«Բա ձեր կարծիքով՝ Սերժ Սարգսյանի նկարներն իրենց սենյակներում ինչո՞ւ են կախում». Նիկոլ Փաշինյան

«Պաշտոնյայի՝ պաշտոնից հեռացումը, բացատրել մի տողով, որ նա առողջական խնդիրներ ունի, առնվազն՝ հասկանալի չէ։ Նման դեպքերում պետք է ներկայացնես՝ ի՞նչ առողջական խնդիրներ ունի, որովհետև ատամի ցավն էլ է առողջական խնդիր։ Ատամը ցավում էր, դրա՞ համար հեռացավ։ Գ. Կոստանյանը մարդկանց ճակատագրերի հետ է գործ ունեցել, ու հանրությունը պետք է իմանա՝ իր պաշտոնավարման ընթացքում այդ պաշտոնյայի առողջական խնդիրը կարո՞ղ էր ազդել նրա ադեկվատության վրա, նրա կայացրած որոշումների վրա»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ այս մասին ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ պարզաբանումներ մինչ օրս չեն հնչել, ու մամուլում վարկածներ կան, որ Գևորգ Կոստանյանը պաշտոնանկ է արվել ՀՀ Պաշտպանության նախարարության (ՊՆ) մատակարարումների հետ կապված ինչ-որ պատմության կոնտեքստում.

«Իր՝ Գևորգ Կոստանյանի հետ կապ ունեցող ընկերությունները չափազանցված գներով մատակարարումներ են իրականացրել ՊՆ-ին, և աշխատանքից հեռացվել է, որովհետև այդ կոռուպցիոն եկամուտները հավասարաչափ չեն բաշխվել իշխանության վերնախավում, ինչ էլ հանգեցրել է պաշտոնանկության։ Հիմա հնարավո՞ր է արդյոք՝ Հայաստանում նման բան տեղի ունենա»,- ասաց Փաշինյանը։

Պատգամավորը նշեց՝ երկու օր առաջ մամուլում ապացույցներ եղան այն մասին, որ Հայաստանի Քննչական պետական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որդուն պատկանող ընկերությունը 2.5 միլիոն դոլարի մատակարարումներ է իրականացրել ՀՀ առողջապահության նախարարությանը, ընդ որում՝ 5-7 անգամ չափազանցված գներով.

«Այսինքն՝ Աղվան Հովսեփյանը նախկին գլխավոր դատախազ է, կարելի է ենթադրել, որ դատախազական պաշտոնն այսպիսի կոռուպցիոն եղանակներով փողեր աշխատելու բավականին լավ մեխանիզմ է։ Մինչդեռ Քննչական ծառայության վարույթում է գտնվում Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի գործը, ում 2013թ. գտել են կախված վիճակում։ Նախորդ օրերին իր գործատուները բացահայտ կերպով խմբակային այդ մարդուն ծեծել, նվաստացրել են, էական չէ՝ ինչ պատճառներով, հաջորդ օրն այդ մարդուն գտել են կախված, ու մինչև հիմա այդ գործով ոչ մի մարդ քրեական պատասխանատվության չի ենթարկվել։ Հիմա, եթե այս մարդու հարազատները մտնեն Արարատի մարզի Քննչական ծառայության շենքը գրավեն, պետք է ասեք՝ ահաբեկչություն է, չէ՞։ Սա կարող է լինել ահաբեկչություն՝ ընդդեմ ահաբեկչության»,- հայտարարեց Ն. Փաշինյանը։

Խոսելով ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի մասին, պատգամավորն ասաց, որ Գլխավոր դատախազի թեկնածուների հետ կապված մի առեղծված կա.

«Գլխավոր դատախազությունում շատ արագընթաց կարիերա են անում այն մարդիկ, ովքեր առնչություն են ունենում աղմկոտ ու հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող գործերին։ Արթուր Դավթյանը 2012թ. Հարսնաքարի գործով որպես մեղադրող դատախազ է մասնակցել։ Այս գործի կոնտեքստում հանրությանը հետաքրքրող ամենակարևոր հարցը այն էր, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանի մերձավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն առնչություն ունեցել է այս գործի հետ, արդյո՞ք հրահանգել է ծեծել։ Նախաքննությունը «բարեհաջող» ավարտվեց՝ պաշտոնական «բարեհաջող» պատասխանով, որ Ռուբեն Հայրապետյանը կապ չունի։ Արթուր Դավթյանը հենց այդ ժամանակ պաշտոնի բարձրացում ունեցավ. նշանակվեց Շենգավիթ վարչական շրջանի դատախազ։ Իսկ երբ այս գործի դատաքննությունն էր ավարտվում, որտեղ նա էլի ընդգրկված էր՝ որպես մեղադրող, ու էլի դատաքննությունը «բարեհաջող» ցույց տվեց, որ Ռուբեն Հայրապետյանը ոչ մի առնչություն չունի, Արթուր Դավթյանը նշանակվեց արդեն Երևան քաղաքի դատախազ։ Իսկ երբ Ռուբեն Հայրապետյանը 2015թ. օգոստոսին առևանգեց և ծեծի ենթարկեց «Էյր- Արմենիա» ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին, Արթուր Դավթյանը Երևան քաղաքի դատախազ էր ու ոչ մի բան չարեց, և հիմա դուք տեսնում եք, թե որտեղ է նա նստած»։

Փաշինյանը նկատեց՝ երբ Ա. Դավթյանին հարցնում են՝ Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածները կարելի է ապաքրեականացնել, նա դժվարանում է պատասխանել, բայց ըստ նրա՝ սպանությունը Հայաստանում ապաքրեականացված է.

«Եթե Սերժ Սարգսյանն ասում է՝ տղերք, գիտե՞ք՝ այս սպանությունն այդքան էլ քրեական սպանություն չի, ապաքրեական սպանություն է, ուրիշ ձևով լուծվող հարցեր են։ Բա ձեր կարծիքով՝ Սերժ Սարգսյանի նկարներն իրենց սենյակներում ինչո՞ւ են կախում. նրանք անընդհատ խոսում են, աշխատասենյակներում զեկուցում են, հարցնում են՝ այս սպանությունը քրեական հանցագործությո՞ւն է, թե՞ ոչ, և Սերժ Սարգսյանի նկարը նրանց բացատրում է համաշխարհային իրավակիրառ պրակտիկան»։

Տեսանյութեր

Լրահոս