13-րդը
Եվ այսպես, Հայաստանի Հանրապետության 13-րդ վարչապետը՝ Հովիկ Աբրահամյանը, հրաժեշտ է տալիս պաշտոնին։
Իհարկե, լրագրողներն ու փորձագետները դեռ ժամանակ կունենան մանրամասն անդրադառնալու Հովիկ Աբրահամյանի 2.5 տարվա գործունեության արդյունքներին, հաջողություններին ու ձեռքբերումներին, բացթողումներին ու թերացումներին, համեմատականներ կանցկացնեն նրա ու նրանից առաջ արձանագրված ցուցանիշների միջև։
Այս պահին, եթե անկեղծ լինենք, ապա պետք է ասենք, որ Հովիկ Աբրահամյանի վարչապետությունը շատ անհարմար ժամանակ ստացվեց։ Նախ՝ իր նշանակման պահին նա արդեն իսկ ժառանգեց մեծ թվով խնդիրներ՝ արտաքին պարտքի հսկայական մակարդակ, շինարարության կանգ չառնող անկում, և այլն։ Նրա կառավարության գործունեության ժամանակահատվածը համընկավ արտաքին անբարենպաստ զարգացումների հետ։ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների սրացում, փոխադարձ պատժամիջոցներ, նավթի գների անկում, այս ամենի արդյունքում՝ կոնկրետ Հայաստանի համար դրամական փոխանցումների կրճատում, արտահանման նվազում, ներդրումների դանդաղում, և այլն։
Սակայն ամենամեծ խնդիրը, որ Հովիկ Աբրահամյանը ժառանգեց վարչապետ նշանակվելու պահին, հասարակական վստահության դեֆիցիտն էր իշխանության նկատմամբ։ Հիշենք, որ 2014-ի ապրիլին հանրապետության նախագահը նրա առջև դրեց ամենակարևոր խնդիրը՝ կառավարության նկատմամբ վստահության վերականգնումը։
Այսօր Հովիկ Աբրահամյանն անկեղծորեն ասում է, որ այդ խնդիրը չհաջողվեց լուծել։ Նա վստահության մասին չի նշում, սակայն նշում է հասարակության բևեռացվածության մասին։ Իսկ դրանք փոխկապակցված են. եթե լիներ այդ վստահությունը, հասարակությունն այսքան չէր բևեռացվի։
Իսկ կարո՞ղ էր նա վերականգնել այդ վստահությունը։ Ո՛չ։ Որովհետև վստահության հարցում միայն վարչապետի պաշտոնը շատ քիչ դեր է խաղում։ Խնդիրներն ավելի խորն են ու համակարգային։
Չնայած այս ամենին՝ ՀՀ 13-րդ վարչապետն անկեղծորեն փորձեց ի՛ր ձևով լուծել խնդիրները՝ ակադեմիական գործելաոճի փոխարեն՝ որդեգրելով մարդկային անմիջական շփման հմտությունները։ Նրան հաջողվեց անձնական հաղորդակցական ունակությունների, համոզելու ձիրքի շնորհիվ որոշ նախագծեր կյանքի կոչել։ Նրան հաջողվեց 2015 թվականը փակել 3% տնտեսական աճով, չնայած միջազգային գրեթե բոլոր կառույցների հոռետեսական կանխատեսումներին։ Այս տարվա համար նրա կառավարությունն ապահովել է կանխատեսվածից բարձր աճ։
Հովիկ Աբրահամյանը, բնականաբար, կցանկանար, որպեսզի Հայաստանում գրանցվեր երկնիշ տնտեսական աճ, ներդրումներն աճեին, մարդկանց եկամուտներն ավելանային, բոլորը գոհ ու երջանիկ ապրեին։ Միգուցե նա անկեղծորեն հավատում էր, որ դրան հնարավոր է հասնել ընթացիկ աշխատանքով՝ առանց խորքային խնդիրները լուծելու։ Սակայն այսօր նա խոստովանում է, որ անհրաժեշտ է նոր սկիզբ։
Իսկ եթե ավելի պատկերավոր արտահայտվենք, Հայաստանի վարչապետությունը նման է խարխուլ մեքենա վարող մարդու։ Մեկը լավ է վարում, մյուսը՝ փոքր-ինչ վատ։ Մեկը գրագետ վարորդ է, մյուսը՝ ճարպիկ։ Անցնում են մեկ-երկու կիլոմետր, կանգ առնում, բացում «կապոտը», յուղ ավելացնում, տեղից դուրս եկած խողովակն ամրացնում ու շարունակում ճանապարհը… Իսկ մեքենան մնում է նույնը։ Այն չի փոխվում։ Ու անկախ նրանից, թե ով կլինի վարորդը, այն մի օր կանգ կառնի ճանապարհի կեսին։ Ամենատարօրինակն այս ամենի մեջ այն է, որ մեքենայի մեջ նստած բոլոր ուղևորները հասկանում են, որ այն խարխուլ է, սակայն յուրաքանչյուրը ցանկանում է նստել ղեկին։
Մինչդեռ մեքենան է պետք փոխել։ Կամ գոնե՝ կապիտալ վերանորոգման ենթարկել։