Պարտվողն այս անգամ կշնորհավորի՞ ընտրություններում հաղթողին. քաղաքագետ
Ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության և իշխանության ձեռք բերած համաձայնությունը միանշանակ դրական է: Դա նշանակում է, որ առաջիկա ընտրություններում հասարակությունը կարող է ականատես լինել ընդդիմության ու իշխանության համագործակցությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը:
«Իհարկե, այս համաձայնությունը ուրախալի է ու դրական, սակայն ընտրություններին դեռ 7 ամիս կա, և դժվար է ասել, թե քաղաքական դաշտում ինչ տեղաշարժեր կլինեն: Ընտրությունների անցկացման գործընթացում մենք, արդյոք, կտեսնե՞նք յուրաքանչյուրի կողմից ընտրական օրենսգրքի տառի և ոգու պահպանումը: Եթե դա եղավ, ապա ընտրություններից հետո ընդդիմությունը իրավական հիմք չի ունենա արդյունքներն ու իշխանության լեգիտիմությունը հարցականի տակ դնել: Եթե արձանագրվեցին քայլեր, որոնք անընդունելի եղան ընդդիմության ու իշխանության կողմից, ապա մենք նորից ունենալու ե նք նույն պատկերը»,- ասաց Գարիկ Քեռյանը:
Քաղաքագետը նշեց, որ 1990 թվականից այս կողմ, բոլոր խորհրդարանական ու նախագահական ընտրությունների արդյունքները երբևէ չեն ճանաչվել ընդդիմության կողմից, երբևէ չի եղել դեպք, որ ընդդիմությունը շնորհավորի իշխանությանը: Մի երևույթ, որին ականտես եղանք Վրաստանում: Ամեն դեպքում, ըստ քաղաքագետի, նման քաղաքական մշակույթ մենք դեռ չունենք, եթե թեկուզ մեկ անգամ 25 տարվա մեր անկախության ընթացքում այդպիսի դեպք արձանագրվի, ապա դա կլինի բեկումնային:
«Քաղաքական ուժերի մասին դատում են ոչ թե խոսքով, այլ գործով: Մեկ բան է, երբ քաղաքական ուժերը, անհատները հանդես են գալիս հայտարարություններով, մեկ այլ բան, երբ գործի են անցնում: Քաղաքական ուժերը կարող են քաղաքական պայքարում դիմել տարբեր մեթոդների, բայց եթե դրանք անցնում են սահմանագիծն այնքանով, որքանով խախտվում է օրենքը, ապա այստեղ ժողովրդավարական ընտրությունների կամ իշխանության լեգիտիմության մասին խոսակցությունները դառնում են անիմաստ: Այսինքն` սպասենք տեսնենք գործը, առայժմ միայն խոսքն է»,- հավելեց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի 5 խմբակցություններ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը և ՀԱԿ-ը, սեպտեմբերի 13-ին ստորագրել են փոխհամաձայնության մասին հայտարարություն, որի համաձայն ընտրություններից հետո կհրապարակվեն ստորագրված ընտրական ցուցակները, ինչպես նաև բոլոր ընտրատեղամասերում կտեղադրվեն տեսախցիկն եր և ընտրական ողջ գործընթացը կտեսանկարահանվի: