Խաչատուրյանը Amazon-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման և դրանց կիրառման հեռանկարը

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՝ Amazon Web Services-ի (AWS) Եվրոպական Միության և ամբողջ Միջերկրածովյան Եվրոպայի հանրային քաղաքականության տնօրեն Ֆրանկո Սպիչարիելլոյի և Amazon-ի միջազգային հանրային քաղաքականության տնօրեն Դեյվիդ Ռոթի հետ։ Հայտնում են նախագահի աշխատակազմից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների զարգացման և դրանց կիրառման հեռանկարները Հայաստանի համար՝ ընդգծելով այս ոլորտի նշանակությունը տնտեսական աճի, նորարարական միջավայրի ձևավորման և մրցունակության բարձրացման գործում։ Նախագահը կարևորել է վերականգնվող էներգիայի ներուժի արդյունավետ օգտագործումը՝ նշելով, որ այն ոչ միայն կարևոր է էներգետիկ անվտանգության ամրապնդման և կայուն զարգացման համար, այլև կարող է դառնալ հուսալի ռեսուրս արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար։

Քննարկվել են նաև կիբերանվտանգության ուղղությամբ համագործակցության հնարավորությունները՝ որպես տեղեկատվական հասարակության կայունության և պետական կառավարման արդյունավետության առանցքային բաղադրիչ։ Կողմերը շեշտել են փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի և նորագույն գործիքների ներդրման անհրաժեշտությունը՝ կիբերանվտանգության բարձր մակարդակ ապահովելու նպատակով։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել AWS-ի շարունակական աջակցությունը Արհեստական բանականության (ԱԲ) վիրտուալ ինստիտուտի գործունեությանը։ Քննարկվել է նաև հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում ԱԲ-ի կիրառման համատեղ ծրագրի մշակման հեռանկարները, ինչը հնարավորություն կտա նոր մակարդակի բարձրացնել պետական կառավարման արդյունավետությունը և հիմնել նորարարական քաղաքական մշակույթ Հայաստանում»,- նշվում է հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս