«Բրյուսելում իսկապես սպասում են ԸՕ բարեփոխումների կայացմանը, որը լուրջ հույս ու էներգիա կհաղորդի ՀՀ-ԵՄ գործընթացին»
Հարցազրույց «Հայաստանի Եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նորանշանակ ղեկավար Դիոգո Պինտոյի հետ
– Պարոն Պինտո, Դուք վերջերս եք նշանակվել ՀԵԲ-ի ղեկավարի պաշտոնում, ուստի հետաքրքիր է իմանալ, թե որո՞նք են Ձեր ծրագրերը` որպես այս կազմակերպության նախագահ։ Ըստ Ձեզ` ո՞րն է լինելու Ձեր գլխավոր մարտահրավերը Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության հարաբերությունների այս դժվար փուլում։
– Թույլ տվեք այս հարցին պատասխանել` միավորելով ծրագրերն ու մարտահրավերները, քանի որ դրանք, բնականաբար, փոխկապակցված են։ Դուք ճիշտ նշեցիք, դժվար ժամանակներ են Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների համար։ Բայց տեղին է նաև նշել, որ եղել են ավելի բարդ ժամանակաշրջաններ, այսինքն` դժվարությունների տեսանկյունից եղել ենք գագաթնակետին, իսկ ներկայումս հասել ենք առավել դրական հանգրվանի։ Ե՛վ ՀՀ իշխանություններից, և՛ ԵՄ պաշտոնյաներից հավաստիացել եմ, որ ՀՀ-ԵՄ նոր իրավական շրջանակի ձևավորման բանակցությունները բավականին լավ ընթացքի մեջ են։ Սա ամենևին էլ չի նշանակում, որ համաձայնագիրը ստորագրվելու է հաջորդ շաբաթ։
Նման հարցերը ժամանակ են պահանջում։ Անկասկած, լինելու են խոչընդոտներ, որոնց հետ կողմերը պետք է առնչվեն, բայց ես նկատել եմ չափազանց դրական տրամադրվածություն երկու կողմում էլ, որը դրական ու մոտիվացնող է։ Կարևոր է հասկանալ նաև այն, թե որտեղից են գալիս մարտահրավերները։ Ե՛վ Հայաստանը, և՛ Եվրոպական միությունը բավականին ինտենսիվ ճգնաժամեր են ապրում, այս ճգնաժամերը տարբեր պատճառներ ունեն, կան տնտեսական խնդիրներ, որոնք հանգեցրել են այս իրավիճակին, կան սոցիալական խնդիրներ երկու կողմում էլ, կարևոր պահ է կողմերի համար, նրանք պետք է մտածեն ապագայի և այն մասին, թե ինչ պետք է փոխել սեփական ռազմավարություններում հաջողության հասնելու համար։
Կարծում եմ` ՀԵԲ-ը, որը փորձում է կամուրջներ կառուցել երկու կողմի միջև, չի կարող անտեսել, որ իրավիճակն այնպիսին է, ինչպիսին կա երկու կողմում։ Եկեք անկեղծ լինենք, Հայաստանն ընտրություններ ունի կատարելու, բավականին դժվար ընտրություններ։ Կար փուլ, երբ թվում էր, թե իրավիճակը բավականին սև ու սպիտակ էր, այսօր, բարեբախտաբար, մենք մի իրավիճակում ենք, երբ քննարկում ենք մոխրագույնի երանգները, սա ավելի դրական է, բայց դժվար ընտրությունները դեռ առջևում են, դրանք այդպիսին են, քանի որ կայացվում են ճգնաժամերի փուլում, որն էլ ավելի է բարդացնում գործընթացը։ Նույնը կարող եմ ԵՄ-ի մասին ասել։
Որևէ մեկը կասկած չունի, որ ԵՄ-ն ցանկանում է զարգացնել Հայաստանի հետ իր հարաբերությունները, բայց կրկին կան որոշումներ, որոնք պետք է կայացնել։ Ցանկանո՞ւմ է արդյոք Եվրոպական հանձնաժողովն առաջընթաց գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում` անտեսելով Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը, թե՞ ցանկանում է դա անել ոլորտներում, որոնք չեն վերաբերում այս անդամակցությանը։
Սրանք ընտրություններ են, որոնք պետք է կատարվեն Եվրոպական հանձնաժողովի կողմից։ Մյուս խնդիրն այն է, որ Եվրոպական միությունը բավականին բարդ «կենդանի» է, միայն բանակցողները չեն, որոնք ՀՀ իշխանությունների առջև կանգնած են և որոշումներ են կայացնում, խորհրդարանն իր հավանությունը պետք է տա, 28 անդամ երկրները պետք է իրենց հավանությունը ևս տան, և այս երկրներից յուրաքանչյուրն իր խնդիրներն ունի։ Այսինքն` սա շատ համակարգային, բարդ իրավիճակ է։
Որպես կազմակերպություն` մենք պետք է ապրենք և գործենք այս պայմաններում, պետք է խելացի լինենք։ Ես կասեի, որ մեր գլխավոր մարտահրավերը խելացի լինելն է, որպեսզի հստակեցնենք այն ճանապարհները, որոնք կապահովեն ՀՀ-ԵՄ հարաբերությունները` առանց հասնելու մի կետի, որտեղ ճնշումն այնքան մեծ է, որ ընդհատում է առաջանում, պետք է որոշակիացնենք այն ոլորտները, որտեղ համագործակցությունը կարող է ավելի արագ ընթանալ, արդյունքները կարող են կարճաժամկետ ապագայում տեսանելի դառնալ։ Սրանք փափուկ ոլորտներ կլինեն, ինչպես մշակութային փոխանակումները, մարդկային շփումները, բայց նաև չկորցնելով երկարաժամկետ հեռանկարի ուղենիշը, որը փոխակերպվող հարաբերություններն են, որտեղ ՀՀ հասարակությունը, պետությունը, ՀՀ ենթակառուցվածքները, ՀՀ օրենսդրությունը դրականորեն ազդված կլինեն ԵՄ փորձից, բայց միևնույն ժամանակ` ԵՄ-ն կշահի Հայաստանին աջակցելուց` դարձնելով ՀՀ-ն առավել հարուստ ու հաջողակ։
Ես իմ գործընկերներին, կազմակերպության խորհրդին ասել եմ, որ պետք է համբերատար լինենք, սա կարճ տարածության մրցավազք չէ, տեղին չէ խոսել հաջորդ շաբաթվա ընթացքում մեծ նպատակների իրագործման մասին։ Սա մի բան է, որտեղ մենք համբերատար, համառ պետք է լինենք, դա երկար ժամանակ կպահանջի։ Ես վստահ եմ, ես ունեմ բավարար էներգիա` սա հաջողության պատմություն դարձնելու համար։ Մեր ծրագրերն այս ուղղությամբ են։
Թույլ տվեք ավելի կոնկրետ լինեմ` մեր առաջնահերթությունը կլինի այս բանակցությունների հաջող ավարտը, մեզ համար կարևոր է նաև աշխատանքը վիզային ազատականացման շուրջ. սկզբից` վիզային դյուրացում, վիզային երկխոսություն, բայց մեր հիմնական նպատակը վիզային ազատականացումն է ՀՀ քաղաքացիների համար։ Սա ժամանակ է պահանջում, կան լուրջ խնդիրներ այստեղ, դրանք պետք է հաղթահարվեն, պետք է շատ աշխատանք կատարվի հենց Հայաստանում, որպեսզի հստակ լինի, որ սա հնարավոր կդառնա։ Բայց մենք վստահ ենք, որ դա հնարավոր է ու վաղ թե ուշ լինելու է, ավելի լավ է շուտ, քան ուշ, իհարկե, բայց սա պահանջում է բավականին մեծ նվիրվածություն երկու կողմերից, բայց այս դեպքում` մեծապես հայկական կողմից։ Մենք կփորձենք սա ապահովել։ Մենք կփորձենք նաև ներկայացնել Հայաստանը Եվրոպայում դրական կողմից։ Հայաստանի դեպքում շատ են հաջողակ և հիանալի պատմությունները։ «Դրական կողմից» ասելով` նկատի չունեմ, որ մենք ծածկելու ենք խնդիրները, պարզապես շատ են հիանալի ու գեղեցիկ պատմությունները Հայաստանից, ցանկանում ենք պատմել այդ պատմությունները, որոնցով եվրոպացիները կճանաչեն Հայաստանը։ Մենք փորձելու ենք մոտեցնել եվրոպացիներին Հայաստանին։ Մենք կփորձենք խոսել նաև Հայաստանի համար ավանդական թեմաների շուրջ` Հայոց ցեղասպանության ճանաչում, ԼՂ հակամարտություն։ Մենք ցանկանում ենք դա անել, Հայաստանի կողմից ենք անկասկած, բայց դա խելացիորեն ենք ցանկանում անել։
Ցանկանում ենք ամեն ինչ կապել իրար այնպես, որպեսզի եվրոպացիները դա հասկանան։ Եվրոպայում և Եվրոպայի մասին շատ բան կա, որ Հայաստանի մարդիկ չեն հասկանում։ Նույնը` հակառակ պարագայում։ Մենք պետք է աշխատենք կոմունիկացիայի ուղղությամբ։ Այսինքն` սա պատմության փոփոխություն չէ, այլ` այն պատմելու ձևի փոփոխություն, որպեսզի մարդիկ կարողանան առնչվել դրա հետ։ Կարող եմ օրինակ բերել` ամեն բան «Ավրորա» մրցանակաբաշխության մասին, իսկապես, գեղեցիկ եղանակ է Հայոց ցեղասպանության մասին պատմելիս։ Մենք ցանկանում ենք նման օրինակներ օգտագործել մեր աշխատանքում։ Երբ խոսում ենք ԼՂ հակամարտության մասին, կարևոր է, որպեսզի եվրոպացիները հասկանան, թե ինչպիսին է իրավիճակը, չնայած բանակցություններին ու իրավական հարցերին, իմ խնդիրն է` այնպես անել, որպեսզի Եվրոպայից մարդիկ հասկանան, թե ինչպիսի իրավիճակում են մարդիկ, ինչու են անկախություն ցանկանում, և ինչու պետք է անկախ լինեն։
– Երեք տարի առաջ Հայաստանը հայտարարեց Ռուսաստանի նախաձեռնած` Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշման մասին` այն դեպքում, երբ ավարտին էր հասցրել բանակցություններն Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի շուրջ։ Ի՞նչ խնդիրներ եք տեսնում այսօր։ Արդյո՞ք կողմերը քաղել են նախկին փորձից անհրաժեշտ դասերը։
– Հույս ունեմ, որ քաղել են։ Այսպիսի օրինակ բերեմ` ՀՀ-ԵՄ հարաբերությունները նման են սիրահար զույգի, որոնք սիրահարված են, պայքարում են ինչ-որ բաների համար, բաժանվում են, ապա, որոշ ժամանակ անց` հասկանում, որ դեռ սիրում են միմյանց։ Կարծում եմ` Հայաստանի ու Եվրոպական միության պատմությունը համարյա թե նույնն է, այսինքն` սերը միշտ առկա է, պարզապես առաջացել է հանգամանք, որի հետ երկու կողմերը չեն կարողացել համակերպվել, բայց կա կամք` ներկայումս հաղթահարել դա։ Իհարկե, կան խոչընդոտներ։ Պետք է մեկ բան հասկանանք, որ առաջին անգամն է, երբ ԵՄ-ն բանակցում է նմանատիպ համաձայնագիր մի երկրի հետ, որն այլ նմանատիպ միության անդամ է։ Ոչ մեկն այս պահին հստակ չգիտի` ինչպես վարվել։
Այս գործընթացում Հայաստանը պիոներ է։ Խոչընդոտները լինելու են, դրանք պետք է հաղթահարվեն։ Կա ցանկություն երկու կողմերում էլ` հաղթահարել այն բոլոր խոչընդոտները, որոնք կառաջանան։ Գուցե հենց սա էր բացակայում 2013թ., այս վճռական ցանկությունը։ Երեք տարի անց երկու կողմերը դասեր են քաղել, այսօր այդ բանակցություններն այլ կերպ առաջ կմղվեն։ Եկեք անկեղծ լինենք, կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, և մենք գիտենք, թե որոնք են այդ դժվարությունները։ Հայաստանի համար անվտանգության խնդիրն է կարևոր, երաշխիքներ են անհրաժեշտ, ԵՄ-ն դժկամությամբ է ներգրավվում գործընթացում, որտեղ պաշտոնական մասնակից չէ, այսինքն` սրանք բարդություններ են։
Բարդություններ կան, երբ խոսում ենք Հայաստանում օրենքի գերակայության մասին։ Քաղաքական կուսակցությունների միջև օրերս կնքված համաձայնությունն Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ իսկապես առաջընթացի քայլ է։ Ես վստահ եմ, որ Բրյուսելում մարդիկ իսկապես սպասում են այդ բարեփոխումների կայացմանը, և սա բավականին լուրջ հույս ու էներգիա կհաղորդի գործընթացին, քանի որ դա ցույց է տալիս, որ, երբ հայաստանյան քաղաքական կուսակցությունները ցանկանում են, կարող են համաձայնության գալ, և այս տրամաբանությունը կարող է օգտագործվել այլ ոլորտներում ևս, որտեղ խնդիրներ կան։ Սա հույս է ներշնչում, ես բավականին հուզված եմ, որ Երևանում եմ, երբ այս ամենը տեղի է ունենում։ Դժվարությունները կարող են հաղթահարվել, եթե կա անկեղծ կամք։
– Դուք նշեցիք Հայաստանի համար ամենակարևոր հանգամանքի` անվտանգության մասին։ Հետաքրքիր է` ի՞նչ կարող է ԵՄ-ն այստեղ Հայաստանին առաջարկել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ-ն անվտանգություն ապահովող կառույց չէ։ Այնուամենայնիվ, այս ուղղությամբ ի՞նչ աշխատանք կարող է տարվել։
– Ես, բնականաբար, ԵՄ-ի անունից չեմ կարող խոսել, ես այդ իրավունքը չունեմ։ Սա իսկապես բավականին զգայուն հարց է։ Գտնում եմ, որ ԵՄ-ն կարող է ապահովել վստահություն կառուցելու միջոցներ, որոնք անհրաժեշտ են այս փուլում։ Դուք ճիշտ ասացիք, ԵՄ-ն անվտանգության օպերատոր չէ, այդ ոլորտում խաղացող չէ։ ԵՄ-ում կան բանավեճեր` ԵՄ-ն պե՞տք է նման խաղացող դառնա, թե՞ ոչ։ Սա հետաքրքիր հարցադրում է, բայց ԵՄ-ն այսօր դա չէ։ Ես չեմ կարծում, որ ԵՄ-ն կարող էր լինել անվտանգություն ապահովող։ ԵՄ-ն բավականին լուրջ փորձ ունի Եվրոպայի հարևանության այլ տարածաշրջաններում այնպիսի հակամարտություններում, որոնք նման են ԼՂ հակամարտությանը։
Այս փորձը կարող է ծառայել ԼՂ հակամարտության դեպքում` մարդկային շփումներ, անկախության ճանաչում, ճանաչում, որ այդ մարդիկ ապրում են այնտեղ, ունեն իրավունքներ և ունեն անվտանգության կարիք, քանի որ անվտանգությունը կարևոր իրավունք է։ Ադրբեջանի դիրքորոշման դեպքում այս ամենը բարդ է անել։ Բայց, այնուամենայնիվ, ԵՄ-ն կարող է ավելին անել հումանիտար մակարդակում, ենթակառուցվածքային մակարդակում, կառույցների աջակցության մակարդակում։ Մենք հույս ունենք, որ ԵՄ-ն այս ոլորտներում պատասխանատվություն կստանձնի։
– Հայաստանում անհանգստություններ կան, որ այս անգամ ևս Հայաստանը չի ստորագրի համաձայնագիրը ԵՄ-ի հետ։ Ի՞նչ եք կարծում` Հայաստանն ազա՞տ է արդյոք ԵՄ-ի հետ բանակցություններում այսօր։
– Հայաստանն անկախ պետություն է, ունի կառավարություն, պետական կառույցներ, ես չեմ տեսնում պատճառ, թե ինչու բավարար ազատ չէ դա անելու համար։ Ես հասկանում եմ` ինչ նկատի ունեք, բայց չեմ կարծում, որ բանակցող որևէ կողմ փնտրում է կամ սպասում ինչ-որ երրորդ կողմի թույլտվություն համաձայնագիրն ավարտին հասցնելու համար։ Հայաստանը` որպես ԵՏՄ անդամ երկիր, պարտավորություններ ունի, ստանձնել է հանձնառություններ, բնականաբար, այդ հանձնառությունները պետք է հարգվեն։ Ես ենթադրում եմ, որ հայ բանակցողները, երբ ԵՄ-ի հետ բանակցում են, տեղյակ են այդ սահմանափակումների մասին և այդ մասին կտեղեկացնեն իրենց եվրոպացի գործընկերներին։ Բայց սա տեղի է ունենում ցանկացած բանակցության ժամանակ։ Շատ դժվար է գտնել իրավիճակ, որտեղ բանակցողները չունեն առաջնահերթ հանձնառություններ։ Դրանք, իհարկե, պետք է հարգվեն։ Այստեղ Հայաստանի ինքնիշխանության հարցը չէ, այստեղ խելացի բանակցության հարցն է, որը թույլ կտա ձևավորել ամենալավ ընդհանուր հիմքը։
– Ե՞րբ կողմերը կկարողանան վերջնականացնել համաձայնագիրը։
– Սա շատ դժվար հարց է։ Տարբեր մարդկանց հետ իմ խոսակցությունների ընթացքում տարբեր ժամանակացույցեր եմ լսել։ Բանակցություններում, որոնք սկսվել են անցյալ տարվա դեկտեմբեր ամսին, չկան վերջնաժամկետներ։ Ես կարող եմ իմ պատկերացումը ձեզ ներկայացնել։ Ոչինչ չի պատահի մինչև հաջորդ տարվա ամառը, բայց գուցե հնարավոր լինի ստորագրել ինչ-որ բան մինչ դա, ինչը կախված է նրանից, թե ինչ տեղի կունենա։ ԵՄ-ի կողմից գլխավոր խնդիրը բյուրոկրատիան է։ Հայաստանի դեպքում կան որոշ ելակետեր, որոնց մասին մենք պետք է տեղյակ լինենք։ Շատ կարևոր ընտրություններ կան առջևում մյուս տարվա գարնանը։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա, ես կարծում եմ, որ դա հույս կներշնչի, և ստորագրությունը հնարավոր կդառնա անմիջապես դրանից հետո։