«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակումը չի փոխի ՀԱՊԿ վերաբերմունքը Ղարաբաղի նկատմամբ». Վլադիմիր Եվսեև
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակմամբ ՀՀ-ն կարող է օգտվել որոշակի արտոնություններից»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական հարցերով փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի առաջիկա փոփոխությանը։ Հիշեցնենք, որ չնայած պաշտոնական հաստատումներ դեռ չկան, հայկական և ռուսական ԶԼՄ-ները շարունակում են պնդել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու է ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը։
Վլադիմիր Եվսեևը չի բացառում Սեյրան Օհանյանի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի ստանձնումը։ Նրա խոսքով, Սեյրան Օհանյանը փորձառու ռազմական գործիչ է, պատերազմի մասնակից ու կկարողանա ստանձնել այդ պատասխանատու պաշտոնը։ Հարցին, թե ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանն այս պաշտոնում հայ թեկնածուի նշանակումից հետո, Եվսեևը պատասխանեց, որ ՀԱՊԿ-ի նման կառույցներն ունեն իրենց կանոնադրությունը, ուստի ՀԱՊԿ պաշտոնյաներն առաջնորդվում են այդ կանոնադրությամբ։
«Քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակմամբ ՀԱՊԿ գործունեությունը, ՀԱՊԿ-ի վերաբերմունքը ԼՂ-ի նկատմամբ չի փոխվի։ Չեմ կարծում, որ հնարավոր ու ճիշտ է ՀԱՊԿ-ի միջամտությունը ԼՂ հակամարտությանն այդ պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակումից հետո, բազմիցս է հայտարարվել, որ ՀԱՊԿ-ը չի կարող միջամտել ԼՂ հակամարտությանը, ապահովել ԼՂ անվտանգությունը, քանի որ ՀԱՊԿ անդամ է միայն ՀՀ-ն, որն իր դեմ սպառնալիքի դեպքում կարող է դիմել ՀԱՊԿ-ին աջակցության խնդրանքով։ Սա է կարգը։ Կարծում եմ, սա պահպանվելու և չի փոխվելու՝ ով էլ որ լինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը»,- հստակեցրեց ռազմական փորձագետը։
Վերջինս հիշեցրեց նաև, որ ՀԱՊԿ-ում միասնական կարծիք չկա ԼՂ հակամարտության վերաբերյալ։
«Ղազախստանն ադրբեջանամետ դիրքորոշում ունի, Բելառուսի դիրքորոշումը միանշանակ չէ, ուստի այստեղ խոսել միայն գլխավոր քարտուղարի կամքի մասին, սխալ է, քանի որ չկա միակամություն ՀԱՊԿ-ում, և դա նոր խնդիր չէ, ՀԱՊԿ-ում տարբեր շահեր են շրջանառվում»,- պարզաբանեց Վլադիմիր Եվսեևը։ Վերջինիս կարծիքով, սակայն, այդ պաշտոնը ՀՀ ներկայացուցիչը կարող է օգտագործել՝ ի օգուտ Հայաստանի, բարձր ամբիոններից և ՀԱՊԿ երկրներում լսելի դարձնելով ՀՀ դիրքորոշումն անվտանգության հարցերում։ «Հայաստանն այնուամենայնիվ կկարողանա օգտվել որոշակի արտոնություններից՝ լինելով ՀԱՊԿ որոշումների կիզակետում և կայացնելով այդ որոշումները»,- ասաց Եվսեևը։
Տեղեկացնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու իրավունքը ռոտացիոն սկզբունքով փոխանցվում է կազմակերպության անդամ յուրաքանչյուր պետության։ Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող անձի անունը կհայտարարվի հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստի ժամանակ։