաքրքիր համալիր, որը, ամենայն հավանականությամբ, պաշտամունքային բնույթի է, որտեղից հայտնաբերվեցին պաշտամունքային բնույթի քարակոթողներ, որոնք ազդարարում են ինչ-ինչ արարողություններ»,- ներկայացրեց Հ. Ավետիսյանը:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արսեն Բոբոխյանն ամփոփեց երկու ծրագրերի աշխատանքները՝ պեղումներ Մարգահովիտում և Արագածի հարավային լանջերին՝ Վիշապ քարակոթողների պեղումները.
«Մարգահովիտում իրականացվող մեր պեղումները, որ շարունակվում են արդեն 5 տարի, ունեն մի կարևոր նպատակ՝ ցույց տալ՝ արդյո՞ք մետաղագործությունն այս տարածաշրջանում ունի հին հիմքեր, թե՞ ոչ: Մեր պեղումների արդյունքում կարող ենք վստահաբար նշել, որ Մարգահովտի տարածաշրջանն էապես կապված է մետաղագործության հետ: Այստեղ մենք պեղում ենք ոչ այնքան մի բնակավայր, որտեղ մարդիկ են ապրել, այլ մասնագիտական մի տարածք, որտեղ բնակվել են միայն մետաղագործներ և զբաղվել հիմնականում մետաղագործությամբ: Այս տարածաշրջանի պեղումները խոսում են նաև բրոնզեդարյան Հայաստանի նյութական մշակույթի մի քանի կարևոր առանձնահատկությունների մասին»: