Եկել է աշխարհին ավելի ճիշտ նայելու ժամանակը

Մենք` հայերս, արդեն մոտ 100 տարի շատ ակտիվ շփվում ենք տարբեր ազգերի հետ ամենատարբեր մակարդակներում` կենցաղայինից մինչեւ քաղաքական, ռազմականից մինչեւ ազգակցական, տնտեսականից մինչեւ դիվանագիտական, որտեղ սկզբում ժողովրդական դիվանագիտություն էր, հետո նաեւ՝ իրականգ Իսկ այժմ այս ամենն արվում է պետական մակարդակով:

Մենք, սակայն, այդպես էլ մնացել ենք կենցաղային մակարդակով մտածողների մակարդակի վրա, քանի որ հենց այդ կաղապարներն են մեզ դաստիարակել եւ շարունակում են մնալ մեր ազգային ինքնագիտակցության ամենակարեւոր տարրերից մեկը: Մենք չունենք այնպիսի ինստիտուտներ եւ հասարակական կազմակերպություններ, որոնք դուրս եկած լինեին կրթված խավից: Երկրում իրականում գոյություն չունի քաղաքական ու պատմական միտք, հետեւաբար՝ գոյություն չունեն նաեւ կուսակցություններ:

Այս հոդվածով ես ուզում եմ հասարակությանն ասել, որ մենք պետք է բարձրանանք այլ ազգերին հասկանալու եւ վերլուծելու նոր մակարդակի: Եվ պետք է նրանցից ստանանք այն վերաբերմունքը, որն ակնկալում ենք: Սա հատկապես վերաբերում է այն ազգերին ու երկրներին, որոնց հետ մենք սերտորեն շփվում ենք` այնտեղ ունենալով ոչ միայն մեծ գաղթօջախներ, այլեւ պետական սահման ու հնարավոր բոլոր մակարդակներով կենսական կարեւոր շահեր:

Մենք այդ ազգերի հետ հարաբերություններում շատ ու շատ բաղկացուցիչներ չենք հասկանում: Մինչեւ վերջ չենք հասկանում նրանց պետական շահերն ու մեր նկատմամբ գործողությունները: Մեզ համար անհասկանալի է կամ կատակի ենք տալիս, երբեմն էլ ուզում ենք կոշտ պատասխաններ տալ: Այսպիսով հարցերի մի շարք է առաջանում, որոնք կապված են կենցաղային մակարդակի մեր աշխարհընկալման հետ` ավանդական, դաստիարակված տխրահռչակ «Հայ ժողովրդի պատմությամբ»: Բարդ հարաբերություններ են ծագում այդ երկրների ու ժողովուրդների հետ, անգամ մութ կետեր ու թաքնված հակամարտություններ (իսկ մեր պատմական ժառանգությունը չափազանց բարդ է) անգամ այն բանից հետո, երբ ստորագրվում են միջպետական դրական պայմանագրեր կամ համաձայնագրեր, հենց այն պատճառով, որ հասարակությանն անհայտ են մնում թե իրերի իրական դրությունը, թե մեր ու այդ ազգերի կամ պետությունների շահերը: Հաճախ նկատում եմ, որ այս կամ այն երկրի հետ հարաբերություններ հաստատելիս մեր առաջին դեմքերը նույնպես այնքան էլ չեն հասկանում, թե ինչ են անում (կամ թե ինչ պետք է անեն, կարելի է ասել, որ մենք պատմական փորձ բոլորովին չունենք): Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել բոլոր երեք նախագահների գործողություններից, երբ նրանց արտահայտությունները կամ գործողությունները դատարկ հնչյունների են վերածվել: Կամ ավելի վատ. այն դեպքում, երբ նրանք հավատացնում էին, թե ամեն ինչ լավ է, հակառակը, ավելի են խորացել վատ հարաբերությունները: Եվ մեղքը ոչ թե նրանց կողմից իրենց առջեւ դրված խնդիրները չհասկանալն է, այլ հենց ազգային ինքնագիտակցությունը, որտեղ ընկած է իրականության նրանց ընկալումը: Բազմիցս ասել եմ, որ մեր ազգային ինքնագիտակցության ամենամեծ թերությունն այն է, որ մենք ԻՐԱԿԱՆՈՒՄ չենք կարողանում տեսնել ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ:

Կարդացեք նաև

Սա մեր պետությունը քայքայող եւ փլուզող հիմնական թերությունն է: Այսինքն` մեր ազգային կոլեկտիվ երեւակայությունը էական թերություն ունի, ինչն էլ հանգեցրել է նրան, որ պետականությունը պահպանելու մեր բոլոր ջանքերը պսակվել են անհաջողությամբ: Թեեւ ժողովրդի կամքը նորանոր մայրաքաղաքներ է կառուցել, մեր միտքն ու իրականության վերակառուցումը խեղաթյուրված են եղել: Ազգի հսկայական կենսական ուժերը վատնվել են ոչ այն հարցերի եւ խնդիրների լուծման վրա, որոնք հիմնարար են եղել ազգի եւ պետության զարգացման համար: Սա շարունակվում է նաեւ այսօր: Մենք կարող ենք ընկնել բացասական վեկտորների ժամանակաշրջան, երբ միջազգային կոնյունկտուրան երես կթեքի մեզնից: Եվ այդ ժամանակ մեզ համար դժվար կլինի դիմանալ ընդդիմախոսների ճնշումներին:
Ինձ թվում է, որ իրականությունը շատ հաճախ խույս է տալիս մանր-մունր բաներից` ինչպես մարդկանցից, այնպես էլ նրանց առաջ քաշած պետական խնդիրներից: Մեր ազգային «անալիզն» ուղղորդված է դեպի գոյություն չունեցող ենթադրություններ ու երկրորդական փաստեր:

Իշխանություններն, ինչպես անցյալում, այնպես էլ հիմա (սա էլ հենց ազգային մտածելակերպի իներցիոն լինելու արդյունք է) չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, որ պետականության ամենակարեւոր հարցը մարդն է հասարակության մեջ, պետության օրինական դաշտում, նրա շահերն ու նրա ազատությունը: Այո, մենք բարդ եւ ինչ-որ բաներում տարօրինակություններ ունեցող ազգ ենք, սակայն այդպիսի ազգերը կառավարելի են. կարող եմ ասել, որ ֆրանսիացիները (նաեւ իտալացիները, լեհերը կամ գերմանացիները) իրենց էքսցենտրիկությամբ եւ անհատականությամբ դժվար ըմբռնելի են եւ դժվար կառավարելի: Սակայն իշխանական կառույցների կոշտությունն ու ժողովրդավարության հիմնարար օրենքների անառարկելի պահպանումը, ինչն էլ պետականության կարեւոր վեկտորն է, թույլ են տալիս մտածելու, որ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիանգ չեն հայտնվի անհետացման եզրին: Այնինչ մենք արդեն անցել ենք անհետացման այդ ուղին: Ավելին, մենք ցեղասպանություն ենք վերապրել, այսինքն` մենք կարող էինք իսպառ վերանալ իբրեւ ազգ:

Հրաշք է, որ մենք վերածնվում ենք: Ահա եւս մի օրինակ. վրացիները մեզ հիշում եւ նույնացնում են այն փախստականների հետ, որոնք ներկայիս Վրաստանի տարածքում հայտնվեցին 20-րդ դարի սկզբին: Նրանք Հայաստանի խնդիրներն ու հայերիս տեսնում են միայն վրացական ուժային դաշտում, երբ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մեր խնդիրները (իսկ ավելի լավ կլիներ, որ խնդիրներ ունենայինք նաեւ Ռուսաստանի եւ Իրանի հետ) թույլ կտան Վրաստանին անպատիժ անել այն ամենն, ինչ անում է նրա երեկվա եւ այսօրվա իշխանությունը: Ակնհայտ է, որ Վրաստանը տարածաշրջանային հարցերում չի կարող հավասարակշռված լինել: Իրերի նման դրությունը նրանք կցանկանային միշտ այդպիսին տեսնել: Նրանք չեն պատկերացնում, որ հնարավոր են զարգացման այլ սցենարներ, որտեղ իրենց շահերը կարող են վերածվել հանրահայտ վրացական կերուխումերի դատարկ թատերական ներկայացման: Այդ սցենարների համար անհրաժեշտ են մեր ինտելեկտուալ ջանքերը:

Այո, Հայաստանը չունի ոչ կոնցեպցիա, ոչ Վրաստանի, Իրանի կամ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների ըմբռնում: Մենք վատ ենք հասկանում եւ Ռուսաստանի դերը (տեսեք, թե ինչ ուժեր են միջնորդական ծառայություններ առաջարկում այդ եղբայրական ազգերի միջեւ), էլ չենք խոսում Եվրամիության կամ ԱՄՆ-ի մասին: Այո, կամ հարցեր, որտեղ ԱՄՆ-ը մեզ համար պակաս կարեւոր չէ, քան Ռուսաստանը: Եվ մենք պետք է այդ հնարավորությունն ունենանք` ինչպես ամենակարճ ժամանակում եւ ամբողջ ծավալով Սպիտակ տանը հասցնենք մեր ըմբռնումները: Մենք պետք է ֆունկցիոնալ խաղացողներ լինենք: Այդ ժամանակ արդիական հարց կծագի, թե ով պետք է ներկայացնի այդ շահերը: Մենք պետք է հասկանանք իրադրության ողջ լրջությունը:

Ազգի հսկայական ներուժի պայմաններում, որն այսօր բավականին մեծ կշիռ ունի ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ ավելի լայն` Հունաստանից մինչեւ Կենտրոնական Ասիա, Ռուսաստանից մինչեւ Իրան տարածաշրջանի աշխարհաքաղաքական դաշտում, մենք` իբրեւ պետություն, ընդամենը խղճուկ գոյություն ենք քարշ տալիս: Որտե՞ղ է մեր միասնական եւ շահավետ խաղը, թեեւ ես տեսնում եմ, թե ինչպես են շատ երկրներ մեր ձեռքերով իրենց խաղը խաղում:

Այսպիսի ավանդական ազգային աշխարհընկալմամբ մենք չենք կարող հասկանալ ոչ ռուսներին, ոչ ամերիկացիներին, ոչ ֆրանսիացիներին, քանզի վատ ենք պատկերացնում եւ վերլուծում իրականությունը: Այն արատավոր քարոզչությունը, որն այսօր ամբողջ թափով գործի է դրվել, թե այնտեղ հայտնի հայեր կան, այստեղ հայտնի հայեր կան, սրանց տատը կամ պապը հայ է եղել, Հայաստանին լիակատար կրախի առաջ կկանգնեցնի: Երկրի դերը վերածվում է աղքատ ազգականի դերի: Հայաստանն այսօր արդեն անհարմար չի զգում բոլորից ողորմություն խնդրելուց: Իսկ թե ինչի վրա է այդ ամենը ծախսվում, հայտնի է բոլորիս:

Սփյուռքը` ի դեմս դրական գործիչների, եւս պետք է հասկանա, որ իր դերը` իբրեւ պետականության կայացման գործում ակտիվ, մաքրող տարրի, չափազանց կարեւոր է:

Մյուս կողմից` սփյուռքում շատերը չեն հասկանում այն երկրի իրականությունը, որտեղ ապրում են, թեեւ աշխատում են կարեւոր իշխանական կառույցներում: Իսկ եթե հասկանում են, ապա ձեւակերպված չեն Հայաստանի խնդիրները: Եվրոպայից մի հայացք է, Ռուսաստանից` մի այլ, ԱՄՆ-ից` այլ, Կանադայից` լրիվ ուրիշգ Ազգի կողմից մշակված չեն կարեւորագույն հարցերն ու վեկտորները եւ Հայաստանի համար վեկտորների ուղղությունը մեր շահերի շրջանակում: Կարող եմ ամենավառ օրինակը բերել. Ադրբեջանի հետ բանակցությունների ամենասկզբում հարցադրումները Հայաստանի կողմից միանգամայն սխալ էին դրված եւ անգամ ինչ-որ չափով վնասակար էին: Ագրեսորը ոչ մեկի կողմից (եւ առաջին հերթին՝ մե՛ր) չդատապարտվեց:

Մենք նրա առաջ կապիտուլյացիայի հարց չբարձրացրինք, չդատապարտեց նրան եւ միջազգային հանրությունը: Մենք` հաղթողներս, նրա առջեւ խիստ պայմաններ չդրեցինք: Իսկ եթե Ադրբեջանը հաղթե՞ր եւ վերցնե՞ր Սյունիքը: Ի՞նչ էինք անելու: Եվ ի՞նչ էին ասելու այդ բոլոր բանակցողները: Թե՞ նրանց թվում է` մենք սովոր ենք տարածքներ հանձնելուն: Երեւի այդպես էին կարծում ադրբեջանցիները, երբ մեզ հետ պատերազմ սկսեցին: Այն ժամանակ` 90-ականների սկզբին, մենք պաշտպանվող կողմ էինք: Բայց մենք հաղթեցինք այն սահմաններում, որ այսօր կան, եւ ֆիքսեցինք մեր հաղթանակը: Մենք ոչ մեկին ոչինչ պարտք չենք:

Մինչեւ պատերազմ սկսելը նստիր մտածիր, եթե գլուխ ունես: Եվ այն հավասարակշռությունը, որ այսօր գոյություն ունի այս հակամարտության մեջ, ավելի շահավետ է Ադրբեջանին, քան թե Հայաստանին: Քանզի մենք դեռ պատմական պահանջներ ունենք, ամուր բանակ ունենք, իսկ նրանք չունեն: Առանց դրանց հայը չի կարող ազատվել ցեղասպանության սինդրոմից, որին մասնակցում էին Թուրքիան եւ նրա կամակատար Ադրբեջանը, կամ այլ կերպ ասած` մենք պետք է ազգովին ազատվենք ցեղասպանության սինդրոմից: Դեռեւս Ադրբեջանը բանակցություններ է վարում մեր դաշտում, այն դեպքում, երբ բանակցություններն աստիճանաբար ձեւափոխվում են հօգուտ մեզ եւ այնպիսի դիրք գրավում, որը կօգնի մեզ լիովին պաշտպանելու մեր շահերը:

Մենք պետք է հեռանանք այն կոնցեպցիայից, որը ժամանակին առաջարկվել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի կողմից: Այս բանակցային գործընթացում ժամանակի ռեսուրս դեռ կա, եւ հօգուտ մեզ փոփոխությունը հնարավոր է, ինչպես երբեք:

Ինչպիսի՞ երկիր ենք մենք ուզում կառուցել: Այսօր սա ամենակարեւոր հարցն է: Առանց սրա չկա եւ չի կարող լինել ոչ զարգացման ծրագիր, ոչ հասարակության ներսում արդարության համակարգված որոնում: Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա այն գործիքը, որը օդի պես անհրաժեշտ է բոլոր հայերին: Ինչպես երկրում, այնպես էլ սփյուռքում: Սա բոլորի համար նորմա պետք է լինի: Միայն այս դեպքում եւ խոշոր ֆինանսիստը, եւ արդյունաբերողը, եւ ուսանողն ու բանվորը կձգտեն օգնել երկրին` յուրաքանչյուրն՝ իր ուժերի չափով եւ առանց բարձր խոսքերի:

Ռուբեն Անգալադյան
«168 ԺԱՄ»
2010թ., Նոյեմբեր 13

Տեսանյութեր

Լրահոս