«Եթե ՀԱՊԿ-ն Ռուսաստանին տեսանելի ձեռքբերում չի տվել, ի՞նչ պետք է տա Հայաստանին». քաղաքագետ
«Ես դրանում ոչ մի նոր բան չեմ տեսնում. դա Ամրիկայի տեսակետն է, որը հետո ներկայացվեց՝ որպես մադրիդյան սկզբունքներ, որն էլ ապրեց մի քանի խմբագրություն՝ մինչև Սերժ Սարգսյանի ստորագրելը»,- 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ենթադրում է տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց, ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։
Նա ընդգծեց՝ եթե ՀՀ իշխանությունները չեն առարկում, ապա «ուորլիքները» պետք է պահանջներ ներկայացնեն, այդ թվում՝ տարածքների հանձնման վերաբերյալ. «Ուորլիքի պահանջը միայն հայկական կողմին է ուղղված, որովհետև ես երբևէ չեմ լսել, որ ՄԽ համանախագահներից որևէ մեկն ասի, թե ինչ պետք է հանձնի Ադրբեջանը»։
Նրա խոսքով՝ մեր հարևան Իրանը դեմ է ցանկացած երկրի կամ զորքերի հայտնվելուն՝ իր սահմաններին. «Քիուեսթյան բանակցություններից ՄԽ համանախագահները պայմանավորվել են ամեն քայլի մասին տեղյակ պահել Իրանին, գիտեմ նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանն էլ են տվել իրենց համաձայնությունը, ու այդ դրույթը մնացել է անփոփոխ։ Եթե անգամ Հայաստանն ու Ադրբեջանը թույլ տան իրենց տարածքում որևէ միջազգային զորքերի տեղաբաշխում, Իրանի «ոչ» ասելը բավական է, որ դա չկայանա։ Իրանը ոչ մեկին ոչ մի զիջում չի անում։ Եթե հիմա մենք ԱՄՆ-ի ծրագրով՝ տարածքներ զիջենք, Իրանն ու Ռուսաստանն էլ տարածքներ զիջելու իրենց ծրագիրը կառաջարկեն»։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե հնարավոր է՝ ՀԱՊԿ նոր քարտուղար դառնա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նա նշեց, որ, եթե անգամ այդպես լինի, որևէ ակնկալիք պետք չէ ունենալ.
«Կոնկրետ Ռուսաստանին Նիկոլայ Բորդյուժայի՝ գլխավոր քարտուղար լինելը ոչ մի բան չի տվել։ Այս ընթացքում շահող են եղել միայն Տաջիկստանի իշխանությունները. այն ժամանակ, երբ սրվել էր իրավիճակը, ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ստորաբաժանումներն օգնեցին Տաջիկստանի իշխանություններին՝ տապալել այդ ապստամբությունը։ Իսկ Ռուսաստանը դրանից ոչ մի բան չի շահել։ Հայաստանի ռազմաբազան, այստեղ սահմանապահ զորքերի պահելը ՀԱՊԿ-ի հետ կապ չունեն, երկկողմանի պայմանավորվածությունների հիման վրա են ձևավորվել։ Ռուսաստանին ՀԱՊԿ-ը, պրակտիկորեն, ոչինչ չի տվել։ Եթե ՀԱՊԿ-ը Ռուսաստանին տեսանելի ձեռքբերում չի տվել, ի՞նչ պետք է տա Հայաստանին։ Այս տարի Հայաստանը ՀԱՊԿ նախագահող երկիրն է, ու Հայաստանի նախագահն է փաստացի այն գլխավորում, բայց մենք չենք օգտագործում այդ կառույցը։ Մեր նախագահը ՀԱՊԿ օրակարգ որևէ հարց չի մտցրել։ Եթե հիմա դա չեն օգտագործում, ապա, եթե Սեյրան Օհանյանը դառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, կարո՞ղ է այն ժամանակ օգտագործեն»։
Ըստ նրա՝ Հայաստանի նախագահը ՀԱՊԿ-ի հնարավորությունները չի օգտագործում, որովհետև «սիրախաղի» մեջ է ՆԱՏՕ-ի հետ, որին ևս քաղաքագետը դեմ է. «Ես չեմ տեսնում պատճառ, թե ինչու մենք պետք է սերտորեն համագործակցենք ՆԱՏՕ-ի հետ, երբ մեր անմիջական հարևանն Իրանն է, որը գրեթե արհամարհում է ՆԱՏՕ-ի գոյությունը, ամերիկյան զինվորականների ներկայությունն Իրաքում ու Սիրիայում։ Թուրքիան, ՆԱՏՕ-ի երկիր լինելով հանդերձ, վախենում է Իրանից։ Ու այդ վիճակում Հայաստանը պետք է համագործակցի՞ ՆԱՏՕ-ի հետ։ Եթե մերձենանք Իրանի հետ, Թուրքիան կփախչի մեզանից. թուրքերը մի միլիմետր էլ չեն մոտենա, որովհետև կիմանան, որ պատասխանը կլինի իրանական կողմից, ռուսները չեն էլ հասցնի միջամտել»։